• Latest news

Հայաստանում կարմրուկի երկրորդ բերովի դեպքն է արձանագրվել. Հիվանդը եկել է Բրյուսելից՝ Վրաստանով

7 մարտի, 2019  10:45

Մարտի 6-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը: Հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը, կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա: Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:

Հիշեցնենք, որ կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել է  փետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայի  քաղաքացու մոտ: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ)

Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Աշխարհում կարմրուկի առումով իրավիճակն անհանգիստ է: Բազմաթիվ երկրներում, այդ թվում մեզ հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով: 

Պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար: Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, հորդորում ենք դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll