Դիզենտերիան, ինչպես բոլոր աղիքային հիվանդությունները, ունեն ամառ-աշուն սեզոնականություն, այսինքն այս սեզոնին դրանց թիվն աճում է։ Ներկայում Հայաստանում, սեզոնին համապատասխան, աղիքային վարակները, այդ թվում՝ դիզենտերիան, ունեն աճի միտում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Վերջին օրերին, աղիքային վարակների սեզոնային ակտվության հետ կապված, բնակիչները մտահոգություն են հայտնում, թե վարակի հիմքում կարող է լինել ջրի որակական խնդիրը:  Այս մտահոգությունները հիմնավոր չեն,  ինչը փաստում են լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Այսպես, բնակչությանը մատակարարվող խմելու ջրի որակի և անվտանգության նկատմամբ մշտապես իրականացվող  դիտարկման արդյունքում  Երևան քաղաքի վարչական տարածքներում հունիս ամսվա ընթացքում հետազոտված խմելու ջրի նմուշներում  մանրէաբանական ցուցանիշների ոչ մի շեղում չի  արձանագրվել: Միաժամանակ խմելու ջրի որակի նկատմամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում նաև ջրամատակարար ընկերության կողմից:

ՀՀ-ում դիտվող դեպքերի աճը պայմանավորված է սննդային գործոնով, այդ են փաստում նաև լաբորատոր հետազոտությունները, որոնք արձանագրում են շիգելլա Զոննե տեսակը, որը բնորոշ է սննդային գործոնին։