Չի կարելի առողջապահությունը բիզնես նախագծի վերածել. մասնագետը՝ նախարարի պաշտոնում Մարգարյանի հնարավոր նշանակման մասին

11 մայիսի, 2018  14:24

Կարեւոր չէ, թե հատկապես ով կզբաղեցնի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը, շատ ավելի կարեւոր է փոխել առողջապահության համակարգի զարգացման ուղղությունը, քանի որ ներկայիս ուղղությունը դուր չի գալիս ո՛չ բժիշկներին, ո՛չ հիվանդներին։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց առողջապահության կազմակերպիչ, ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ առողջապահության համակարգում վերջին «բարեփոխումները», այդ թվում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը, հաջողություն չեն ունեցել։ Ձախողվել են նաեւ բազմաթիվ կարեւոր ծրագրեր, այդ թվում մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը, դեղերը դեղատոմսով դուրս գրելու համակարգի ներդրումն ու ծխելու դեմ պայքարը։ Ե՛վ բժիշկները, ե՛ւ հիվանդները դժգոհ են մնացել վերջին ծրագրերից ու բարեփոխումներից, իսկ շահել է միայն մեկ ընկերություն, որը ստացել էր էլեկտրոնային առողջապահության համակարգի սպասարկման տենդերը։ Եթե նոր նախարարը, անկախ նրանից, թե ով կլինի, շարունակի աշխատել նույն ոգով, առողջապահության համակարգում նորանոր ձախողումներ են սպասվում։

«Վերջին տարիներին մենք բոլորս համոզվել ենք, որ բժշկական համայնքի տեսակետը չեն լսում, հիվանդների տեսակետները չեն լսում։ Եթե որեւէ մեկը դժգոհություն է հայտնում, նրան չեն լսում, քննադատությունը չեն ընդունում։ Դա անընդունելի է։ Եթե մենք ուզում ենք, որ Հայաստանում առողջապահությունը իրոք զարգանա, մենք պետք է փոխենք դրա զարգացման կուրսը, հակառակ դեպքում մենք անընդհատ նույն տեղում կդոփենք»,- նշել է մասնագետը։

Նրա խոսքով՝ անցյալում Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, որոնք լավ են ընդունվել բոլորի կողմից, այդ թվում՝ ծննդօգնության սերտիֆիկատների ներդրումը, մինչեւ 7 տարեկան երեխաների համար անվճար բուժօգնություն ապահովելը եւ այլն։ Նոր բարեփոխումները, մասնագետի խոսքով, նույնպես պետք է ուղղված լինեն հիվանդների ֆինանսական բեռի թեթեւացմանն ու բժիշկների համար աշխատանքային պայմանների բարելավմանը, ընդ որում՝ այդ բարեփոխումները պետք է այնպես ներդնել, որպեսզի հասարակությունը ընկալի դրանց անհրաժեշտությունն ու ընդունի դրանք։

Գեւորգ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում այսօրվա դրությամբ կան բազմաթիվ գրագետ, առողջապահության համարժեք կազմակերպիչներ, որոնք կարող են լավ նախարար դառնալ ու օգնել առողջապահությունը կատարելապես նոր մակարդակի բարձրացնել։

Կարող է արդյոք հաղթահարել այդ խնդիրը փոխնախարար Սամվել Մարգարյանը, որը ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, հնարավոր է առողջապահության հաջորդ նախարարը դառնա։

Մասնագետի խոսքով՝ եթե Սամվել Մարգարյանը, դառնալով նախարար, առողջապահության համակարգը նախկին կուրսով տանի, այսօրվա խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլ կխորանան։

Ավելին՝ Սամվել Մարգարյանը կրթությամբ տնտեսագետ է, ու չնայած նա լավ տնտեսագետ է, առողջապահության ոլորտը տեսնում է ոչ այնպես, ինչպես այն տեսնում են բժիշկներն ու հիվանդները՝ նրանք, ում այդ ոլորտը վերաբերում է առաջին հերթին։

«Առողջապահության ոլորտում տնտեսագետը միայն թվեր է տեսնում։ Բայց մենք արդեն կարողացել ենք համոզվել, որ առողջապահությունը բիզնեսի վերածելու՝ նախկին կառավարության փորձերը ոչ մի լավ արդյունք չեն տվել։ Առողջապահությունը սոցիալական ոլորտ է, ու ամբողջ աշխարհում դրա վրա ծախսում են միջոցներ՝ առանց եկամուտներ ակնկալելու։ Կարծել, որ առողջապահությունը լցնելու է պետբյուջեն, նույնն է, ինչ կարծել, որ կենսաթոշակային ֆոնդը կարող է օգնել բյուջե լցնել»,- նշել է մասնագետը։ «Չի կարելի առողջապահությունը վերածել բիզնես նախագծի։ Հայաստանի նման երկրում առողջապահությունը պետք է ուղղված լինի միայն ու միայն բնակչության առողջության պահպանմանը»։

Հարկ է նշել, որ շատ բժիշկներ սոցցանցերում դեմ են արտահայտվում Սամվել Մարգարյանի թեկնածությանը։ Նրանց հիմնական փաստարկներն են՝ հենց նա՛ է եղել բժիշկների ու բնակչության դժգոհությունն առաջացրած բազմաթիվ ծրագրերի գաղափարակիրը, նա տնտեսագետ է, այլ ոչ թե բժիշկ կամ առողջապահության կազմակերպիչ, առողջապահությունից ու բժշկությունից ոչինչ չի հասկանում ու ամեն ինչին թվերի պրիզմայով է նայում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր կարծիքով, դեղերը դեղատոմսով բաց թողնելու կանոնների խստացման հետեւանքով դեղորայքը կթանկանա՞:
Այո
Ոչ
Չգիտեմ