• Latest news

Եթե բոլոր հայերը թողնեն ծխելը, թոքերի քաղցկեղով հիվանդացությունը նկատելիորեն կնվազի. նախարար

1 նոյեմբերի, 2019  15:32

Եթե Հայաստանի բոլոր բնակիչները թողնեն ծխելը, շատ հիվանդություններով հիվանդացությունը նկատելիորեն կնվազի: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հայաստանում տարեկան գրանցվում է թոքերի, կոկորդի եւ լեզվի քաղցկեղի գրեթե 1900 նոր դեպք, եւ դրանց մեծ մասը կապ ունի հենց ծխելու հետ: Նախարարի խոսքով՝ եթե վերացնենք ռիսկի այդ գործոնը, հիվանդացությունը կնվազի 9 անգամ, եւ ամեն տարի կգրանցվի ընդամենը մոտավորապես 200 նոր դեպք:

Նախարարը նաեւ հիշեցրեց, որ ծխելը մի շարք այլ հիվանդությունների, այդ թվում՝ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գործոն է համարվում, որոնք այսօր երկրում առաջին տեղում են ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության մակարդակով:

Պետբյուջեի նախագծի համաձայն՝ մինչեւ 2022 թվականը ծխելու դեմ պայքարի համար կտրամադրվի տարեկան 100 մլն դրամ: Նախարարի խոսքով՝ այդ գումարը կծախսվի հանրությանը ծխելու վնասի մասին իրազեկելու, միջոցառումներ անցկացնելու, պաստառներ, բրոշյուներ տպագրելու եւ տեղեկատվության տարածման այլ միջոցների համար: Ոչ հեռավոր ապագայում ծրագրվում է հակածխախոտային պաստառներ փակցնել նաեւ զորամասերում, որտեղ ծխելու խնդիրը շատ լուրջ է:

Հիշեցնենք, որ շուտով Ազգային ժողովը կքննարկի նոր հակածխախոտային օրենքը, որը մի շարք սահմանափակումներ է ենթադրում, այդ թվում՝ հասարակական փակ հաստատություններում ծխելու արգելք:

Հիշեցնենք նաեւ, որ հակածխախոտային օրենքը ԱԺ Առողջապահության եւ սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի փոխարեն կքննարկի Տնտեսական հարցերով հանձնաժողովը: Փորձագետները դա Հայաստանի համար այդքան կարեւոր օրենքը տապալելու փորձ են համարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել