«Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարման եզրին է, ինչը կարող է մի շարք լուրջ խնդիրների հանգեցնել. Սիսիանի եւ 35 բնակավայրի 26 000 բնակիչները, որոնց սպասարկում էր այս բուժկենտրոնը, կարող են մնալ առանց հասանելի բուժօգնության, 158 բուժաշխատողները (այդ թվում 30-ից ավելի բժիշկ)՝ առանց աշխատանքի եւ նույնիսկ առանց վերջնահաշվարկի:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում բուժկենտրոնի տնօրեն Անուշ Ներսիսյանը նշել է, որ «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարվում է համաձայն ՀՀ կառավարության 2018թ.-ի ապրիլի 12 N 464–Ա որոշման:
Ըստ նույն որոշման, Սիսիանի եւ մոտակա բնակավայրերի բնակիչների սպասարկումը կիրականացվի «Զանգեզուրի կայազորային հոսպիտալում», որը գտնվում է Աղիտու գյուղում՝ Սիսիանից մոտ 7 կմ հեռավորության վրա: Սակայն, տնօրենի պնդմամբ, Սիսիանի բուժկենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունների մեծամասնությունը Զանգեզուրի հոսպիտալում բացակայում է: Ճիշտ է, ասում են, որ այդ ծառայությունները նախատեսված է ստեղծել, բայց հասկանալի չէ, թե երբ եւ ինչպես: Հասկանալի չէ նաեւ, թե Սիսիանի բուժկենտրոնի աշխատակիցներից քանիսին Զանգեզուրի հոսպիտալում աշխատանքի կվերցնեն:
Աշխարհագրական տեսանկյունից Զանգեզուրի հոսպիտալը հասանելի չէ Սիսիանի կամ մոտակա բնակավայրերի բնակիչներին, չկա նաեւ հարակից բնակավայրերը Աղիտու գյուղին կապող հասարակական տրանսպորտ:
Ինչպես նշեց Անուշ Ներսիսյանը, ըստ վերոհիշյալ որոշման, Սիսիանի բուժկենտրոնի գույքը պետք է հանձնել պաշտպանության նախարարությանը, սակայն դա հակասում է փակ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքին, որն իրավաբանական ավելի մեծ ուժ ունի, քան կառավարության որոշումը:
«Ես չեմ կարող գույքը հանձնել պաշտպանության նախարարությանը, քանի որ եթե բուժկենտրոնը լուծարվի, պետք է լինելու վերջնահաշվարկ իրականացնել: Գույքի առկայությունը երաշխիք է, որ ես կկարողանամ վերջնահաշվարկը օրինական ճանապարհով անել», - ասաց տնօրենը:
Թե տնօրենի, թե բուժհիմնարկի 158 աշխատակիցների կարծիքով, «Սիսիանի բժշկական կենտրոնը» լուծարելը, իսկ պացիենտներին Զանգեզուրի հոսպիտալ ուղարկելը ճիշտ որոշում չէ:
«Քանդելը հեշտ է: Սա 50 տարվա հիվանդանոց է: Մենք ոչ մի մահվան դեպք չենք ունեցել, հետվիրահատական ինֆեկցիաների դեպքեր չեն եղել, բնակիչների դժգոհություն չի եղել: Մարզում որակի ցուցանիշներով առաջինն ենք», - նշել է տնօրենը՝ հավելելով. «Երեւանում էլ բազմաթիվ բուժկենտրոններ կան, բայց չգիտես ինչու ֆինանսների խնայողության համար դրանց միավորման մասին ոչ ոք չի մտածում, իսկ Սիսիանի տարածաշրջանի համար մեկ բժշկական կենտրոնը շքեղությու՞ն է դարձել»:
Սիսիանի հիվանդանոցի աշխատակիցները իրենց բողոքն են հայտնում ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշման դեմ: Նրանք բաց նամակ են ուղղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որին կցել են նաեւ բուժկենտրոնի 111 աշխատակցի ստորագրությունները:
