• Latest news

Մենք պատրաստ ենք հարկերը վճարել, բայց դրանք պետք է համաչափ լինեն. ստոմատոլոգներ

14 մայիսի, 2018  14:59

Հայաստանի ստոմատոլոգները պատրաստ են հարկերը վճարել, սակայն այդ հարկերը պետք է ադեկվատ լինեն եւ ստացած եկամուտին համարժեք. սխալ է ստոմատոլոգներից ե՛ւ արտոնագրային վճար պահանջել, ե՛ւ եկամտահարկ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ստոմատոլոգ-վիրաբույժ Հովհաննես Գեւորգյանը:

Այսօր՝ մայիսի 14-ին, մի խումբ ստոմատոլոգներ հավաքվել են Առողջապահության նախարարության մուտքի մոտ՝ ցանկանալով հանրության եւ պատասխանատու անձանց ուշադրությունը գրավել խնդիրների վրա, որոնք այսօր գոյություն ունեն ընդհանրապես առողջապահության ոլորտում եւ մասնավորապես՝ ստոմատոլոգիայի: Ինչպես նշեց Հովհաննես Գեւորգյանը, իրենք գործընկերներով ծրագրում են առողջապահության նոր նախարարին նամակ գրել եւ ներկայացնել բոլոր հարցերը, որոնք այսօր իրենց մտահոգում են:

Հովհաննես Գեւորգյանի խոսքով՝ այսօր ստոմատոլոգիայի ոլորտում շատ խնդիրներ կան, եւ ոչ համարժեք հարկերը ցանկի առաջին տեղում են՝ ստոմատոլոգիական արտոնագրային վճարը (80 հազար դրամ) չափազանց բարձր է, իսկ բացի դրանից՝ ստոմատոլոգները ստիպված են վճարել նաեւ եկամտահարկ: Իսկ էլեկտրոնային համակարգի ներդրումը էլ ավելի է ծանրացնում ստոմատոլոգների կյանքը եւ բերում լրացուցիչ ծախսերի ու խնդիրների:

Ինչպես նշեց մասնագետը, արտոնագրային վճարի հետ կապված բժիշկները մի ամբողջ շարք խնդիրների են բախվում. այսպես՝ լինում են ամիսներ, երբ բնակչության վճարունակությունը նվազում է, եւ մարդիկ հազվադեպ են ստոմատոլոգին այցելում, հետեւաբար՝ եկամուտները քիչ են լինում, սակայն արտոնագրային վճարը, միեւնույն է, ստիպված են վճարել: Դրանից բացի, շատ քիչ եկամուտ է բերում մանկական ստոմատոլոգիան, սակայն այս մասնագետները եւս ստիպված են ամեն ամիս արտոնագրային վճարի 80 հազար դրամը վճարել: Ավելին՝ եթե ստոմատոլոգը մեկ ամսով արձակուրդ է գնում, երբ փաստացի չի աշխատում, նա, միեւնույն է, ստիպված է հարկերը վճարել:

«Մենք օրենքներին կամ կառավարությանը դեմ չենք, մենք պատրաստ ենք հարկերը վճարել, սակայն ցանկանում ենք, որ դրանք ադեկվատ, համարժեք լինեն»,- նշեց Հովհաննես Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ ստոմատոլոգները պատրաստ են նոր նախարարի հետ քննարկել իրենց այսօր անհանգստացնող այս եւ այլ խնդիրների լուծումները: Մասնավորապես՝ իրենք կցանկանային, որ միայն մեկ հարկ լիներ, այլ ոչ թե մի քանի տարբեր հարկեր:

«Ի վերջո, չէ՞ որ մենք բժիշկներ ենք: Երբ այսքան տարբեր հարկեր կան, մենք ստիպված ենք բժշկությունը մի կողմ դնել եւ հաշվապահական գործով զբաղվել»,- ասաց ստոմատոլոգը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է