Հայաստանում այս ամռանը գրանցվել է դիզենտերիայով (շիգելեզով) հիվանդացության աճ: Ի՞նչ է իրենից ներկայացնում այս հիվանդությունը, ինչպե՞ս է արտահայտվում եւ ի՞նչ անել, եթե ձեր կամ երեխայի մոտ հիվանդության ախտանիշներ եք նկատել: Այս հարցերի պարզաբանմանն օգնեց վարակաբան Հռիփսիմե Ապրեսյանը:

Շիգելեզը, որը հայտնի է նաեւ որպես դիզենտերիա, ինֆեկցիոն հիվանդություն է, որն ախտահարում է աղեստամոքսային համակարգը եւ առաջացնում ընդհանուր ինֆեկցիոն ինտոքսիկացիայի համախտանիշ: Հիվանդության հարուցիչներն են Shigella ընտանիքի բակտերիաները:

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում ամեն տարի մոտ 90 մլն մարդ վարակվում է դիզենտերիայով, եւ վարակման առնվազն 700 հազար դեպք մահվան ելք է ունենում: Սակայն հիվանդացության ճշգրիտ վիճակագրություն չկա ո՛չ աշխարհում, ո՛չ Հայաստանում, քանի որ ոչ բոլոր հիվանդներն են բժշկի դիմում, եւ շատ, բարդություններ չունեցած դեպքեր այդպես էլ անհայտ են մնում:

Ախտանիշներ

Դիզենտերիայի հիմնական ախտանիշներն են՝ փսխում, դիարեա, ջերմություն (38 աստիճան եւ ավելի բարձր) եւ ինտոքսիկացիայի պատճառով ընդհանուր թուլություն: Կղանքում արյան առկայությունը կարող է լինել շիգելեզի ախտանշան:

Փսխումը եւ դիարեան կարող են կարճ ժամանակում բերել օրգանիզմի ջրազրկման, հատկապես ամռան շոգին: Իսկ ջրազրկումը շատ վտանգավոր է եւ կարող է բերել հիվանդի մահվան, հատկապես՝ եթե խոսքը երեխայի կամ տարեց մարդու մասին է:

Մասնագետը նաեւ նշեց, որ դիզենտերիայով առավել հաճախ վարակվում են բակտերիաներով աղտոտված սնունդի, կեղտոտ ձեռքերի միջոցով, ավելի հազվադեպ՝ վարակված ջրի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը կարող է տեւել մինչեւ 7 օր, ըստ որում, որպես կանոն, գաղտնի շրջանը որքան կարճ է, այնքան հիվանդությունն ավելի սուր է արտահայտվում: Բավականին երկար գաղտնի շրջանի պատճառով երբեմն բավական դժվար է պարզել, թե մարդը կոնկրետ ինչպես է վարակվել՝ նա կարող էր բակտերիաներով վարակված սնունդ կերած լինել ախտանիշների երեւան գալուց մի քանի օր առաջ:

Ի՞նչ անել դիզենտերիայի ախտանիշներ հայտնաբերելու դեպքում

Եթե ձեր երեխայի մոտ առկա է դիարեա, փսխում եւ ջերմություն, առաջին հերթին անհրաժեշտ է կապ հաստատել նրա մանկաբույժի հետ եւ իրավիճակը բացատրել: Խորհուրդ չի տրվում ինքնաբուժությամբ զբաղվել: Մինչեւ բժշկին հանդիպելը, անհրաժեշտ է երեխային ավելի շատ ջուր տալ՝ ոչ մեծ չափաքանակներով՝ ջրազրկումից խուսափելու համար:

Եթե երեխայի ջերմությունը բարձրանում է 38-38.5 աստիճանից բարձր, անհրաժեշտ է իջեցնել՝ օգտագործելով ժողովրդական մեթոդները կամ առանց դեղատոմսի վաճառվող ջերմիջեցնողները:

Ոչ մի դեպքում չի կարելի երեխային հակաբիոտիկներ տալ առանց բժշկի նշանակման, քանի որ դուք չգիտեք, թե կոնկրետ ինչ հիվանդություն է այդ ախտանիշներն առաջացրել. որոշ հիվանդությունների դեպքում հակաբիոտիկները խիստ հակացուցված են, իսկ մնացյալ դեպքերում բուժումը պետք է ընտրի մասնագետը:

Ինչպես նշեց մասնագետը, դիզենտերիայով երեխաների մեծ մասը հիանդանոց է ընդունվում կամ ծանր վիճակում, կամ միջին ծանրության վիճակում՝ ջրազրկմամբ եւ ինտոքսիկացիայով: Մի քանի օր ստացիոնար բուժելուց հետո, երբ երեխաների վիճակը կայունանում է, նրանց կարող են տեղափոխել ցերեկային ստացիոնար կամ ամբուլատոր բուժման: