Շոգից փրկվելու համար պետք է շատ ջուր խմել, նաև՝ ավանդական հայկական թան։ Իսկ ահա ոգելից գործածելուց պետք է խուսափել։ Այս մասին հունիսի 27-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը։
Նա նաև խորհուրդ է տրվում զերծ մնալ կոֆեին ու շաքար պարունակող ըմպելիքներ խմելուց։ Նրա խոսքով՝ հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև ճիշտ սնվելու խնդրին։ Այսինքն լավ լվանալ մրգերն ու բանջարեղենը, չօգտագործել բացօթյա պայմաններում պատրաստված սնունդ, հրաժարվել փափուկ պաղպաղակից ու թարմ մրգային հյութերից։ Բակունցը նաև կոչ է արել հրաժարվել կրեմով խմորեղենից, սահմանափակել յուղոտ սննդի գործածումը։
Մասնագետը նաև խորհուրդ է տալիս շոգ օրերին հաճախ լվանալ ձեռքերը ու ցնցուղ ընդունել, խուսափել ուղիղ արևային ճառագայթներից ու ձգտել փողոց դուրս չգալ ժամը 13։00-ից մինչև 17։00 ժամանակահատվածում, փողոցում էլ գլխարկ ու արևապաշտպան ակնոց կրել։
Ռիսկի խմբում, մասնագետի խոսքով, 65-անց մարդիկ են, հղի կանայք, քրոնիկ հիվանդները, որոնց խորհուրդ է տրվում ամենաշոգ ժամերին պառկել։
Նշենք, որ ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 2-ը Երևանում, Արարատյան դաշտավայրում ու Սյունիքի հովիտներում սպասվում է մինչև +40 աստիճան տաքություն։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day