• Latest news

Հայաստանում է հանրահայտ ֆրանսահայ վիրաբույժ Արամ Ղազարյանը

6 օգոստոսի, 2014  22:25

Երեւանում է ֆրանսահայ ձեռքի վիրաբույժ, «Ձեռքի փոխպատվաստման ծրագրի» ղեկավար, «Երկիր եւ մշակույթ» բարեգործական կազմակերպության ֆրանսիական մասնաճյուղի նախագահ Արամ Ղազարյանը։ Այստեղ նա պլանավորում է 3 օր անցկացնել եւ այդ ընթացքում մի քանի բարեգործական վիրահատություն իրականացնել։

«Իմ ներկայությունն այստեղ պատասխան է, իսկ պատասխանը կա, որովհետեւ հարց կար դրված։ Այստեղ կան երեխաներ, որոնք բուժման կարիք ունեն, այնպիսի բուժման, որն այստեղ՝ Հայաստանում, դեռեւս չի իրականացվում», - նշել է ֆրանսահայ վիրաբույժը՝ հավելելով, թե փորձում է Հայաստան բերել ձեռքի վիրաբուժությունը, որում արտերկրում է մասնագիտացել։

Արամ Ղազարյանի՝ Հայաստան գալու մյուս պատճառը նրա հայ լինելն է։ «Ես Հայաստանում չեմ ապրում, բայց հայ եմ։ Իմ ցանկությունն է այստեղ լինել, եղբայրներիս հետ աշխատել», - նշել է նա։

3 օրերի ընթացքում Արամ Ղազարյանը շուրջ 30՝ հիմնականում ծննդաբերական կաթվածով տառապող երեխաների կզննի եւ 4 կամ 5 վիրահատություն կիրականացնի։ Վիրահատությունները բարեգործական են, այսինքն՝ ինքը՝ Արամ Ղազարյանը դրանց համար գումար չի վերցի, սակայն, իր իսկ խոսքով՝ ցանկացած վիրահատություն որոշակի արժեք ունի՝ այն նյութերի արժեքը, որոնք վիրահատության ժամանակ օգտագործվում են։ Այդ արժեքը վիրահատված երեխայի ծնողները կվճարեն, իսկ եթե չունենան դրա հնարավորությունը՝ դա պետությունը կամ բարեգործները կանեն։

Սա Արամ Ղազարյանի առաջին հայաստանյան այցը չէ. նա աշխատում է ամեն տարի իր հայրենիք գալ եւ ոչ միայն «դժվար» հիվանդների վիրահատել, որոնց տեղացի վիրաբույժները օգնություն տրամադրելու հնարավորություն դեռ չունեն, այլ նաեւ հայ մասնագետներին ձեռքի վիրաբուժության մանրամասները սովորեցնել, որպեսզի նրանք հետագայում կարողանան դրանք ինքնուրույն իրագործել։ Հերթական այցի ընթացքում նա հանդիպելու եւ զննելու է այն երեխաներին, որոնց նախորդ այցերի ընթացքում է վիրահատել։

Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին Արամ Ղազարյանի աշակերտ, ձեռքի վիրաբույժ Դավիթ Աբրահամյանն է պատմել, վարժվելու եւ նման բարդ վիրահատությունը ինքնուրույն իրականացնելու համար տարիներ են հարկավոր՝ առնվազն 10 տարի։

«Վիրահատությունը կարող է շատ երկար տեւել, եթե վիրաբույժը եւ նրա թիմը վարժված չլինեն եւ հստակ չգիտենան, թե ինչ քայլեր է պետք անել եւ ինչ հերթականությամբ», - նշել է Դավիթ Աբրահամյանը, հավելելով, որ Արամ Ղազարյանի առաջին՝ ծննդաբերական կաթվածի դեմ վիրահատությունը Հայաստանում (2011 թվականին) բավականին երկար է տեւել՝ մոտ 7-8 ժամ, քանի որ հայաստանցի մասնագետները ծանոթ չէին այս վիրահատության առանձնահատկություններին։ Նախորդ տարի նույն տիպի վիրահատությունն ընդամենը 2-3 ժամ էր տեւել, քանի որ տեղացի օգնականները այլեւս վարժվել էին եւ գիտեին, թե ինչ պետք է անել։

Մի քանի տարի անց, ամենայն հավանականությամբ, հայաստանցի վիրաբույժները կկարողանան ինքնուրույն վիրահատել ծննդաբերական կաթվածով տառապող հիվանդներին։

Ի՞նչ է ծննդաբերական կաթվածը

Երբեմն ծննդաբերության ընթացքում նորածնի պարանոցի շրջանում որոշ նյարդեր են ձգվում, ինչի հետեւանքով նա չի կարողանում ձեռքը կամ ձեռքերը շարժել։ Այդ երեւույթը կոչվում է բազկահյուսակի ծննդաբերական կամ նորածնային կաթված: Սա վիրաբուժական խնդիր է, որը կարելի է լուծել միկրովիրաբուժական միջամտությամբ երեխայի կյանքի առաջին տարում։

Հայաստանում բազկահյուսակի ծննդաբերական կաթվածի իրական վիճակագրությունը դեռեւս հայտնի չէ: Սակայն նախնական հաշվարկներով, հիմք ընդունելով ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) տվյալները, կարելի է ակնկալել, որ Հայաստանում տարեկան ծնվում է այս խնդրով շուրջ 80 երեխա, որոնցից շուրջ 20-ի մոտ նմանատիպ միկրովիրաբուժական վիրահատության կարիք է ծագում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել