• Latest news

Ծխելն ինչո՞վ է նման տանիքից ցատկելուն եւ ինչո՞ւ ոչ բոլոր ծխողներն են ապրում մինչ ծերություն

26 փետրվարի, 2019  16:02

Եթե ծխողին պատմես այն մասին, թե ծխախոտը որքան վնասակար է եւ դրա հետեւանքով իր մոտ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, նա, ամենայն հավանականությամբ, կասի, որ իր պապը (կամ ազգականներից որեւէ մեկ ուրիշը) ամբողջ կյանքում ծխել է եւ մինչեւ խոր ծերություն ապրել:

Այս փաստարկը բազմիցս լսել է նաեւ ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նույնիսկ բժշկական համալսարանի ուսանողներից, որտեղ դասախոսում է: Նման ուսանողներին նա մշտապես նույն պատասխանն է տալիս:

«Ես նրանց ասում եմ՝ եկեք հիմա միասին բարձրանանք մեր շենքի տանիք եւ վայր ցատկենք: Մենք 15 մարդ ենք, եւ մեզանից մեկը ցատկելուց հետո հավանաբար ողջ կմնա: Բայց սա չէ՞ որ չի նշանակում, թե 5-հարկանի շենքի տանիքից ցատկելն անվտանգ է, եւ որ մնացյալ բոլորը նույնպես չեն մահանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ուռուցքաբանը:

Նրա խոսքով՝ ծխելը ինչ-որ բանով նման է բարձր տանիքից ցատկելուն, որը նա օրինակ է բերում իր ուսանողներին. եթե որեւէ մեկը ծխել է ու չի հիվանդացել, դա դեռեւս չի նշանակում, որ մնացյալը նույնպես չեն հիվանդանա ու կապրեն մինչեւ ծերություն:

Ուռուցքաբանը հիշեցրեց, որ աշխարհում ամեն տարի ծխախոտի պատճառով մահանում է մոտ 6 մլն մարդ, եւ նրանցից միայն 5 մլն-ն է ծխող, իսկ մնացյալը իրենք չեն ծխում, բայց հիվանդանում եւ մահանում են այն պատճառով, որ ուրիշները ծխում են իրենց ներկայությամբ:

Մասնագետը նշեց, որ ծխախոտի ծխի մեջ պարունակվում է ավելի քան 4 հազար քիմիական նյութ, որոնցից 250-ը ճանաչվել են առողջության համար վտանգավոր, իսկ 50-ը՝ քաղցկեղածին, այսինքն՝ քաղցկեղային հիվանդություններ առաջացնող: Հենց այս պատճառով է ծխելը կապված ուռուցքային եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հետ:

Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ նիկոտինային կախվածությունը նույնպես հիվանդություն է համարվում եւ նույնիսկ մտցված է Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ (կոդ՝ F17): Ուստի ծխողները բուժման կարիք ունեն ճիշտ այնպես, ինչպես այլ հիվանդություններով մարդիկ: Նաեւ կանխարգելում է անհրաժեշտ՝ մյուսների մոտ այս հիվանդության կանխման եւ ծխածոտի ծխի ազդեցությունից մարդկանց պաշտպանության համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll