• Latest news

Ճանաչեք հիվանդությունը․ սրտի իշեմիկ հիվանդություն

9 հոկտեմբերի, 2017  21:26

Որոշ հիվանդությունների մասին Դուք, ամենայն հավանականությամբ, կյանքում երբեք չեք լսի, եթե իհարկե Դուք բժիշկ չեք։ Բայց կան հիվանդություններ, որոնց յուրաքանչյուրը կարող է բախվել, ու նրանց մասին չիմանալ չի կարելի։

NEWS.am Medicine-ի նոր շարքում մենք ներկայացնում ենք հիվանդություններ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը, որպեսզի պատկերացում ունենա այն մասին, թե ինչ վտանգ են դրանք իրենցից ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից ու ինչ է պետք անել, եթե Դուք այնուամենայնիվ հիվանդացել եք։

Այսօրվա թեման սրտի իշեմիկ հիվանդությունն է։ Այդ հիվանդության մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու հարցում NEWS.am Medicine-ի թղթակցին օգնել է ԱՆ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը։

Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունը պաթոլոգիական վիճակ է, որի դեպքում կորոնարային զարկերակների ախտահարման պատճառով խախտվում է սրտամկանի արյան մատակարարումը։ Այլ կերպ ասած՝ սրտամկանն ավելի մեծ քանակության թթվածնի կարիք է ունենում,քան ստանում է արյան հետ։ Դրա պատճառը կարող են լինել աթերոսկլերոտիկ վահանիկները, որոնք աճելով կորոնարային զարկերակների ներքին պատյանի երկայնքով, նեղացնում են դրանց բացվածքը ու դժվարացնում արյան հոսքը դեպի սրտամկան։

ՍԻՀ-ն կարող է ունենալ սուր ընթացք ՝ միոկարդի ինֆարկտի ձեւով, նաեւ քրոնիկ ընթացք՝ ստենոկարդիայի պարբերական նոպաների նման։

 Տարածվածություն

Սրտի իշեմիկ հիվանդությունն այսօրվա դրությամբ համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկն ու մահացության, գործունակության ժամանակավոր ու կայուն կորստի ամենատարածված պատճառներից մեկը թե Հայաստանում, թե աշխարհի մյուս երկրներում։ Ամբողջ աշխարհում մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդություններն առաջին տեղն են զբաղեցնում ու դրանց մոտ 40 տոկոսը բաժին է հասնում ՍԻՀ-ը։

Ռիսկի գործոններ

Համլետ Հայրապետյանը նշեց , որ ՍԻՀ զարգացման գործոնները շատ են, ընդ որում դրանցից մի քանիսը կախված են մարդուց ու նրա կենսակերպից, իսկ մյուսները՝ ոչ։

Գործոններ, որոնք կախված չեն մարդուց

  • Սեռը (տղամարդիկ ավելի հաճախ են բախվում ՍԻՀ-ին, քան կանայք)
  • Ժառանգականություն

Գործոններ, որոնց վրա մարդը կարող է ազդել․

  • Ծխելը
  • Ավելորդ քաշը , ճարպակալումը
  • Խոլեստերինի բարձր մակարդակը
  • Հիպերտոնիան
  • Շաքարային դիաբետը
  • Վատ սնունդն ու անառողջ կենսակերպը

Ախտանշաններ

ՍԻՀ հիմնական ախտանշանները ներառում են․

  • Ցավ կրծոսկրի ետեւում, որը հաճախ տարածվում է դեպի ձախ ուս, նախաբազուկ, դաստակ, մեջք, վիզ, ներքեւի ծնոտ։
  • Ցավ, որը հաճախ է հայտվում ֆիզիկական կամ զգացմունքային ծանրաբեռնվածություններից հետո, իսկ հանգստի վիճակում ինքնուրույն դադարում է։ Սովորաբար այն տեւում է 30 վայրկյանից մինչեւ 5-15 րոպե։
  • Նիտրոգլիցերինի ընդունումից հետո բոլոր տհաճ զգացողություններն արագ անցնում են (10-15 վայրկյանում)

Պետք է նշել, որ ՍԻՀ-ն, որպես կանոն, զարգանում է բավականին դանդաղորեն, ու սկզբնական փուլերում գրեթե չի դրսեւորում իրեն։ Այդուհանդերձ, հիվանդության արդյունավետ հսկողության համար շատ կարեւոր է այն հնարավորինս շուտ հայտնաբերել։

Բուժում

ՍԻՀ բուժումը ուղղված է սրտամկանի արյան նորմալ մատակարարման վերականգնմանը ու հիվանդների կյանքի որակի բարելավմանը։ Ժամանակակից բժշկությունն առաջարկում է բուժման տարբեր մեթոդներ՝ կախված հիվանդի վիճակից։ Որոշ դեպքերում կարող է ցուցված լինել թերապեւտիկ բուժում, իսկ մյուս դեպքերում՝ վիրահատական՝ ստենտավորում, աորտո- կորոնար շունտավորում, սրտամկանի տրանսմիոկարդիալ լազերային ռեվասկուլրարիզացիա եւ այլն։

Որպես վերջաբան

ՍԻՀ-ը շատ տարածված հիվանդություն է, ամբողջ աշխարհում մահացության առաջատար պատճառներից մեկը։ Դրա առաջացումը կանխելն ավելի հեշտ է, քան կարող է թվալ առաջին հայացքից՝ եթե առողջ կենսակերպ վարեք, շատ շարժվեք, քաշը նորմայի սահմաններում պահեք ու չծխեք, սրտի ու անոթների հետ խնդիրների հավանականությունը նվազագույնի կհասցնեք։ Իսկ եթե հիվանդությունն արդեն առկա է, ցանկալի է այն հնարավորինս շուտ ախտորոշել՝ այդ դեպքում հիվանդը կունենա երկարատեւ ու լիարժեք կյանք ապրելու բոլոր շանսերը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել