• Latest news

Ինչի՞ մասին են բոլորը խուսափում խոսել. Ի՞նչ է ՄԻԱՎ-ը եւ ինչ` ՁԻԱՀ-ը

7 հուլիսի, 2014  22:31

Որոշ մարդկանց թվում է, թե ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը նույն հիվանդությունն են: Կամ էլ` գրեթե նույնը: Իրականում այդպես չէ: Ուրեմն ի՞նչ են իրենցից ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը ներկայացնում: Պատասխանները լրագրողների հետ զրույցի ընթացքում «ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց արեւելաեվրոպական եւ միջինասիական միավորման» խորհրդատու եւ «Ուկրաինայի հիվանդներ» կազմակերպության փորձագետ Մարիա Գրիշինան է ներկայացրել.

Ի՞նչ է ՄԻԱՎ-ը

ՄԻԱՎ-ը` մարդու իմունային անբավարարության վիրուսը, մարդուց մարդու փոխանցվող ռետրովիրուս է: Օրգանիզմ ներթափանցելով, այն իմունային համակարգի` CD4 սպիտակուցներ պարունակող բջիջներն է ախտահարում (ինչպիսիք են, օրինակ, լիմֆոցիտները, դենդրիտային բջիջները եւ մակրոֆագները):

Առողջ օրգանիզմում առկա իմունային բջիջները վարակները եւ մանրէները «բռնելու» եւ վնասազերծելու հատկություն ունեն, սակայն մարդու իմունային անբավարարության վիրուսը խորամանկ է, այն հատկապես իմունային բջիջները` CD4+ լիմֆոցիտներն է ախտահարում, որոնք վարակման արդյունքում ոչ միայն ՄԻԱՎ-ի եւ այլ վիրուսների դեմ պայքարելու կարողությունն են կորցնում, այլ նաեւ` դրանց բազմացմանը նպաստում. իրենք էլ աստիճանաբար սկսում են մահանալ:

Առողջ մարդու օրգանիզմում առկա մեկ միկրոլիտր արյան մեջ շուրջ 1000 CD4+ T-լիմֆոցիտներ կարելի է գտնել, որոնք միանգամայն հաջող պայքար են մղում վիրուսների մեծ մասի դեմ: Իսկ ահա ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց օրգանիզմում հիշյալ բջիջների քանակն աստիճանաբար նվազում է: Երբ մեկ միկրոլիտր արյան մեջ CD4+ T-լիմֆոցիտների քանակը 200-ից քիչ է կազմում, օրգանիզմը կորցնում է որեւէ տեսակի վարակների եւ հիվանդությունների դեմ պայքարելու կարողությունը. այլ կերպ ասած` իմունային համակարգը պարզապես դադարում է օրգանիզմը պաշտպանել:

ՄԻԱՎ-վարակի զարգացման չորս փուլերը

Մասնագետները սովորաբար ՄԻԱՎ-վարակի զարգացման չորս փուլեր են առանձնացնում.

1-ին փուլը «պատուհանի ժամանակահատված» է կոչվում եւ վարակման պահից սկսած` 3-ից 6 ամիս է տեւում` կախված այն հանգամանքից, թե հիվանդի իմունային համակարգը որքան ուժեղ է գտնվել` վիրուսի հետ հանդիպումից առաջ: Այս ժամանակահատվածում հետազոտությունները մեծ ի մասամբ ի վիճակի չեն մարդու մոտ ՄԻԱՎ-ի առկայություն հաստատել, իսկ իմունային բջիջներն էլ շարունակում են, աննշան փոփոխություններով, գրեթե նույն մակարդակն ապահովել: Սակայն նույնիսկ այս ընթացքում հիվանդը կարող է հեշտությամբ վարակը մեկ այլ մարդու փոխանցել:

2-րդ փուլը ասսիմպտոմիկ է կոչվում: Այն կարող է 3-15 տարի տեւել, որի ընթացքում մեկ միկրոլիտր արյան մեջ CD4+ T-լիմֆոցիտների քանակը, կրկնակի կրճատվելով, 500-ի է հասնում: Փուլի տեւողությունը մարդու իմունային համակարգից է կախված` որքան ուժեղ է այն, այնքան ավելի երկար է օրգանիզմը դիմադրում: Այս փուլի ընթացքում հիվանդը կարող է նույնիսկ չկասկածել, որ ՄԻԱՎ վարակ է կրում:

3-րդ փուլը սիմպտոմիկն է: Երբ CD4+ T-լիմֆոցիտների քանակը 500-ից ցածր է կազմում, վարակված մարդը սկսում է հաճախակի հիվանդանալ. չէ՞ որ նրա օրգանիզմն այլեւս չի կարող նույնիսկ ամենահասարակ վարակներին եւ մանրէներին դիմակայել: 

Բուժման բացակայության դեպքում, երրորդ փուլին անմիջապես չորրորդն է հետեւում, որի ժամանակ մեկ միկրոլիտր արյան մեջ CD4+ T-լիմֆոցիտների քանակը 250-ից ցածր է կազմում, եւ մարդը սկսում է բոլոր տեսակի հիվանդություններով տառապել: Սա արդեն ՁԻԱՀ-ն է  (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ)` ՄԻԱՎ վարակի զարգացման վերջին փուլը: Սովորաբար վարակման պահից մինչեւ ՁԻԱՀ-ի զարգացում մոտավորապես 9-11 տարի է տեւում:

Եվ այսպես, ստացվում է, որ իմունային անբավարարության վիրուսն անձամբ չի սպանում մարդուն. այն ընդամենը նրա իմունային բջիջներն է ախտահարում եւ, բուժման բացակայության պայմաններում, որոշ ժամանակ անց հիվանդի իմունային համակարգն այնքան թուլացնում, որ օրգանիզմն այլեւս կորցնում է պարզագույն մանրէներին, սնկային եւ այլ վարակներին ու հիվանդություններին դիմակայելու կարողությունը: ՁԻԱՀ-ի փուլում գտնվող հիվանդը կարող է հասարակ գրիպից մահանալ:

Ներկայումս ՄԻԱՎ վարակի բուժման միջոցներ գոյություն չունեն, սակայն ժամանակին ձեռնարկված միջոցառումների արդյունքում այն կարելի է վերահսկողության տակ պահել. ՁԻԱՀ-ի փուլի անհասանելիությունն ապահովելով` հիվանդին կարելի է բավականաչափ երկար կյանք ապրելու հնարավորություն ընձեռել: 

NEWS.am Medicine-ի հաջորդիվ ներկայացվելիք նյութերում կարող եք տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչպես է ՄԻԱՎ-ը փոխանցվում, ինչպես կարելի է վարակումից խուսափել, ինչպես են ՄԻԱՎ վարակը բուժում եւ ինչ անել, եթե վարակված լինելու վերաբերյալ կասկածներ ունեք: Հետեւեք կայքի թարմացումներին եւ փորձեք հիշյալ նյութերը եւս աչքաթող չանել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել