Ես պատասխանում էի մի քիչ սարկազմով, ու մի հատված էլ բերել եմ հայտնի ֆիլմից․ Արսեն Թորոսյանը «փոքրիկ դագաղների» մասին

13 մայիսի, 2018  14:43

«Ես որոշ օգտատերերի պատասխանում էի մի քիչ սարկազմով, ու մի հատված էլ բերել եմ հայտնի ֆիլմից («Դոկտոր Հաուս», - խմբ․)` փոքրիկ դագաղների մասին»։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով իր հասցեին ուղղված քննադատությանը՝ պատվաստումների եւ հատկապես գարդասիլի վերաբերյալ կոշտ արտահայտությունների համար։

«Ինչքան էլ մարդիկ կոնտեքստից կտրեն իմ ասածները, կա մի պարզ ճշմարտություն․ եթե մենք ուզում ենք փրկել մարդկային կյանքեր, այդ թվում երեխաների կյանքեր, մենք պետք է օգտագործենք գիտության մեզ տված ամբողջ արսենալը․ դրա մեջ են եւ պատվաստումները, եւ անտիբիոտիկները, եւ նորագույն սարքավորումները», - ասաց նա։

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ փոքրիկ դագաղների մասին գրառումը («Փոքրիկ դագաղների արտադրությունը ասում են շատ շահավետ է», - խմբ․) արել էր ի պատասխան մի օգտատիրոջ, որը պնդում էր, որ պատվաստանյութերը ֆարմկամպանիաների մեծ բիզնեսն են, դրանով նրանք միլիոնավոր դոլարներ են աշխատում։ «Շատ արագ պատասխանելու համար այդ մեջբերումը բերեցի։ Դա ուղղակիորեն նշանակում է, որ ես դեմ եմ, ու ոչ մի մարդ, ոչ մի բժիշկ չի կարող կողմ լինել որեւէ երեխայի մահվան։  Հակառակը, այդ ամենն արվում է, որ ոչ մի երեխա չմահանա», - ասաց Արսեն Թորոսյանը։

Նա հիշեցրեց, որ բազմիցս է հայտնել իր տեսակետը պատվաստումների մասին եւ այն հիմնված է ապացուցողական բժշկության վրա։

«Ես շատ զարմացա․ այդ քննադատությունների մեջ մի գիծ էր գնում, որ ինչի պիտի ես ունենամ կարծիք այդ հարցի շուրջ, այն էլ ապացուցողական բժշկության հիման վրա։ Տպավորություն էր, որ մարդիկ ակնկալում են մի նախարար, որն ամորֆ է, ոչ մի բանի մասին կարծիք չունի, ու այնքան զգույշ է պատասխանում այդ հարցերին, որ հանկարծ իրան ոչ ոք չքննադատի», - ասաց նա, հավելելով, որ միշտ ունեցել է իր կարծիքը առողջապահության այն ճյուղերի մասին, որոնց մասին պատկերացում է ունեցել, եւ հնարավոր բոլոր միջոցներով այն հայտնել է, լինի դա պատվաստումը, ֆինանսավորումը, դեղերի հարցը։  «Այսինքն, ես գալիս եմ այս պաշտոնին, ունենալով բազմաթիվ հարցերի շուրջ հստակ պատկերացումներ․․․ Իհարկե դրանք քարացած չեն, որովհետեւ եթե դու մտնում ես գործի մեջ, եւ ունես արդեն լիազորություններ ինչ որ բան փոխելու, դու լսում ես շատ ավելի շատ մարդկանց, այդ գործի մեջ եղած, քան մինչեւ այդ, ու հետեւաբար, որոշումներ կայացնելու ընթացքում ավելի մեծ ապացուցողական բազա ես հաշվի առնում», - ասաց նա։

Արսեն Թորոսյանը նշեց, որ ի ուրախություն մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետության իմունիզացիայի ծրագիրը կարելի է օրինակելի համարել ամբողջ աշխարհի համար։ Հայաստանում պատվաստումների ծածկույթն այնքան բարձր է, որ հենց հիմա Եվրոպայում բռնկվող էպիդեմիաները Հայաստան չեն հասնում, եւ դա հենց պատվաստումների շնորհիվ է։

«Ինչ վերաբերում է այն մեղադրանքին, որ եթե Արսենը Թորոսյան նշանակվեց նախարար, պատվաստումները պարտադիր կդառնան։ Պատվաստումները ոչ մի երկրում պարտադիր չեն այն իմաստով, որ ոչ մեկ չի սրսկում հարկադրաբար։ Բայց որոշ երկրներում պատվաստումների հարցը շատ են խստացրել էպիդեմիաների դեմը առնելու համար։ Օրինակ, Իտալիայում կա կարմրուկի բռնկում, եւ կառավարությունը այլ տարբերակ չունի, քան խստացնել պատվաստումների մասը, որպեսզի չպատվաստված երեխաները չգնան դպրոցներ եւ մանկապարտեզներ եւ չվարակեն մյուսներին, հատկապես նրանց, ովքեր ունեն բժշկական հակացուցումներ։ Մենք միշտ պետք է հիշենք, որ պատվաստումը ոչ միայն անհատական, այլեւ կոլեկտիվ պաշտպանության միջոց է։ Այսինքն, եթե ես պատվաստում եմ իմ երեխային, առաջինը ես պաշտպանում եմ նրան, երկրորդը՝ նրա ընկերոջը, որն ունի բժկական հակացուցումներ պատվաստվելու համար», - ասաց նորանշանակ նախարարը։

Նա հավելեց, որ իր երեխաները, եւ անձամբ ինքը ստանում են բոլոր պատվաստումները, ընդ որում, սովորական պոլիկլինիկայում։  «Սա ի պատասխան այն մարդկանց, որոնք ասում են, որ բժիշկներն իրենք չեն պատվաստվում։ Իհարկե կան բժիշկներ, որոնք դեմ են պատվաստումներին։ Իմ մոտեցումը հետեւյալն է․ մենք պետք է շատ խոսենք դրա մասին, ավելի շատ բացատրելով, ոչ թե արգելելով, որովհետեւ դա վարքածային փոփոխություն է, իսկ վարքագծային փոփոխությունները արգելելով չեն լինում», - ասաց Արսեն Թորոսյանը։ 

Ինչ վերաբերում է կոնկրետ գարդասիլին, նա եւս մեկ անգամ պնդեց իր կարծիքը, որ այդ պատվաստանյութը լիովին անվնաս է, եւ չկա evidence-based medicine-ի շարքից որեւէ հետազոտություն, որը հակառակն է ապացուցում։ Նա նշեց, որ այս ծրագիրը ներդրվել է նախորդ կառավարության օրոք, որի հետ ինքը ոչ մի կապ չի ունեցել, բայց, միեւնույն է, պնդել է դրա անհրաժեշտությունը, իր համոզմունքներից ելնելով։ «Իմ մոտեցումը զուտ գիտական է, ոչ մի քաղաքական ենթատեքստ չկա։ Եթե ես ապացուցողական բժշկության վրա հիմնվելով համարում եմ, որ դա ճիշտ է, ես ասում եմ, եւ ոչ մի բան չի փոխվում այդ առումով։ Հակընդդեմ կարծիքները միշտ պատրաստ եմ լսել եւ պատասխանել», - ասաց Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ հնարավոր է երեկոյան եւս մեկ լայվ մտնի, քանի որ արդեն հազարից ավելի  նամակներ է ստացել, եւ դրանց մի մասը առողջապահության նախարարությանը չի վերաբերում։ Նա խոստացավ ասել, թե որ հարցով ում պետք է դիմել։

Ի՞նչ քայլեր է պետք առաջին հերթին ձեռնարկել առողջապահության ոլորտում․ մասնագետ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի