Երեխաների եւ դեռահասների մոտ հաճախ է քթի արյունահոսություն նկատվում, ինչը, սովորաբար, մտահոգությունների տեղիք չի տալիս, սակայն, ինչպես բոլորովին վերջերս՝ մի երիտասարդի պարագայում էր պարզվել, երեւույթը կարող է նաեւ չափազանց անսովոր պատճառներ ունենալ: Խոսքը քթի մեջ աճած լրացուցիչ ատամի մասին է:

Երեք տարի շարունակ ամիսը մեկ կամ երկու անգամ կրկնվող արյունահոսությունը Սաուդյան Արաբիայի 22-ամյա բնակչին ի վերջե ստիպել էր բժշկի օգնությանը դիմել: Եւ պատկերացրեք, թե որքան էր վերջինս զարմացել՝ երիտասարդի քթի մեջ ձյունաճերմակ, շուրջ 1 սմ երկարությամբ ու ատամի նմանությամբ զանգված հայտնաբերելով: Ատամնաբույժ գործընկներների հետ խորհրդակցությունից հետո այլեւս կասկած անգամ չէր մնացել. խոսքը հենց ատամի մասին է, որն ինչ-որ կերպ հաջողեցրել է քթի մեջ աճել:

Ընդ որում, մասնագետները նկատել էին, որ տղան ամբողջական եւ ուղիղ ատամնաշար ունի, հաղորդում է FoxNews-ը:

Ընդհանուր ցավազրկմամբ իրականացված վիրաբուժական միջամտությունը հաջողությամբ էր պսակվել. քթից ատամի հեռացումից հետո՝ երեք ամիս անց, տղայի քթրից այլեւս արյուն չէր գալիս:

«Լրացուցիչ ատամներն այնքան էլ հազվադեպ բնույթ չեն կրում, եւ կարող են անգամ գլխիվայր աճել, սակայն քթի մեջ հայտնվելու համար պատահականությունների շարան է հարկավոր», - նշել է Այովայի համալսարանի ատամնաբույժ, բերանի խոռոչի հիվանդությունների պրոֆեսոր դոկտոր Ջոն Հելստեյնը՝ հավելելով, որ անհասկանալի է, թե ինչպես է այն երկար տարիներ աննկատ մնացել:

«Մարդկության 0.15-3.9 տոկոսի մոտ կարելի է սովորականից շատ թվով ատամներ գտնել: Տարվա ընթացքում մի քանի անգամ նման դեպքեր ենք ունենում: Բայց որ լրացուցիչ ատամը քթի մեջ աճի՝ մեզ համար էլ անսովոր էր», - մեկնաբանել է մասնագետը:

Խոսքը, մասնավորապես, լրացուցիչ ատամների շրջանում լայն տարածում գտած տեսակի՝ աղորիքի մասին է, որը սովորաբար կտրիչների շուրջն է աճում:

Ատամնաբույժների համար դեռեւս պարզ չէ, թե ինչու են որոշ մարդկանց մոտ, առավել եւս՝ քթի մեջ, լրացուցիչ ատամներ աճում: Համենայն դեպս, կարծիք կա, որ երեւույթը գենետիկ գործոններով է պայմանավորված: 

Լրացուցիչ ատամի հետ ասոցացվող մեկ այլ վիճակ, երբ նորածին երեխայի վերին շրթունքի կողմնային հատվածները սերտաճված չեն միջին հատվածին, նապաստակի շրթունք է կոչվում: Բնածին արատը սովորաբար վիրաբուժական միջամտությամբ է ուղղվում, ինչը կարող է ատամների հետագա զարգացման վրա նշանակալի ազդեցություն ունենալ: