Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ, բայց 2 մայրերն էլ ունեցել են ներարգանդային ինֆեկցիա. Ալթունյանը սեպսիսի դեպքերի մասին

6 հոկտեմբերի, 2017  14:57

Հուլիսի 10-ին սեպսիս ախտորոշմամբ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից «Մուրացան» հիվանդանոցային համալիր տեղափոխված երկու նորածինների դեպքում էլ ներհիվանդանոցային ինֆեկցիայի փաստ չի գրանցվել։ Այս մասին հոկտեմբերի 6–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

«Ինձ կարող են մեղադրել մասնագիտական գաղտնիք տարածելու մեջ, բայց երկու մայրերն էլ մինչ ծննդաբերությունը ունեցել են  ներարգանդային ինֆեկցիա, եւ երկու ծնունդն էլ գրանցվել է որպես վաղաժամ ծնունդ։ Այսինքն, եթե նույնիսկ բժիշկները նշանակել են ներարգանդային ինֆեկցիայի բուժում, ժամանակ չի եղել, որ բուժումն ավարտին հասցնեն։ Այդ իսկ պատճառով, ծնունդները ինֆեկցիոն են եղել։ Պետք է ասել, որ շնորհիվ բժիշկների, երկու դեպքում էլ ունեցանք դրական ավարտ, եւ երեխաները այսօր ողջ ու առողջ են»,- հայտնեց նախարարը։

Լեւոն Ալթունյանը նշեց, որ ներհիվանդանոցային ինֆեկցիայի հարցը Հայաստանում բավականին լուրջ է դրված։ Ըստ նրա, մենք չունենք մեծ քանակությամբ ներհիվանդանոցային ինֆեկցիաներ՝ շնորհիվ  հակաբիոտիկների լայնածավալ օգտագործման։

 «Այս ոլորտում մենք շատ ու շատ անելիքներ ունենք։ Այդ մասին մենք զրուցել ենք եւ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի ղեկավարության ու անձնակազմի, եւ ներկայումս ձեւավորվող տեսչական մարմնի ղեկավարության հետ», - հայտնեց նախարարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտից 2 ժամվա տարբերությամբ ծնված երեխաների ծնողները հայտարարել էին, որ նորածինները հիվանդանոցում արյան վարակ են ստացել: Երեխաները ծնվել էին կեսարյան հատման միջոցով, այնուհետեւ սեպսիս ախտորոշմամբ տեղափոխվել «Մուրացան» հիվանդանոց։

Ծնողները դիմել էին առողջապահության նախարարություն, որտեղ ստեղծվել էր մասնագիտական հանձնաժողով, որը եւ պարզել էր, որ ծննդկանները ներարգանդային ինֆեկցիա են ունեցել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ինչպե՞ս կարելի է իմանալ, որ մարդը ՄԻԱՎ-վարակ ունի:
1. ՄԻԱՎ-ով մարդը մշտապես հոգնածություն եւ քնկոտություն է զգում:
2. ՄԻԱՎ-ով մարդու մազերը ավելի վաղ են սպիտակում, քան մյուս մարդկանց դեպքում:
3. Եթե մարդու մոտ առկա է ՄԻԱՎ, դա նրա արտաքինից է երեւում:
4. ՄԻԱՎ-ի առկայության կամ բացակայության մասին կարելի է իմանալ միայն հատուկ անալիզ հանձնելուց հետո:
5. ՄԻԱՎ-ով տառապող մարդու մարմնին կապուտկները հեշտ են առաջանում: