• Latest news

Ամբողջ աշխարհում մահվան 10 հիմնական պատճառները

9 նոյեմբերի, 2019  17:36

Աղքատ երկրներում մահվան ավելի տարածված պատճառներն են շարունակում մնալ վարակիչ հիվանդությունները. լուծը, շնչառական ուղիների վարակները եւ այլ հիվանդություններ շարունակում են խլել ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների կյանքեր: Զարգացած երկրներում վարակների դեմ շատ ավելի արդյունավետ են պայքարում, իսկ մահվան թվով առաջին տեղում են ոչ վարակիչ հիվանդությունները՝ շաքարային դիաբետը, քաղցկեղը եւ սրտային հիվանդությունները:

ԱՀԿ տեղեկություններով՝ աշխարհում մահվան 10 հիմնական պատճառների ցուցակը հետեւյալ տեսքն ունի.

Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունը այսօրվա դրությամբ «ամենաարդյունավետ» մարդասպանն է. ամբողջ աշխարհում մարդկանց մեծ մասը մահանում է հենց այս հիվանդության հետեւանքով: Մասնագետները հիշեցնում են, որ սրտի հիվանդության զարգացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է. այն նպաստում է անոթների նեղացմանը եւ աթերոսկլերոզի զարգացմանը՝ խախտումներ, որոնց պատճառով սրտամկանը սկսում է ունենալ թթվածնի անբավարարություն: Թթվածնի դեֆիցիտի հետեւանքը դառնում են սրտային անբավարարության զարգացումը, առիթմիան, սրտի կաթվածը եւ սրտի հանկարծամահությունը:

Կաթված

Կաթվածը ուղեղում արյունատար անոթի նեղացման, փակման եւ պայթման հետեւանք է: Ուղեղի տարածքը, որը սնուցել է վնասված անոթը, այլեւս չի մատակարարվում արյունով եւ մահանում է: Եթե այդ տարածքը պատասխանատու է կենսական կարեւոր ֆունկցիաների համար, վրա է հասնում մահը: Կաթվածը ամբողջ աշխարհում մահվան ամենատարածված պատճառներից մեկն է: Կաթվածի զարգացմանը նպաստում են ոչ առողջ կենսակերպը եւ ծխելը:

ԹՔՕՀ

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը տարեկան խլում է մոտավորապես 3 միլիոն մարդու կյանք: Քրոնիկական բրոնխիտը, որը տիպական է ԹՔՕՀ-ի համար, եւ թոքերի էմֆիզեման սովորաբար ծխելու, ավելի հազվադեպ՝ շնչառական օրգանների համար այլ թունավոր նյութերի ազդեցության հետեւանք են:

Շնչառական օրգանների հիվանդություններ

Գրիպի նման հիվանդությունները, սուր շնչառական վիրուսային վարակները կամ թոքաբորբերը հատկապես վտանգավոր են զարգացող երկրներում՝ անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիության բացակայության պատճառով: Զարգացող երկրներում այս շնչառական հիվանդություններից, որպես կանոն, մահանում են տարեցները եւ իմունիտետի դեֆիցիտ ունեցող մարդիկ: Ռիսկային խմբում են նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաները եւ հղի կանայք. նրանց մոտ գրիպի եւ շնչառական այլ հիվանդությունների բարդությունների զարգացման վտանգը ավելի մեծ է, քան ուրիշների:

Շնչառական օրգանների քաղցկեղ

Թոքերի եւ շնչափողի քաղցկեղը ամբողջ աշխարհում դառնում է տարեկան շուրջ 2 միլիոն մարդու մահվան պատճառ: Քաղցկեղի երկու ձեւերը չափազանց ագրեսիվ են, ուշ են հայտնաբերվում եւ արագ հանգեցնում են մահվան: Քաղցկեղի այս երկու ձեւերն էլ շատ տարածված են, բացի այդ, 5 տարվա կյանքը այդ դեպքերում շատ հազվադեպ է՝ հիվանդների ընդամենը 10 տոկոսն է ողջ մնում ախտորոշումից 5 տարի անց: Այս ձեւերի պատճառը սովորաբար ծխելն է. պատահական չէ, որ հիվանդների 90 տոկոսը ծխող է:

Ալցհեյմերի հիվանդություն եւ դեմենցիա

Կյանքի տեւողության եւ մոլորակի վրա տարեց մարդկանց թվաքանակի աճի հետ կապված՝ աճում է նաեւ դեմենցիայով հիվանդացությունը, մասնավորապես՝ Ալցհեյմերի հիվանդությունը: Աճում է նաեւ դրանցից մահացությունը. 2000 թվականից սկսած՝ դեմենցիայի հետեւանքներից աշխարհում ամեն տարի մահացողների թիվը կրկնապատկվել է եւ, ըստ կանխատեսումների, շարունակում է ավելանալ: Այս հիվանդությունների արդյունավետ միջոց առայժմ գոյություն չունի: Կանխարգելման համար նրանց խորհուրդ է տրվում վարել ակտիվ կենսակերպ, մշտապես մարզել ոչ միայն մարմինը, այլեւ ուղեղը:

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետը հանգեցնում է շատ բարդությունների, այդ թվում՝ վնասվում են երիկամները եւ անոթները, ինչի հետեւանքով մարդը կարող է ունենալ սրտային նոպա կամ կաթված:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

ԱՀԿ-ի տեղեկություններով՝ համաշխարհային մասշտաբներով մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների մակարդակը կայունորեն պակասում է: Բայց դրանց փաստացի թիվը դեռեւս մեծ է: Մասնագետների խոսքով՝ հատկապես խոցելի են երեխաները, որոնց մահվան ռիսկը ճանապարհատրանսպորտային պատահարներից շատ բարձր է, եթե նրանք չեն նստում հատուկ մանկական բազկաթոռներին:

Դիարեա

Խոլերան, դիզենտերիան եւ որովայնային տիֆը ամեն տարի սպանում են 1,9 միլիոն մարդու: Նրանց մեծ մասը աղքատ երկրներում ապրող երեխաներն են:

Տուբերկուլյոզ

2000 թվականից տուբերկուլյոզից մահվան թիվը պակասել է, բայց միեւնույն է՝ այս վարակիչ հիվանդությունը, ինչպես նախկինում, ԱՀԿ ներկայացրած՝ մահվան պատճառների ցուցակի առաջին տասնյակում է: Ամեն տարի տուբերկուլյոզին բաժին է ընկնում 1,3 միլիոն մահվան դեպք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել