• Latest news

Մասնագետ. ՄՊՎ-ի դեմ պատվաստումը Հայաստանում կիրառում են արդեն 10 տարի

23 նոյեմբերի, 2017  18:09

ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութերը՝ Գարդասիլն ու Ցերվարիքսը Հայաստանում գրանցված են եւ կիրառվում են արդեն 10 տարի: Այս տարիների ընթացքում օգտագործվել է այդ  պատվաստանյութի  մոտ 2000 չափաբաժին, եւ ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն չի արձանագրվել, հավաստում է հանրային առողջապահության մասնագետ Արսեն Թորոսյանը:

Ըստ նրա՝ այս 10 տարիների ընթացքում կանայք ՄՊՎ-ի դեմ պատվաստվել են բժիշկների խորհրդով: Օրինակ՝ պատվաստանյութը կարող էին խորհուրդ տալ կնոջը, ում մոտ հայտնաբերվել է վիրուսի ուրիշ շտամ. պատվաստումը կարող էր կոնցեռոգեն շտամներով վարակվելուց պաշտպանել նրան: Արսեն Թորոսյանի խոսքով՝ այսպես, թե այնպես ոչ մի լուրջ կողմնակի ազդեցություն, ինչպիսիք են  մահը կամ անպտղությունը, այդ ժամանակվա ընթացքում չի արձանագրվել:Եղել են հիմնականում աննշան կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են  ներարկման հատվածում ցավը  կամ գլխացավը:

Արսեն Թորոսյանը նաեւ նշել է, որ պատվաստումը համարվում է ամենաանվտանգ բժշկական պրոցեդուրաներից մեկը. պատվաստանյութերը թեստավորվում են առավել մանրակրկիտ, քան այլ պատրաստուքների մեծ մասը, քանի որ դրանք ներարկվում են հսկայական  թվով մարդկանց, եւ եթե անվտանգ չլինեն, դրանց օգտագործումը կարող է լուրջ աղետի հանգեցնել:

Իհարկե, պատվաստանյութերը, ինչպես ցանկացած այլ դեղամիջոց, կարող են ունենալ կողմնակի ազդեցություն: Դրանցից առավել ծանր համարվում է անաֆիլակտիկ շոկը: Գարդասիլի դեպքում այդ խնդրին 1,7 միլիոն պատվաստված մարդուց 1-ն է հանդիպում: Սակայն անաֆիլակտիկ շոկ պացիենտի մոտ կարող է առաջանալ նաեւ ի պատասխան ցանկացած այլ դեղամիջոցի, օրինակ՝ հակաբիոտիկի: Եւ դա ամենեւին չի նշանակի, որ հակաբիոտիկները չարիք են ու դրանցից անհարժեշտ է հրաժարվել:

Ինչ վերաբերում է կողմնակի այլ ազդեցություններին, Գարդասիլի օգտագործման դեպքում առավել հաճախ հանդիպում են գլխացավեր, ձեռքի ցավեր, ուշաթափություններ (հաճախ ներարկումից առաջ վախից):

Բայց, ինչպես նշել է Արսեն Թորոսյանը, պատվաստման պատճառով մահվան կամ անպտղության ոչ մի ապացուցված դեպք չի եղել:

«Ինչպե՞ս կարող է պատվաստումը անպտղություն առաջացնել, եթե նույնիսկ այն հիվանդությունը, որի դեմ այն ուղղված է, չի կարող անպտղություն առաջացնել»,- հարցրել է Արսեն Թորոսյանը:

Նա հավելել է, որ պատվաստումների կողմնակի ազդեցությունների մասին տեղեկատվությանը, որը ներկայացված է VAERS կայքում, ցանկալի է զգուշավորությամբ վերաբերվել: Այո, այնտեղ իսկապես պատվաստումից հետո առաջացած խնդիրների բազմաթիվ  դեպքերի մասին է հաղորդվում, սակայն «հետո» չի նշանակում «հետեւանքով»: Այսպես, այդ կայքում արձանագրված են նաեւ վթարներից կամ դժբախտ պատահարներից պացիենտների մահվան դեպքեր, որոնք տեղի են ունեցել պատվաստումից որոշ ժամանակ հետո: Սակայն ակնհայտ է, որ հենց պատվաստման հետ այդ դեպքերը ոչ մի ընդհանրություն չունեն:

Արսեն Թորոսյանն ինքը, իր խոսքով, ծրագրում է պատվաստել իր դստերը իննավալենտ պատվաստանյութով, որպեսզի աղջիկը պաշտպանված լինի ՄՊՎ մեծ թվով շտամներից:

Հիշեցնենք, որ ՄՊՎ-ի դեմ պատվաստումը նախատեսվում է Հայաստանում ներդնել դեկտեմբերին: Դրա նպատակը արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելումն է, ինչն ամեն տարի Հայաստանում ախտորոշվում է շուրջ 300 կանանց մոտ:

Համացանցում որոշ մարդիկ պնդում են, որ հայ աղջիկների համար պատվաստումը վտանգավոր է, առողջապահության համակարգի ներկայացուցիչներն էլ հերքում են դա եւ հավաստում, որ իրենց աղջիկներն ու թոռնուհիներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այդ պատվաստանյութի անվտանգությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է