«ԲԱՑ ՆԱՄԱԿՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ Կառավարության 2018թ ապրիլի 12 N 464–Ա «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը քաղաք Սիսիանի և 36 գյուղերի 26000 բնակչություն ունեցող համայնքին զրկում է քաղաքացիական առողջապահություն իրականացնող միակ բժշկական կենտրոնից: Օպտիմալացման քողի տակ լուծարվում է մի բուժհաստատություն, որն Արցախյան պատերազմի տարիներին լինելով տարածաշրջանում միակ բուժհիմնարկը` բուժել է ավելի քան 360 վիրավոր և հիվանդ ազատամարտիկների` չունենալով ոչ մի մահվան ելք, մարտի դաշտում իրականացրել է զինվորների բուժօգնությունը: Նախկին իշխող կառավարության քաղաքականության հետևանքով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ -ն վերջին 20 տարիներին անտեսվել է, համաշխարհային բանկի ծրագրով չի վերազինվել և չի վերանորոգվել այնպես, ինչպես մարզային մյուս բժշկական կենտրոնները: 2017թ-ի որակի ցուցանիշների ամփոփումով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն մարզում առաջատարն է: Կառավարության որոշման մեջ մատնանշվում են մատուցվող ծառայություններ, որոնք և Սիսիանի բժշկական կենտրոնում, և Զանգեզուրի կայազորային հոսպիտալում կրկնվում են, սակայն դրանք կազմում են ընդհանուր ծառայությունների 10 %: Առողջության առաջնային պահպանման ծառայությունը, շտապ օգնությունը, ծննդօգնությունը, երեխաների հիվանդանոցային սպասարկումը, մասնագիտացված բժշկական ծառայությունը իրականացվում է միայն Սիսիանի բժշկական կենտրոնում: Նշված ծառայությունների գծով Զանգեզուրի կայազորային հոսպիտալը չունի համապատասխան ռեսուրսներ և բժշկական կադրեր: Սիսիանի ժողովրդին բժշկական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքը սահմանափակվում է` պարտադրելով նրան անցնելու ևս 10 կիլոմետր` Աղիտու գյուղում գտնվող Զանգեզուրի կայազորային հոսպիտալում բուժօգնություն ստանալու համար: 1. Աղիտու գյուղում գտնվող Զանգեզուրի կայազորային հոսպիտալն աշխարհագրական, տնտեսական տեսակետից մատչելի չէ սիսանցու համար: 2. Զանգեզուրի կայազորային հոսպիտալը չունի համապատասխան մասնագիտացում և վերապատրաստում անցած բժշկական անձնակազմ Սիսիանի բժշկական կենտրոնի ֆունկցիաներն իրականացնելու համար: 3. Հարակից բնակավայրերը Աղիտու գյուղին կապող հասարակական տրանսպորտ չկա: 4.ԱՆ-ում բուժմիավորման գործառույթներն ավելի թափանցիկ են, քան պաշտպանության նախարարությունում: Երբ մայրաքաղաքում գործում են բազմաթիվ բժշկական կազմակերպություններ և նրանց հարևանությամբ գործող զինվորական հոսպիտալներ, չի քննարկվում նրանց օպտիմալացման հարցը, իսկ Սիսիանի տարածաշրջանի խեղճ ժողովրդին զրկում են միակ բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալու իրավունքից: Հարգելով Սիսիանցու առողջ լինելու սահմանադրական իրավունքը, պահանջում ենք վերանայել կառավարության 2018թ ապրիլի 12 N 464 –Ա «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն լուծարելու մասին որոշումը, որը ընդունվել է` անտեսելով ժողովրդի կամքը, Սիսիանի բժշկական կենտրոնի 158 աշխատակիցների կարծիքը, Սիսիանի ավագանու «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն և Զանգեզուրի կայազորային հոսպիտալը չմիավորելու վերաբերյալ որոշումը: Եռօրյա ժամկետում դրական պատասխան չստանալուդեպքում կոչ ենք անելու ժողովրդին տեր կանգնել իրենց իրավունքին: Հարգանքներով` «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվ»:






