Իսկ կա՞ր արդյոք աղիքային ցուպիկ. «Մալայան» ԲԿ-ի շուրջ պատմությունն ավելի խճճված է դառնում

10 մայիսի, 2019  19:03

10 պացիենտից 6-ի մոտ, որոնց մայիսի 8-ին արվել է ներակնային ներարկում Ս.Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում, լուրջ խնդիրներ են առաջացել տեսողության հետ կապված, եւ նրանց վիրաբուժական միջամտություն է հարկավոր։ Ի՞նչն է դարձել այս պացիենտների աչքերի ծանր բորբոքման պատճառ։ Այս հարցը առայժմ բաց է մնում։

Մալայանի կենտրոնի փոխտնօրեն Զարա Մալայանը մայիսի 9-ին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ դեղը, որը ներարկել են պացիենտներին, համաձայն նախնական անալիզների, վարակված էր աղիքային ցուպիկով, այդ նույն վարակը թափանցել է պացիենտների աչքերի մեջ եւ առաջ բերել բորբոքում։
Սակայն, ըստ մասնագետների, անհնար է մի քանի ժամում իրականացնել դեղամիջոցի մանրէաբանական հետազոտություն եւ պարզել, թե ինչ վարակ կա դրանում. դրա համար առնվազն մի քանի օր է հարկավոր։ Հայաստանի առողջապահության նախարարությունը աղիքային ցուպիկի մասին տեղեկությունը նույնպես չի հաստատել. դեղամիջոցի սրվակը, որից ներարկել են պացիենտներին, հիմա ստուգվում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի լաբորատորիայում, եւ արդյունքները պատրաստ կլինեն միայն երկու շաբաթից, իսկ մինչ այդ անհնար է ճշգրիտ ասել՝ կա՞ արդյոք սրվակում վարակ, եւ եթե այո՝ ինչպիսի՞ն։

Ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մայիսի 8-ին դիաբետիկ ռետինոպատիայով 10 պացիենտ ստացել է ներակնային ներարկում սրվակներից մեկի դեղամիջոցով, եւ յուրաքանչյուրի համար օգտագործվել է մեկանգամյա ներարկիչ։ 10 պացիենտից 8-ի մոտ հաջորդ օրը սկսվել են խնդիրներ. նրանց աչքերը բորբոքվել են եւ թարախակալել։ Նրանցից երկուսի բորբոքումը հաջողվել է վերացնել դեղերի օգնությամբ, մնացած 6-ի համար վիրաբուժական միջամտության անհրաժեշտություն է առաջացել։

Հիմա, ըստ տնօրենի, բոլոր տուժածները լավ են զգում եւ արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Նրանց տեսողությանը, մասնագետների խոսքով, ոչինչ չի սպառնում. այն կվերականգնվի ժամանակի ընթացքում։

Ալեքսանդր Մալայանը չի ցանկացել խոսել այն մասին, թե ինչ դեղ են ներարկել պացիենտներին, բայց նշել է, որ դեղի յուրաքանչյուր սրվակ հաշվարկված է 10-12 պացիենտի համար, եւ որ սրվակները պահվում են պատշաճ պայմաններում։

Պացիենտներից եւ նրանց հարազատներից հայտնի դարձավ, որ նրանց ներարկել են շվեյցարական Ռոշ ընկերության արտադրած Ավաստին (Avastin) դեղամիջոցը։ Հետաքրքիր է, որ այդ դեղամիջոցը նախատեսված չէ ակնաբուժության մեջ օգտագործելու համար։

Դեղագործ Կարեն Թոփուզյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ավաստինը հակաուռուցքային դեղամիջոց է. դրա հրահանգում ասված է, որ այն օգտագործվում է քաղցկեղի տարբեր տեսակների, այդ թվում հաստ աղիի մետաստատիկ քաղցկեղի, կաթնագեղձի եւ թոքի քաղցկեղի բուժման համար։ Կա դեղամիջոցի երկու չափաբաժին՝ 100 եւ 400 միլիգրամ։

Դեղի արտադրողի կազմած հրահանգում  չի նշվում, որ այն կարելի է կիրառել ակնաբուժության մեջ:

Սակայն որոշ ակնաբույժներ այն այնուամենայնիվ կիրառում են: Ավելին՝ 2016-ի սեպտեմբերին Մոսկվայի Գելմգոլցի անվան աչքի կլինիկայում նմանատիպ սկանդալ էր առաջացել. աչքի խնձորակում Ավաստինի ներարկումներ ստացած 11 պացիենտներից 9-ը նույն խնդրին էին բախվել, ինչ երեւանյան պացիենտները:

Այդ ժամանակ դեղամիջոցը ժամանակավորապես դուրս էր հանվել շրջանառությունից, սակայն արդեն 2016-ի դեկտեմբերին վերականգնվել առողջապահության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության կողմից: Այդ ժամանակ Roche Holding ընկերությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ պացիենտները դեղն ըստ հրահանգի չօգտագործելու պատճառով կորցրել են տեսողությունը:

Ռոսզդրավնադզորի տվյալներով՝ դեղի արտադրողն իմացել է ակնաբուժության մեջ դրա կիրառման անցանկալի կողմնակի ազդեցության մասին (բորբոքային հիվանդություններ, էնդոֆտալմիտներ, աչքի մթագնման ախտանշաններ, ապակենման մարմնում փաթիլանման մթագնումներ եւ այլն):

Ավելին՝ ընկերությունն անձամբ դիմել է բժիշկներին՝ պնդելով, որ Roche-ն «երբեք չի ուսումնասիրել եւ չի ձգտել գրանցել Ավաստինը ակնաբուժության մեջ կիրառելու համար»:

Ինչու՞ են ուրեմն այդ դեղամիջոցը շարունակում կիրառել ակնաբուժության մեջ:

Փորձագետների կարծիքով՝ դրա պատճառ կարող է լինել այն, որ հիմնական գործող նյութ է բեվացիզումաբը, որի թերապեւտիկ ազդեցությունը հավասարազոր է ռանիբիզումաբուին (առեւտրային անվանումը Լուցենտիս):

Այն կիրառվում է ակնաբուժության մեջ, սակայն Ավաստինից 3 անգամ թանկ է (միջինում՝ ավելի քան 300 հազար դրամ, մինչդեռ Ավաստինի 100 մգ ամպուլան արժե մոտ 120-130 հազար դրամ, իսկ 400մգ-ն՝ մոտ 400 հազար դրամ):

Մեկ այլ հետաքրքիր հարց է, թե որտեղից է ձեռք բերվել դեղը, որը ներարկվել է Երեւանի պացիենտներին:

ԶԼՄ-ում տեղեկություններ են տարածել այն մասին, որ դեղը գնել են Նատալի ֆարմ դեղատմից, սակայն բժիշկները Նատալի ֆարմի ներկայացուցիչներին ասել են, որ դեղն իրենցը չէ: Այսպես թե այնպես, եթե պահպանվել է դեղի տուփը, դրանով հեշտությամբ կարելի է պարզել, թե ով եւ երբ է այն ներկրել Հայաստան:

Հավանականությունը, որ ինֆեկցիան, ինչպիսին էլ որ այն լինի, ի սկզբանե ամպուլայում եղել է մինչեւ այն բացելը, գրեթե զրոյական է, ինչպես պնդում է համաճարակաբան Սոնյա Սարգսյանը:

Մասնագետի խոսքով դեղերի արտադրմանը շատ խիստ պայմաններ են ներկայացվում եւ դրանք պատրաստվում են կատարյալ ստերիլության պայմաններում: Սակայն եթե բացենք ամպուլան, դրա մեջ հեշտությամբ կարող է ինֆեկցիա հայտնվել, եթե այն ոչ պատշաճ պայմաններում պահենք կան սխալ օգտագործենք:

Դեղին կից հրահանգում նշվում է, որ Ավաստինը հակամիկրոբային կոնսերվանտ է պարունակում, ուստի հարկավոր է պահպանել պատրաստված լուծույթի ստերիլությունը եւ այն բացելուց անմիջապես հետո օգտագործել:

Եթե դեղն ինչ-որ պատճառով միանգամից չի օգտագործվում, այն կարելի է պահել 24 ժամից ոչ ավել 2-8 աստիճան ջերմաստիճանի պայմաններում, եթե այն բացվել է «վերահսկելի եւ պատշաճ ասեպտիկ պայմաններում», սակայն անգամ նման  պահպանումը օգտագործողի պատասխանատվությունն է:

Ինչպես նշեց Սոնյա Սարգսյանն, ի սկզբանե չաղտոտված դեղամիջոցով ստերիլ ամպուլայի մեջ ինֆեկցիան կարող է ներթափանցել երեք ճանապարհով՝ բուժաշխատողի ձեռքերից, ոչ ստերիլ գործիքներից եւ ոչ ստերիլ շրջակա միջավայրից:

Այսպես թե այնպես, դեռ հայտնի չէ՝ արդյոք ամպուլայում ինֆեկցիա եղել է, այդ հարցին կպատասխանի ամպուլայի հետազոտությունը, ինչպես նաեւ նոր, նույն խմբաքանակի դեղով չբացված ամպուլայի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի