Շաբաթ՝ հոկտեմբերի 27-ին, Հայաստան կմատակարարվի գրիպի դեմ եռավալենտ պատվաստանյութի 30 հազար դեղաչափ: Եվս 60 հազար դոզա երկրում կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ արդեն երկուշաբթիից ստացած պատվաստանյութերը կսկսեն բաշխել պոլիկլինիկաներին եւ այլ հաստատություններին: Պատվաստանյութն առաջինը կստանան փակ հաստատությունները, որտեղ բավականին մեծ է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածման վտանգը: Այնուհետեւ կպատվաստվեն, այսպես կոչված, ռիսկի խմբում գտնվող մարդիկ՝ հղիները, բուժաշխատողները, 6 ամսականից մինչեւ 5 տարեկան երեխաները, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններ ունեցողները: Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, այս բոլոր մարդիկ գրիպի հանդեպ հատկապես խոցելի են. վարակվելու դեպքում նրանց մոտ մեծ է անբարենպաստ ելքով ծանր բարդությունների առաջացումը, այս պատճառով այդքան կարեւոր է նրանց առաջին հերթին պատվաստելը:

Այս սեզոնին գրիպի դեմ պատվաստանյութը կպաշտպանի A տեսակի հարուցիչի երկու շտամից՝ H1N1 եւ H3N2, եւ B տեսակի մեկ շտամից: Կարծիք կա, որ այս տարի տարածաշրջանում ամենից ավելի տարածված են լինելու հենց այս շտամները:

Գայանե Սահակյանը նաեւ նշեց, որ Հայաստանի բնակիչները վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ պատվաստվել գրիպի դեմ: Եթե նախկինում պատվաստվում էին հիմնականում բուժաշխատողները, ապա հիմա նաեւ այլ խմբերի մարդկանց շրջանում պատվաստումն ավելի արդյունավետորեն է անցկացվում, քան մի քանի տարի առաջ:

Հիշեցնենք, որ գրիպի դեմ պատվաստանյութը հակացուցված է մինչեւ 6 ամսական երեխաներին եւ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի հանդեպ ալերիգիայով մարդկանց: Մնացյալ բոլոր մարդկանց, հատկապես նրանց, ովքեր մտնում են վերեւում նշված ռիսկի խմբերում, խորհուրդ է տրվում պատվաստվել խուսափելու համար եթե ոչ վարակվելուց, ապա գոնե գրիպի հետեւանքով առաջացող բարդություններից: