• Latest news

Հակածխախոտային օրենքը կօգնի բարելավել մեր հայրենակիցների առողջական վիճակը. պատգամավոր

13 փետրվարի, 2020  12:10

Հակածխախոտային օրենքի ընդունումը Հայաստանի համար շատ կարեւոր է երկարաժամկետ հեռանկարում. այն կօգնի բարելավել մեր հայրենակիցների առողջական վիճակը եւ կնպաստի նրանց բարօրությանը: Ազգային ժողովում հակածխախոտային օրենքի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը:

Պատգամավորն իր ելույթի ժամանակ հայտնեց ծխելու դեմ պայքարում Մեծ Բրիտանիայի փորձի մասին: 2007 թվականի հուլիսի 1-ից Մեծ Բրիտանիայում սկսել է գործել հասարակական վայրերում, աշխատավայրերում եւ տրանսպորտում ծխելու արգելքը: Այդ ժամանակից անցել է 10 տարուց ավելի, եւ երկրում ծխողների թիվը բնակչության 22 տոկոսից նվազել է մինչեւ 18 տոկոս: Այսօրվա դրությամբ՝ Հայաստանում ծխում է բնակչության մոտ 29 տոկոսը:

Մեծ Բրիտանիայում հակածխախոտային օրենքը մտցնելուց հետո նվազել է նաեւ երեխաների շրջանում ասթմայով հիվանդացությունը. եթե նախկինում հիվանդացությունն աճում էր տարեկան 5 տոկոսով, ապա օրենքի ընդունումից հետո 18 տոկոսով նվազել է: Պատգամավորը հիշեցրեց, որ ծխախոտի ծխի հանդեպ երեխաներն առանձնապես խոցելի են, եւ շատ հաճախ պասիվ ծխելու պատճառով նրանց մոտ տարբեր հիվանդություններ են զարգանում, այդ թվում՝ ասթմա:

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ նախապես մտավախություններ կային, որ եթե հասարակական վայրերում ծխելն արգելվի, մարդիկ կսկսեն տանը ծխել՝ իրենց երեխաներին եւ ընտանիքի չծխող անդամներին ենթարկելով է՛լ ավելի մեծ վտանգի, սակայն Մեծ Բրիտանիայի փորձը ցույց է տվել, որ այդպիսի բան տեղի չի ունեցել. հակառակը՝ մարդիկ սովորել են ծխելու համար փողոց դուրս գալ, եւ ավելի մեծ թվով երեխաներ են սկսել ապրել ծխից ազատ տներում:

Պատգամավորը նաեւ նշեց, որ մեծ թվով զարգացած երկրների փորձը ցույց է տվել, որ հակածխախոտային օրենքներն ուղղված են բնակչության առողջության եւ բարօրության աջակցությանը: Եվ այս իմաստով Հայաստանը բացառություն չի լինի՝ օրենքի ընդունումը դրական կազդի մարդկանց առողջության վրա:

Ինքը՝ Տաթեւիկ Հայրապետյանը, իր խոսքով, մեծացել է չծխող ընտանիքում, եւ համոզված է, որ իր բախտը շատ է բերել:

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ անկախ տնտեսական հնարավոր խնդիրներից, որոնց մասին պատգամավորներն ասում են, անհրաժեշտ է քվեարկել այս օրենքի ընդունման օգտին, քանի որ այն անհրաժեշտ է մարդկանց առողջության պահպանման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է