• Latest news

Հայաստանում աշխատակիցներն ու բժիշկը փրկել են տղամարդուն, ում սիրտը 10 րոպեով կանգ էր առել

18 մայիսի, 2014  00:01

Հայաստանի Էլեկտրական Ցանցերի «Հյուսիս» մասնաճյուղի աշխատակից Վաչագան Միրզոյանը հանկարծակի սրտի նոպա է ունեցել հենց աշխատավայրում։ Նրա սիրտը 10 րոպե չի աշխատել, սակայն աշխատակիցներին եւ շտապօգնության բժշկին հաջողվել է փրկել Վաչագանին: Աշխատակիցները, իրենց չկորցնելով, սրտի անուղղակի մերսում են արել, իսկ բժիշկը, ժամանակին հասնելով, արդեն պրոֆեսիոնալ օգնություն է ցուցաբերել։

Վաչագան Միրզոյանի աշխատակից Արմեն Մկրտչյանը  NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ երբ Միրզոյանը ուշաթափվել է, բոլորը սկզբում մտածել են, որ նա կատակում է։ Սակայն հետո հասկանալի է դարձել, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է՝ տղամարդը չէր շնչում եւ երակազարկ չուներ։ Աշխատակիցները միանգամից սկսել են սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել։

Բարեբախտաբար, Հայաստանի էլեկտրացանցերի բոլոր աշխատակիցներին սովորեցնում են առաջին օգնություն ցուցաբերել եւ սիրտ-թոքային վերակենդանացում իրականացնել։ Նույնիսկ ավելին՝ նրանք ամեն տարի քննություն են հանձնում եւ ապացուցում, որ հարկ եղած դեպքում կկարողանան իրենց գիտելիքները գործնականում կիրառել։ Արմեն Մկրտչյանը արդեն 17 տարի աշխատում է էլցանցում եւ 17 անգամ հանձնել է այդ քննությունը, սակայն իր աշխատակցի հետ պատահած դեպքն առաջինն էր իր կյանքում, երբ գործնականում կիրառեց սիրտ-թոքային վերակենդանացման իր գիտելիքները։

Մինչ Միրզոյանի աշխատակիցները փորձում էին վերակենդանացնել նրան, հասել է շտապօգնության առաջին բրիգադը։ Բժիշկներն ասել են, որ Միրզոյանը մահացել է, եւ ոչինչ հնարավոր չէ անել, սակայն Միրզոյանի աշխատակիցները չէին ցանկանում հանձնվել։
Այդ ժամանակ հասել է նաեւ շտապօգնության երկրորդ բրիգադը, եւ երիտասարդ բժիշկ Հակոբ Հարությունյանը, ով վերջերս է սկսել աշխատել շտապօգնությունում, միացել է օգնություն ցուցաբերողներին՝ իր բուժքրոջ եւ նույնիսկ վարորդի հետ միասին։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Հակոբ Հարությունյանը պատմեց, որ այդ պահին պացիենտի վիճակը շատ ծանր էր. «Հիվանդը կլինիկական մահ էր տանում, կար սրտի կանգ, շնչառական կանգ»։

Միրզոյանին շարունակում էին սրտի մերսում անել եւ արհեստական շնչառություն տալ։ Բուժքույրը նաեւ կարողացել էր ներերակային մուտք հաստատել եւ ադրենալին ներարկել շատ բարդ պայմաններում, քանի որ պացիենտը ճնշում չուներ։ Հետո Միրզոյանին դեֆիբրիլյացիա են արել, ինչից հետո նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, եւ նրան տեղափոխել են հիվանդանոց։
Բժիշկները կարծել են, որ Միրզոյանը ինֆարկտ է տարել, սակայն հետո պարզվել է, որ նրա մոտ շատ վտանգավոր առիթմիա է, որը կարող էր հանկարծակի մահվան պատճառ դառնալ։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց սրտաբան Միքայել Ադամյանը, նման առիթմիա ունեցող մարդիկ շատ հաճախ հանկարծամահ են լինում, եւ ոչ ոք չի հասցնում նրանց օգնել։ Այդ պատճառով Միրզոյանի դեպքը, նրա կարծիքով, յուրահատուկ է, քանի որ աշխատակիցներին եւ բժշկին հաջողվել է նրան վերակենդանացնել։

Այժմ Վաչագան Միրզոյանը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ բավական լավ է իրեն զգում։ Նրա մաշկի տակ տեղադրել են հատուկ կարդիոխթանիչ, որը հետագայում նրան կպաշտպանի առիթմիայի նմանատիպ նոպաներից։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, որ ոչինչ չի հիշում այն օրվա մասին, սակայն անչափ շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որոնք փրկել են իր կյանքը։

Ամալյա Գաբրիելյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է