• Latest news

Ծխել է 10 տարի, թողել 7 շաբաթում՝ ընդմիշտ․ ամերիկացին պատմել է, թե ինչ հեշտ է թողնել ծխելը

15 հունվարի, 2019  21:28

Ամերիկացի 65-ամյա Դեւիդ Դուելը ծխել է ավելի քան 10 տարի։ Որպեսզի ծխելը թարգի, նրան մոտ 7 շաբաթ է անհրաժեշտ եղել, բայց այդ ժամանակից արդեն մի քանի տասնյակ տարի է անցել, եւ նա այլեւս ոչ մի հատիկ ծխախոտ չի ծխել։ 

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Դեւիդը պատմեց, թե ինչպես է ինքը թողել ծխելը, եւ ինչպես կարող են մյուսները հետեւել իր օրինակին։

Ծխել Դեւիդը սկսել է 18 տարեկանում, երբ գնաց բանակ ծառայելու։ Շատերն էին այն ժամանակ ծխում, եւ նա, ցանկանալով վայելել նրանց հարգանքը եւ ընդունվել շրջապատի կողմից, նույնպես սկսել է ծխել։ Շատ շուտով ծխախոտները դարձել են սովորություն, իսկ հետո՝ կախվածություն։

«Ես միշտ իմացել եմ, որ ծխելը վնասակար է, սակայն շարունակել եմ դա անել։ Ես օրական մեկ տուփ ծխախոտ էի ծխում, դա ինձ վրա շատ թանկ էր նստում, բացի այդ, ֆիզիկապես ես ինձ վատ էի զգում՝ արագ հոգնում էի, դժվարությամբ էի շնչում, էներգիաս չէր բավարարում», - պատմում է Դեւիդը։

Թեեւ նա հասկանում էր, որ ծխելուց ավելի լավ է հրաժարվել, դրա համար լուրջ դրդապատճառ չուներ։ Դրդապատճառ չէր անգամ շատ ծխող խորթ հոր մահը թոքերի քաղցկեղից։

Որոշումն ընդունվեց անսպասելի՝ մի անգամ ընդմիջման ժամին Դեւիդը զրուցում էր աշխատակցի հետ, եւ նրանք որոշեցին միասին թողնել ծխելը։ 1982 թվականն էր, Դեւիդը 28 տարեկան էր։

Գործընկերոջ հետ նրանք գրվեցին վարքագծի փոփոխության կուրսերի։ Այնտեղ նրանց հետաքրքիր խնդիր տվեցին՝ ամեն ծխած ծխախոտից հետո հատուկ օրագրում գրել, թե ինչու այն ծխեցիր եւ որքան ուժեղ էր այդ ցանկությունը։

«Մի երկու շաբաթ մենք ուղղակի գրում էինք, թե ինչու ենք ծխում՝ շատ եմ ուզում ծխել կամ ձանձրանում եմ եւ պետք է մի բանով զբաղվել կամ էլի ինչ-որ բան», - պատմում է Դեւիդը։

Հաջորդ առաջադրանքը եղել է դադարեցնել ծխել այն ծխախոտները, որոնք այնքան էլ չես ուզում եւ որոնք ծխում ես ձանձրույթից կամ ընկերակցելու համար։ Ըստ Դեւիդի՝ այդ ծխախոտներից հրաժարվելը դժվար չէր, չէ որ օրագրի վարման շնորհիվ նա սկսել էր հստակ հասկանալ, թե երբ է ծխելը ֆիզիկական պահանջ, իսկ երբ՝ ուղղակի զվարճանք։

Հաջորդ քայլն այն էր, որ ծխախոտին հասնելը պետք է դժվար լիներ՝ տուփը չէր կարելի պահել գրպանում, այն պետք է լիներ այնպիսի տեղում, որպեսզի հասնելու համար ջանքեր պահանջեր։ Դեւիդը շատ էր ավտոմեքենա վարում, այդ պատճառով որոշեց ծխախոտի տուփը բեռնախցիկում պահել։ Ամեն անգամ ծխելու համար նրան անհրաժեշտ էր կանգնեցնել ավտոմեքենան, իջնել եւ գնալ դեպի բեռնախցիկը բացել․․․ Հաճախ նա ծուլանում էր դա անել, ինչի շնորհիվ սկսեց ահագին քիչ ծխել։

Դեւիդը լավ է հիշում այն օրը, երբ ծխած ծխախոտների թիվը հասավ զրոյի՝ 1982թ․ հոկտեմբերի 21-ն էր։

Ամբողջ գործընթացը, Դեւիդի խոսքերով, մոտ 7 շաբաթ է տեւել եւ նրան հեշտությամբ է տրվել՝ նա չի տառապել, անհարմարություն չի զգացել, չի նյարդայնացել։ Ըստ Դեւիդի, բոլոր մարդիկ, ովքեր ցանկանում են թողնել ծխելն առանց նյարդայնանալու, կարող են հետեւել իր օրինակին եւ անել այն ամենը, ինչ անում էին շատ տարիներ առաջ։ Պետք է սկսել օրագրից, որտեղ գրառումներ կատարել յուրաքանչյուր ծխած ծխախոտի մասին ՝ գիտակցելով, թե ինչու եք դուք այն ծխում։

«Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր մի գիշերվա ընթացքում թողել են ծխելը, սակայն հետո նորից սկսել։ Իսկ ես ու ընկերս երկար էինք թողնում, սակայն այն ժամանակվանից այլեւս չենք ծխել»,- պատմեց Դեւիդը, ապա հավելեց․ «Այժմ ես ինձ լավ եմ զգում, թեթեւ եմ շնչում, էներգիաս նույնիսկ ավելի շատ է, քան 20 տարեկանում։ Կարծում եմ՝ բոլորը պետք է հրաժարվեն»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել