• Latest news

Ավստրիացի վիրաբույժը երեւանյան կլինիկայում էնդարտերէկտոմիա է կատարել (ֆոտո)

18 ապրիլի, 2014  19:22

Անոթային վիրաբույժ Թոմաս Հոլցենբեյնը (Thomas Holzenbein) Ավստրիայից Երեւանի թիվ 1 համալսարանական կլինիկայում էնդարտերէկտոմիա է կատարել՝ քնային զարկերակից աթերոսկլերոտիկ վահանիկների հեռացման վիրահատություն:

Հիվանդ կինը տառապում էր մուլտիֆոկալ աթերոսկլերոզով, այսինքն մի քանի անոթային ավազանների աթերոսկլերոտիկ ախտահարումով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց անոթային վիրաբույժ, դոցենտ Ալեքսանդր Արամյանը:

«Մի քանի տարի առաջ հիվանդը սրտի վրա վիրահատություն է տարել եւ ստենտավորում, տարել է ինսուլտ: Հիմա հիվանդը ունի մի կողմից 70% նեղացում արտաքին քնային զարկերակի, ներսային քնային զարկերակի, իսկ մյուս կողմից՝ 50%-անոց: Որպեսզի մենք կարողանանք խուսափել հետագա բարդությունուններից, ինսուլտից, հիվանդին կկատարվի կկատարվի այդ նեղացած զարկերակի այսպես կոչված էնդարտերէկտոմիա՝ երբ զարկերակից հեռացվում է պատի հաստացած շերտը: Այս վիրահատությունը կլավացնի հիվանդի գլխուղեղի արյան շրջանառությունը»,- վիրահատությունից առաջ բացատրեց Ալեքսանդր Արամյանը:

«Վիրահատությունը կկատարվի տեղային անզգայացմամբ, այդ իսկ պատճառով առաջին քայլը հիվանդին ցավազրկելն է: Այնուհետեւ մենք կսկսենք վիրահատությունը ահա այստեղ, նրա պարանոցի վրա,- ասաց Թոմաս Հոլցենբեյնը NEWS.am Medicine-ի թղթակցին նախքան վիրահատությունը սկսելը: - Մենք պարանոցի վրա կտրվածք կկատարենք, կգտնենք նեղացած քնային զարկերակը, կհատենք այն եւ կհեռացնենք աթերոսկլերոտիկ վահանիկը, որը հանդիսանում է հիվանդի խնդիրների պատճառը»:

Ինչպես բացատրեց վիրաբույժը՝ վիրահատությունը բավականին վտանգավոր է համարվում, եւ այն տեղային անզգայացմամբ է կատարվում ՝ վիրահատության ընթացքում հիվանդի ուղեղի վիճակը վերահսկելու նպատակով:

Վիրահատությունը տեւեց մոտ 40 րոպե, եւ վիրաբույժը հիվանդի քներակից հեռացրեց բավականին մեծ աթերոսկլերոտիկ վահանիկ:

«Զարկերակը խիստ նեղացած էր, նրա հյուսվածքները շատ փափուկ էին եւ պոկվելով հեշտությամբ կարող էին ներթափանցել գլխուղեղ: Վիրահատությունը միակ ելքն էր այս կնոջ համար»,- ասաց մեզ վիրաբույժը վիրահատարանից դուրս գալով:

Նշենք որ սա Թոմաս Հոլցենբեյնի առաջին վիրահատությունն էր Հայաստանում, սակայն վիրաբույժը նշեց, որ հաճախ է վիրահատություններ կատարում տարբեր երկրներում: Հայ բժիշկների հետ համագործակցությունը նրան դուր է եկել: «Անհրաժեշտ է միայն լեզվին ընտելանալ»,- ասաց նա ժպիտով:

Նման աթերոսկլերոտիկ վահանիկները շատ վտանգավոր են եւ պոկվելով կարող են անցնել գլխուղեղ եւ հիվանդի մահվան պատճառ դառնալ: Թոմաս Հոլցենբեյնը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ նմանատիպ խնդիրներ հիմնականում առաջանում են այն մարդկանց մոտ, ովքեր ծխում են, տառապում են գերճնշումով եւ ունեն շաքարի եւ խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է