Հայաստանում օնկոլոգիական հիվանդություններով տառապող մարդկանց մոտ 44-45 տոկոսը բժշկի է դիմում շատ ուշ՝ երբ հիվանդությունն արդեն բավական տարածված է լինում: Այս մասին լրագրողներին պատմեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը:

Ըստ Գալստյանի՝ մարդիկ հաճախ անտեսում են իրենց հիվանդությունները, նույնիսկ եթե դրանք աչքին տեսանելի են՝ օրինակ, մաշկի քաղցկեղը:

«Սա պայմանավորված է ոչ թե պոլիկլինիկաների եւ ընտանեկան բժիշկների աշխատանքի թերացմամբ, այլ ժողովրդի սոցիալական կուլտուրայի պակասով՝ մարդիկ չեն հետազոտվում, չեն ստուգվում եւ ժամանակին չեն դիմում: Դիմում են այն ժամանակ, երբ, ինչպես ժողովուրդն է ասում, դանակը ոսկորին է հասնում», - ասաց Հայրապետ Գալստյանը:

Հենց դա էլ հայ ուռուցքաբանների ամենամեծ խնդիրներից մեկն է, քանի որ բարձիթողի վիճակում գտնվող հիվանդներին շատ ավելի դժվար է բուժել, քան ժամանակին դիմածներին: Մեծանում են նաեւ ֆինանսական ներդրումները՝ բարձիթողի հիվանդների բուժումն իրականացնելու համար:

Ինչպես նշեց Հայրապետ Գալստյանը, ուշ դիմած պացիենտների բուժման ծախսերը եռապատկվում են, որոշ դեպքերում՝ նույնիսկ տասնապատկվում են: Եթե պացիենտը դիմում է մասնագետներին հիվանդության ամենասկզբում, նրան կարելի է արագորեն վիրահատել: Իսկ երբ հիվանդությունը խորանում է, վիրահատության ծավալները մեծանում են, եւ երբեմն վիրաբույժները ստիպված են լինում ողջ օրգանը հեռացնել: Վիրահատությունից բացի, ինչպես նշեց Հայրապետ Գալստյանը, հաճախ պետք է լինում քիմիաթերապիա եւ ճառագայթային բուժում անցկացնել՝ բարձիթողի դեպքերում մեկ կուրսի փոխարեն հիվանդներին արդեն անհրաժեշտ է լինում մի քանի, նույնիսկ երբեմն 10-12 կուրս:

Սա բավական թանկ է նստում թե պացիենտների, թե պետության վրա: Վիրահատական բուժման համար պետական ներդրումը կազմում է 116 000 դրամ, իսկ քիմիաթերապիայի պրեպարատների ձեռք բերման համար՝ 60 000 դրամ՝ սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված մարդկանց համար, եւ 30 000 դրամ՝ բոլոր այլ մարդկանց համար: Բնականաբար, պետպատվերի շրջանակներում հատկացվող այս գումարները բավական չեն ամբողջական բուժում իրականացնելու համար, եւ պացիենտը ստիպված է իր գրպանից բավական խոշոր գումարներ վճարել, որոնց կարիքը գուցե եւ չէր լինի, եթե նա բժիշկներին դիմեր ճիշտ ժամանակին: