Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրների կեսի մոտ հիվանդությունը հայտնաբերվել է  ուշ փուլերում: Այս մասին  լրագրողների հետ  հանդիպմանը  հայտնեց  Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ շատ հաճախ այդ հիվանդները բժշկի են դիմում այլ գանգատներով, իսկ  արդեն հետազոտության ընթացքում հայտնաբերում է նաեւ ՄԻԱՎ:

Նրա խոսքով՝ ՄԻԱՎ-ի ուշ ախտորոշումը Հայաստանում հիմնական խնդիրներից մեկն է: ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշումը եւ հակառետրովիրուսային թերապիայի ժամանակին իրականացումը  ՄԻԱՎ վարակակիրներին  հնարավորություն է տալիս նորմալ կյանք վարելու, իսկ նրանց մոտ կյանքի միջին տեւողություն է գրանցվում: Ավելին, եթե բուժումը հաջող է ընթանում, նրանք այլ մարդկանց չեն վարակում:

Եթե ՄԻԱՎ–ը  ուշ  է հայտնաբերվում, վիրուսը ախտահարում է պացիենտի  օրգանիզմը, եւ նա էլ, իր հերթին, վարակում է այլ մարդկանց:

«Մեր երկրում ՄԻԱՎ-ը հաճախ ախտորոշվում է բժշկի նախաձեռնությամբ, ով ինքն է առաջարկում պացիենտին հետազոտվել: Բայց մենք պետք է ձգտենք հասնել նրան, որ պացիենտները իրենց նախաձեռնությամբ անցնեն հետազոտություն, այդ դեպքում հնարավոր կլինի հիվանդության վաղ հայտնաբերումը», - նշել է փորձագետը:

ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ միայն 2016 թվականին 165 պացիենտների մոտ ախտորոշվել է  ՁԻԱՀ, իսկ 1988 թվականից մինչ օրս գրանցվել է այդպիսի 1452  դեպք (նրանց թվում՝ 364 կին, 28 երեխա): 1988 թվականից մինչ օրս ՁԻԱՀ-ի հետեւանքով մահացել են 642  մարդ, որոնց թվում՝ 111 կին եւ 10 երեխա: