• Latest news

Եթե ես ծխախոտային արդյունաբերության գործակալ լինեի, ես ամեն ինչ այնպես կանեի, ինչպես հիմա անում են. Դավիթ Պետրոսյան

22 մարտի, 2018  16:53

Նախքան հասարակական վայրերում ծխելու արգելքի եւ այն խախտելու համար ահռելի տուգանքների մասին օրինագծի առաջքաշումը անհրաժեշտ էր Հայաստանի բնակչության հետ ակտիվ աշխատել, որպեսզի մարդիկ, հասկանալով, թե իրենց համար որքան կարեւոր է մաքուր օդը, հենց իրենք ցանկանային այս օրենքի ներդրումը: Իսկ ահա այդ օրինագծի առաջքաշման ներկայիս ոճը դրա դեմ շատերի մոտ բացասական վերաբերմունք է առաջացնում, պնդում է հասարակական առողջապահության հարցերի մասնագետ Դավիթ Պետրոսյանը:

«Եթե ես ծխախոտային արդյունաբերության գործակալ լինեի, ես ամեն ինչ հենց այնպես կանեի, ինչպես հիմա այստեղ անում են: Առանց բնակչության հետ նախնական աշխատանքի, իմանալով, որ տղամարդկանց 50 տոկոսը ծխում է, եւ որ դա նրանց դուր չի գա, ես  նախագիծ առաջ կքաշեի, որում ահռելի տուգանքներ կլինեին, որպեսզի բողոքի ալիք բարձրանա, եւ օրինագիծը չընդունեն,- ասաց Դավիթ Պետրոսյանը: - Եթե ես չսիրեի մարդկանց եւ ցանկանայի, որ նրանք ավելի շատ ծխեն, ես հենց այդպես էլ կվարվեի»:

Նրա խոսքով՝ ցանկալի է չթույլատրված վայրերում ծխելու տուգանքների չափերը վերանայել. նույնիսկ եթե մարդը 5 հազար դրամով տուգանվի, հաջորդ անգամ չի ծխի, քանի որ նա այդ գումարը կափսոսի: Ներկայիս տուգանքների չափերը, որոնք սկսվում են 250 հազար դրամից, Պետրոսյանը ֆիզիկական անձանց համար չափազանց մեծ է համարում: Իսկ ահա իրավաբանական անձանց համար տուգանքները, նրա կարծիքով, արդեն պետք է խոշոր լինեն, որպեսզի տերերն ուշադիր հետեւեն, թե իրենց հաստատությունում ինչ է կատարվում, այլ ոչ թե թույլ տան ծխել իրենց պատկանող փակ հաստատություններում:

Բացի այդ, Դավիթ Պետրոսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է բնակչության հետ ակտիվ աշխատանքին զուգահեռ նաեւ առողջ կենսակերպի քարոզչություն կատարել, որը պետք է սկսվի դպրոցից եւ մանկապարտեզից: Եթե մարդիկ ավելի լավ հասկանան, թե ինչու է հասարակական վայրերում ծխելու արգելքն իրենց շահերից բխում, նրանք կդադարեն պաշտպանել ծխողների, այսպես ասած, իրավունքները:

«Ծխողները ոչ մի իրավունք չունեն: Ոչ մի տեղ ծխողների իրավունքների մասին գրված չէ: Սակայն դուք մաքուր օդ շնչելու իրավունք ունեք»,- նշեց մասնագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է սահմանել հետեւյալ տուգանքները: Նախագծի համաձայն՝ ուղեւորատար տրանսպորտի վարորդները փոխադրամիջոցում ծխելու համար կտուգանվեն 50 հազար դրամով, իսկ հասարակական վայրերում եւ փակ հաստատություններում ծխելու արգելքի խախտման համար նախատեսվում է տուգանել 250 հազար դրամով: Երեք ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ 500 հազար դրամով: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց, փակ հաստատություններում ծխելու արգելքին չհետեւելու համար ղեկավարները կտուգանվեն 500 հազար դրամով: Երեք ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկրկնապատկվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է