• Latest news

Միայն համալիր միջոցառումներն են ծխելու դեմ պայքարում արդյունք տալիս. Ալեքսանդր Բազարչյան

31 մայիսի, 2018  22:57

Ծխելը ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկային գործոններից մեկն է, իսկ դրանց տեսակարար կշիռը բոլոր հիվանդությունների կառուցվածքում կազմում է 70 տոկոս: Այս մասին Երեւանում երկրորդային ծխի ազդեցության դեմ ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

Նրա խոսքով, զարգացած երկրներում ծխախոտի տարածումը նվազում է, սակայն Հայաստանում վերջին տարիներին այս ցուցանիշը կայուն է մնում. չափահաս տղամարդկանց կեսից ավելին ծխում է: Զարգացած երկրներում ծխողների քանակի կրճատման հետ մեկտեղ նվազում է նաեւ ոչ վարակիչ հիվանդություններից մահացությունների քանակը, հավելել  է նա:

Ինստիտուտի տնօրենը նշել է, որ նախկին հետխորհրդային երկրներում ցուցանիշները այնքան էլ լավը չեն, սակայն դրանցում ընդունված ծխելու դեմ օրենսդրությունը արդեն սկսել է պտուղներ տալ: Օրինակ, Վրաստանում, մայիսի 1-ից ուժի մեջ է մտել բավականին խիստ օրենք, նման օրենք  մի քանի տարի շարունակ գործում է նաեւ Ռուսաստանում:

«Օրենսդրական սահմանափակումները ծխելու դեմ պայքարի ամենահզոր գործիքն են: Դրան զուգահեռ պետք է բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը, եւ նրանք պետք է ստանան բարձրորակ բժշկական խորհրդատվություն», - ասել է Ալեքսանդր Բազարչյանը:

Նրա խոսքով, բժշկական օգնությունը ծխելու դեմ պայքարի երրորդ բաղադրիչն է: Նախ անհրաժեշտ է առաջնային օղակի բժիշկներին վերապատրաստել, իսկ երկրորդ՝ ծխելը դադարեցնելու ցանկություն ունեցող անձանց համար հատուկ ծրագրեր մշակել, եւ շատ կարեւոր է լուծել այդ ծրագրերի ֆինանսավորման, այդ թվում նաեւ պետական ֆինանսավորման խնդիրը:

«Որպես կանոն այս ծրագրերը սկսում են այն ժամանակ իրագործվել, երբ երկրում ծխելու դեմ օրենքն ուժի մեջ է մտնում, քանի որ այդ ժամանակ ծխելը թողնելու ցանկություն ունեցողների թիվն ավելանում է», – ասել է նա։

Պատասխանելով հարցին այն մասին, որ Հայաստանում պարբերաբար տարատեսակ ակցիաներ են անցկացվել եւ որոշակի օրենսդրական փոփոխություններ են եղել, բայց դա ոչ մի կերպ չի ազդել ծխողների թվի վրա, Բազարյանը նշել է, որ եթե 2000-ականների սկզբից նայենք վիճակագրությանը, ապա փոփոխություններ կան:

«2004-ից մենք սկսեցինք որոշակի օրենսդրական միջոցներ ձեռնարկել եւ այդ ժամանակ ցուցանիշների անկում եղավ, բայց 2008-ից նոր օրենսդրական կարգավորումներ չեն եղել եւ այդ ժամանակվանից վիճակագրությունը նույնպես փոխվում է: Ակցիզների բարձրացումը աննշան էր, իսկ տուփերի սարսափելի պատկերները վերջերս են հայտնվել եւ պետք է գոնե մեկ տարի անցնի դրանց ազդեցության աստիճանը գնահատելու համար: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դրանք լավ ազդեցություն են ունենում նրանց վրա, ովքեր դեռ չեն սկսել ծխել», - ասաց նա՝ հավելելով, որ միայն համալիր միջոցառումները կօգնեն ծխելու դեմ պայքարում, այլ ոչ թե միայն մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll