Հունիսի 13-ին Հայաստանի Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում անցկացվել է ուռուցքաբանության հարցերին նվիրված գիտաժողով։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել նաեւ Շվեդիայի կողմից ուռուցքաբանության կենտրոնին նոր գծային արագացուցիչի նվիրատվության արարողությունը։ Բացի հայ եւ շվեդ ուռուցքաբաններից գիտաժողովին մասնակցել էն նաեւ Բելառուսի Գոմել քաղաքից ժամանած մասնագետներ, որոնք տեղացի բժիշկներին պետք է սովորեցնեն օգտվել սարքից ։

Ինչպես նշել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը, գիտաժողովին զեկույցներով հանդես են եկել ինչպես հայ մասնագետները, այնպես էլ Բելառուսից եւ Շվեդիայից ժամանած մասնագետները։

Գիտաժողովի ավարտին եզրափակիչ խոսքով ելույթ են ունեցել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգը։

«Էլեկտա ընկերության կողմից տրամադրված գծային արագացուցիչը չափազանց կարեւոր է նոր մոտեցումներ ձեւավորելիս՝ ուռուցքային հիվանդների բուժման հարցում», - ասել է Հայաստանի առողջապահության նախարարը։

Իր հերթին Էվա Բյորլինգը հույս է հայտնել, որ նոր սարքը կօգնի զարգացնել եւ նոր մակարդակի վրա բարձրացնել չարորակ ուռուցքների բուժումը Հայաստանում։

Գիտաժողովի ավարտին Շվեդիայի թագավորության առեւտրի նախարար Էվա Բյորլինգին շնորհեցին ՀՀ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի պատվավոր պրոֆեսորի կոչում։