Ծաղկաձորում հունիսի 7-8 տեղի է ունեցել նյարդաբանների գիտաժողով՝ ինսուլտների բուժման նոր կենտրոնի բացմանն ընդառաջ: Գիտաժողովում, որին բացի հայ նյարդաբաններից մասնակցել են նաեւ մասնագետներ Կանադայից, քննարկվել են ինսուլտների՝ գլխուղեղի կաթվածների արդիական բուժման հարցերը:
Ինսուլտների բուժման նոր կենտրոնը՝ Stroke Center-ը, բացվելու է Էրեբունի բժշկական կենտրոնում այսօր, հունիսի 9-ին: Կենտրոնի նպատակն է ոչ միայն բուժել արդեն իսկ զարգացած ինսուլտների հետեւանքները, որպեսզի մարդիկ հաշմանդամ չդառնան, այլեւ նոր մեթոդների եւ մոտեցումների օգնությամբ կանխել նոր զարգացող ինսուլտները, որպեսզի դրանք ընդհանրապես չզարգանան եւ ոչ մի վնաս մարդուն չհասցնեն:
«Այսօր մենք ունենք խնդիր ինսուլտների արդիական բուժման հետ: Խնդիրն այն է, որ մենք այսօր բուժում ենք ինսուլտների հետեւանքները, այսինքն, արդեն կայացած ինսուլտն ենք բուժում: Stroke կենտրոնի ստեղծման իմաստն այն է, որ կարողանանք քաղաքացուն տալ որակյալ բուժում, եւ ոչ թե բուժել կայացած ինսուլտը, այլ կանխարգելել այն», - ասել է լրագրողներին Էրեբունի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը:
Նա նաեւ հավելել է, որ կենտրոնում աշխատող բժիշկները վերապատրաստվել են ԱՄՆ-ում եւ Կանադայում, իսկ մասնագետներն այդ երկրներից այժմ եկել են Հայաստան՝ օգնելու կառուցել եւ բացել կաթվածների բուժման այս նոր կենտրոնը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին նյարդավիրաբուժության եւ գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոն բացվել է նաեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:






