Չի կարելի օպտիմալացում անցկացնել հիվանդանոցների փակման հաշվին՝ դա շատ բժիշկների ու բուժքույրերի գործազուրկ կդարձնի եւ հիվանդների համար մեծ թվով նոր խնդիրներ կստեղծի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Սիսիանում բժշկական կենտրոնի փակման արդյունքում մոտ 160 բուժաշխատողներ կարող են անգործ մնալ, իսկ Սիսիանի եւ մերձակա գյուղերի հազարավոր բնակիչներ ստիպված կլինեն մեկնել Աղիտու գյուղում գտնվող Զանգեզուրի հոսպիտալ: Եվ խնդիրը ոչ միայն տրանսպորտի բացակայությունն է, այլեւ այն, որ հոսպիտալն աշխատում է պաշտպանության, այլ ոչ առողջապահության նախարարության ենթակայությամբ, եւ այն պետք է առաջին հերթին զբաղվի զինվորների բուժմամբ, իսկ սա նշանակում է, որ կարող են իրավիճակներ ստեղծվել, երբ հոսպիտալը չի կարողանա քաղաքացիական հիվանդների ընդունել:

«Հոսպիտալներն ու քաղաքացիական հիվանդանոցները տարբեր գործառույթներ են կատարում եւ պետք է առանձին գոյություն ունենան՝ չարժի դրանք միավորել»,- նշեց մասնագետը:

Նրա կարծիքով՝ Սիսիանի բժշկական կենտրոնի փակումը սխալ է, հակառակը՝ այն պետք է վերանորոգել, նոր սարքավորումներով հագեցնել, ինչը կօգնի տրամադրվող ծառայությունների մակարդակի բարձրացմանը: Բացի այդ՝ չարժի մոռանալ այն մասին, որ այս հիվանդանոցը կարեւոր դեր է խաղում ոչ միայն խաղաղ տարիներին, այլ նաեւ ռազմական. եթե հոսպիտալները չեն կարողանում բավարարել վիրավորների թվի պատճառով, նրանց տեղափոխում են մոտակա քաղաքացիական հիվանդանոցներ: Այսպես՝ Արցախյան պատերազմի ժամանակ այս հիվանդանոցում են բուժել 360 վիրավորների եւ հիվանդ զինվորների՝ առանց թեկուզ մեկ մահվան դեպքի:

Հիշեցնենք, որ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 464–Ա որոշմամբ Սիսիան քաղաքի բժշկական կենտրոնը փակվում է, իսկ նրա գործառույթները պետք է ստանձնի Զանգեզուրի հոսպիտալը: Բժշկական կենտրոնի 111 աշխատակիցները բաց նամակով դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ բողոքելով կառավարության նշված որոշման դեմ: