• Latest news

Առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր. Վարչապետի մոտ քննարկվել է բժշկական ապահովագրման ներդրման հարցը

18 հունվարի, 2019  17:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման վերաբերյալ:

«Սա ռազմավարական նշանակության հարց է Հայաստանի Հանրապետության և մեր կառավարության համար, որովհետև առողջապահության, բժշկական ծառայությունների հասանելիությունը քաղաքացիների բարեկեցության անկյունաքարային բաղադրիչներից է, և մենք «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում հստակ արձանագրել ենք, որ այս ուղղությամբ մինչև 2023 թվականը պետք է ունենանք շատ կոնկրետ արդյունքներ: Իհարկե, այս ուղղությամբ աշխատանքը նոր չի սկսվել. մեր նախորդ կառավարության ձևավորման առաջին օրից այս ուղղությամբ աշխատում ենք, և այսօր պետք է քննարկենք, թե ուր ենք հասել, ինչ ճանապարհով և ինչ ժամանակացույցով ենք գնալու առաջ», - խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը զեկուցել է, որ աշխատանք է կատարվել անհրաժեշտ քայլերն ուրվագծելու ուղղությամբ, և մշակվել է համապատասխան վերլուծական փաստաթուղթ: Նա ներկայացրել է Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրման նպատակները՝ բնակչության համար բժշկական օգնության և սպասարկման որակի ու մատչելիության բարձրացում, առողջապահության ոլորտի ֆինանսավորման նոր աղբյուրների ներգրավում, բուժօգնության որակի վերահսկման նոր մեխանիզմների ներդրում, ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացում և ստվերային դրամաշրջանառության վերացում և սկզբունքները՝ առողջապահության ոլորտում սոցիալական համերաշխության և արդարության երաշխավորումը, բնակչության տարբեր խմբերի բուժօգնության ֆինանսական ռիսկերի համախմբումը և մատուցվող ծառայությունների փաթեթների միասնականացումը: Արսեն Թորոսյանը նաև ներկայացրել է համակարգի ընդգրկման (ծածկույթի), ներդրման փուլերի, ապահովագրական բուժօգնության ծավալի, ապահովագրավճարների նախնական հաշվարկների, համակարգի ներդրման ինստիտուցիոնալ, ֆինանսավորման և կառավարման մեխանիզմների մասով կատարված վերլուծությունը, ինչպես նաև այս առումով միջազգային հաջող փորձը:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում համապարփակ բժշկական ապահովագրական համակարգի ներդրմանն առնչվող մանրամասների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են կառավարման ձևաչափին, ներդրման ժամկետներին, ընդգրկման ծածկույթին, ֆինանսավորման մեխանիզմներին, պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց դիտողություններն ու նկատառումներն են հայտնել քննարկվող փաստաթղթի առնչությամբ, հանդես եկել առաջարկություններով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկման նպատակը, բոլոր հնարավոր սցենարները և տեսակետները հաշվի առնելով, համապարփակ բժշկական ապահովագրության համակարգի ներդրման ճանապարհային քարտեզի մշակումն է՝ հնարավորինս օպտիմալ լուծումների հասնելու համար:

Անդրադառնալով առողջապահության ոլորտում կառավարության քաղաքականությանը՝ վարչապետը նշել է. «Մեր քաղաքական դիրքորոշումը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում առողջապահության ստանդարտները պետք է լինեն բարձր»:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ապահովագրության համակարգի ներդրման շուրջ հանրային քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ հանրությանը պետք է պարբերաբար իրազեկել նախաձեռնվող բարեփոխումների մասին. «Սաղմնային մակարդակից հանրությունը պետք է տեղեկացված լինի, թե մենք ինչ ենք խոսում, ինչ տարբերակներ կան և ինչերի կարող ենք հանգել: Դա, ի վերջո, ցանկացած ռեֆորմի հաջողության համար շատ կարևոր բաղադրիչ է: Առկա գաղափարները, հնարավորությունները, այլ երկրներում կիրառված մոդելները կարող են քննարկման առարկա դառնալ: Մենք միանշանակ պետք է գնանք այդ ճանապարհով, որպեսզի կարողանանք ճիշտ մթնոլորտում խնդիրները լուծել», - նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներին՝ համատեղ աշխատել քննարկվող փաստաթղթի լրամշակման ուղղությամբ, հստակեցնել կոնցեպտուալ հարցերի շուրջ դիրքորոշումները և սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներով և հստակ ժամակացույցով հայեցակարգային փաստաթուղթ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է