• Latest news

Հայրենիք վերադարձած ռազմագերիները ստանում են անվճար հոգեբանական օգնություն

17 դեկտեմբերի, 2020  13:14

Ադրբեջանում գերության մեջ գտնվելուց հետո հայրենիք վերադարձած մեր մի քանի համաքաղաքացիներն արդեն ստանում են անվճար հոգեբանական եւ հոգեբուժական օգնություն: «Դեպի կյանք» նախաձեռնության շրջանակում հայ մասնագետներն այդպիսի օգնություն են առաջարկում վերադարձած բոլոր ռազմագերիներին, ինչպես նաեւ մյուս զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց, որոնք տուժել են ռազմական գործողությունների հետեւանքով:

Հոգեբան եւ հոգեբույժ Արամ Հովսեփյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ Հայաստան վերադարձած ռազմագերիների հետ արդեն երեկ անցկացվել են առաջին սեանսները: Նրանց հոգեկան առողջության մասնագետների մոտ են ուղարկել բժիշկները, որոնք նրանց հետազոտել են վերադառնալուց հետո:

Մասնագետի խոսքով՝ գերության մեջ եղած մարդկանց մեծամասնությունը բախվում է տարբեր հոգեբանական խնդիրների, ուստի վերադարձածներին խորհուրդ է տրվում գոնե մեկ անգամ լինել հոգեբանի մոտ, նույնիսկ եթե նրանց թվում է, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Որպես կանոն, առաջացած խնդիրները մեծապես կախված են այն հանգամանքից, թե մարդը որքան երկար է մնացել գերության մեջ, ինչպիսի պայմաններում են նրան պահել, ինչպես են նրան վերաբերվել, ինչպիսի հանգամանքներում են նրան հայրենիք վերադարձրել, եւ շատ այլ գործոններից:

Մասնագետի խոսքով՝ ռազմագերիներից շատերը բախվում են քնի խանգարումների, դեպրեսիվ վիճակների, տարբեր վախերի: Շատերի համար դժվար է վերապրածից հետո վերադառնալ բնականոն կյանքին եւ հարմարվել: Շատ տարածված են նաեւ հետվնասվածքային սթրեսային խանգարումները:

«Գերության մեջ երկար ժամանակ անցկացնելը, երբ ցանկացած պահի քո կյանքին կարող է վտանգ սպառնալ, երբ քեզ շրջապատում է տոտալ անորոշությունը, տեղեկատվության պակասը՝ այս ամենը հանգեցնում է երկարատեւ սթրեսի կուտակման, եւ սա միանգամայն բնական է ու սպասելի: Ոմանք ավելի լավ են հարմարվում համանման իրավիճակներում, մյուսներն՝ ավելի վատ: Երկու դեպքում էլ խորհուրդ է տրվում թեկուզ մեկ անգամ այցելել մասնագետի: Մենք նրանց մեր ծառայությունները մատուցում ենք բացարձակապես անվճար եւ հնարավոր ամեն ինչ անում ենք, որ այդ մարդիկ ազատվեն տագնապ հարուցող խնդիրներից եւ կարողանան հնարավորինս արագ վերադառնալ բնականոն կյանքին»,- ասաց Արամ Հովսեփյանը:

Մասնագետի խոսքով՝ բնականոն կյանքին ռազմագերիների վերադարձի գործում իր ավանդը կարող է ունենալ նաեւ հանրությունը. դրա համար անհրաժեշտ է... նրանց չպահել ուշադրության կենտրոնում՝ հիմա նրանք այդպիսի ուշադրության կարիք ամենեւին չունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է