• Latest news

Յոդի անբավարարություն. արդյո՞ք դուք ռիսկի խմբում եք

29 ապրիլի, 2014  16:49

Յոդը օրգանիզմի նորմալ գործունեության համար անհրաժեշտ կարեւորագույն միկրոտարրերից մեկն է: Յոդը ոչ միայն ապահովում է վահանաձեւ գեղձի բնականոն աշխատանքը՝ որի հորմոններն ազդում են ուղեղի աշխատանքի եւ իմունային համակարգի վրա, այլեւ ազդում է ինտելեկտի մակարդակի վրա:

Օրգանիզմում յոդի անբավարարությունը կարող է բազմաթիվ հորմոնային եւ սրտանոթային հիվանդությունների պատճառ դառնալ եւ մի շարք հիվանդություններ առաջացնել:

Ո՞վ է ավելի զգայուն յոդի անբավարարության հանդեպ: Այս հարցին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդվարդ Թորոմանյանը:

Պարզվում է յոդի անբավարարության հանդեպ ավելի զգայուն են հետեւյալ մարդկանց խմբերը.

6-12 տարեկան երեխաներ

Այս շրջանում երեխայի օրգանիզմն աճում է, եւ նորմալ զարգացման համար նրան յոդ է անհրաժեշտ: Յոդի անբավարարությունից երեխաների մոտ կարող են զարգանալ մտավոր հետամնացություն եւ աճի ու զարգացման դանդաղում:

Հղի կանայք

Ռիսկի հաջորդ խումբը հղի կանայք են, որոնց օրգանիզմը այդ շրջանում լուրջ փորձությունների է ենթարկվում: Քանի որ պտղի մոտ 16-17-րդ շաբաթից սկսած արդեն գործում է վահանաձեւ գեղձը, այն վերցնում է յոդը մոր օրգանիզմից, որին այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կրկնակի շատացնել յոդի օգտագործումը: Հղի կնոջ մոտ յոդի պակասը կարող է հղիության ընդհատման, մեռելածնության եւ պտղի բնածին արատների պատճառ հանդիսանալ: Դրա համար հղի կանանց հաճախ յոդի պարունակությամբ հատուկ դեղամիջոցներ են նշանակում:

«90-ական թվականների կեսերին, մենք UNISEF-ի հետ միասին հետազոտություն կատարեցինք երկրի տարբեր մարզերի կանանց խորհրդատվության կենտրոններում եւ դպրոցներում եւ հայտնաբերեցինք, որ հղիների 50%-ի եւ երեխաների 40%-ի մոտ յոդի անբավարարություն կա: Դրանից հետո մեր աղի գործարանը վերանորոգվեց, Իտալիայից յոդի հավելում բերվեց, եւ մենք սկսեցինք յոդացնել աղը: 97-98-ական թվականներից սկսած կերակրի աղը Հայաստանում յոդացվում է: Սակայն դա խնդիրը լուծելու համար բավարար չէ»,- ասաց Հայաստանի գլխավոր էնդոկրինոլոգը:

Գյուղերի բնակիչներ

Հետաքրքիր է նաեւ այն, որ գյուղերի բնակիչները ավելի շատ են տառապում յոդի անբավարարությունով, քան քաղաքի բնակիչները: Էդվարդ Թորոմանյանը դա բացատրում է նրանով, որ քաղաքներում մարդիկ ավելի շատ պատրաստի սնունդ են ուտում, որը հաճախ յոդացված է լինում: Գյուղերում մարդիկ հիմնականում բնական սնունդ են ուտում, որի մեջ յոդը բացակայում է, քանի որ Հայաստանում եվ մի շարք երկրներում յոդը բացակայում է ջրի եւ հողի մեջ:

Կանայք 40-ից հետո

Դաշտանադադարի շրջանում հորմոնային փոփոխությունների պատճառով կանայք քառասունից հետո զգայուն են յոդի անբավարարության հանդեպ: Այդ իսկ պատճառով, եթե նրանք նույնիսկ որեւէ գանգատ չունեն, բժիշկները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ կանխարգելման նպատակով վահանաձեւ գեղձի ուլտրաձայնային հետազոտություն կատարել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել