• Latest news

Դեղերի մասին ՀՀ նոր օրենքը կնպաստի՞ դեղերի գների իջեցմանը

20 հունիսի, 2014  13:47

ՀՀ առողջապահության նախարարությունը եւ Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միությունը այսօր, հունիսի 20-ին, քննարկում էին կազմակերպել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերջին փոփոխությունների եւ դեղերի շրջանառության ոլորտի բարեփոխումների նախագծերի շուրջ: Քննարկմանը ներկա էին նաեւ Հայաստանում գործող դեղագործական ընկերությունների եւ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

Ինչպես լրագրողներին հայտնեց Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, օրենքի նոր նախագիծը տարբերվում է հնից. այն ավելի ժամանակակից է եւ ավելի հստակ:

Նոր օրենքը, Հակոբ Թոփչյանի խոսքով՝ «ամբողջականորեն ընդգրկում է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտը՝ դեղի արտադրությունից եւ կլինիկական փորձարկումներից սկսած մինչեւ դեղի գրանցումը եւ շրջանառությունը դեղատնային ցանցում՝ ապահովելով դեղի հիմնական այն բոլոր ցուցանիշները, որոնք վերաբերվում են որակին, անվտանգությանը, արդյունավետությանը»:

Մասնագետների կարծիքով՝ եթե օրենքի այս նոր նախագիծն ընդունվի, այն կարող է նպաստել երկրում դեղերի գների իջեցմանը եւ կեղծ դեղերի քանակի նվազեցմանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարի խորհրդական, դեղորայքային քաղաքականության հարցերով դեղագործական գիտությունների թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը, ազգային դեղային քաղաքականության հայեցակարգն ընդունվել եւ հաստատվել է նոր կառավարության ծրագրում 2014 թվականի մարտին: Այժմ ծրագրի շրջանակներում այդ հայեցակարգը մշակվում է. նրանում ընդգրկվում են ոլորտի մի շարք բարեփոխումներ եւ դեղերի գների իջեցմանն ու կեղծ դեղերի դեմ պայքարին ուղղված քայլեր:

Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը լրագրողներին ասաց, որ, իր կարծիքով, դեղագործական ոլորտի վիճակը երկրում այսօր ավելի բարվոք է, քան շատ այլ ոլորտների: Ոլորտը լավ աճ է ապրել նախորդ տարի՝ տեղական արտադրանքը ավելացել է 26 տոկոսով, իսկ արտահանումը՝ 30 տոկոսով:

Սամվել Զաքարյանը նշեց նաեւ, որ նախորդ տարի առաջին անգամ դեղագործական կազմակերպությանը պատշաճ գործունեության եւ արտադրության հավաստագիր է տրվել:

«Մոտ օրերս եւս մեկ կազմակերպություն կստանա այդ հավաստագիրը, ինչը կազմակերպությանը հնարավորություն կտա մեծացնել թե իրենց արտադրության, թե արտահանման ծավալները», - նշեց Սամվել Զաքարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել