Աշխարհի շատ երկրներում, ներառյալ մեր հարեւան Վրաստանը եւ Ադրբեջանը, բժշկության թանգարաններ կան, որոնցից շատերում հոյակապ շենքերում սակավաթիվ նմուշներ են ցուցադրվում: Հայաստանում իրավիճակն այլ է. կա հայկական բժշկությունը ներկայացնող հսկայական հավաքածու, սակայն չկա տարածք, որտեղ այն կարելի է ցուցադրել: Այս մասին լրագրողներին պատմել է հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանը:
Ապագա թանգարանի հավաքածուն կազմված է մոտ 30 000 նմուշից, որոնց թվում են բժշկության մեջ օգտագործվող տարատեսակ հնագույն սարքեր, 1870-ականների հայ բժիշկների լուսանկարներ՝ թվով մոտ 5000 հատ, 5000 տարվա պատմություն ունեցող գանգեր եւ ոսկրեր, հազարամյակներ առաջ օգտագործվող սափորներ, հին բժշկական գրքեր եւ բժշկության պատմությունը լուսաբանող շատ այլ նյութեր: Այստեղ է նաեւ Պետրոս Քալանթարյանի «Բժշկարան համառոտ» գիրքը, որը հայ բժշկությաքն մեջ համարվում է առաջին տպագիր գիրքը՝ տպագրված 1793 թվականին Նոր Նախիջեւանում; սա եզակի հրատարակություն է՝ տպագրված 900 օրինակով, որը այն տարիներին շատ մեծ տպաքանակ էր:
Այս ցուցանմուշների մեծ մասը 30 տարվա ընթացքում հավաքել է հենց Հարություն Մինասյանը; հավաքածուն ներառում է նաեւ Վլադիմիր Մարտիրոսյանի եւ Արսեն Հայրեյանի կողմից հավաքված եւ պահպանված նմուշները:
«Մենք ունենք 1000-ամյա բժշկական մշակույթ, իսկ բժշկությունը ազգային մշակույթի կարեւոր շերտ է», - նշել է բժիշկը, հավելելով, որ սխալ է եւ ափսոս է անտեսել հայկական բժշկության այդ հսկայական պատմությունը, երբ այլ երկրներն, ունենալով շատ ավելի համեստ պատմություն, ամեն տեղ բարձրաձանյում են դրա մասին եւ պարծենում են իրենց պատմությամբ:
Այս պահին Հարություն Մինասյանը մի փոքր ժամանակավոր թանգարան է ստեղծել իր աշխատավայրի սենյակներից մեկում. այնտեղ նա ցուցադրել է իր հավաքածուի մոտ 5000 ցուցանմուշ: Սակայն գտնել տարածք ողջ հավաքածուի համար նրան դեռ չի հաջողվում:
Հարություն Մինասյանի խոսքով՝ այլ երկրներում գործող բժշկական թանգարանների մեծ մասն առողջապահության կամ մշակույթի նախարարությունների ենթակայության տակ են, իսկ Հայաստանում դեռեւս ոչ մի նախարարություն կամ այլ կառույց պատրաստակամություն չի հայտնել թանգարանը գոնե տարածքով ապահովել: Հարություն Մինասյանը վերջերս դիմել էր առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին, ում տեղակալը հրավիրել էր բժշկին եւ հայտնել, որ նախարարությունը ոչինչով չի կարող օգնել: Բժիշկն, իր խոսքով, դիմել է նաեւ հանրապետության նախագահին, վարչապետին, մշակույթի նախարարին, քաղաքապետին, հանրային խորհրդին եւ այլոց, սակայն ոչ ոք խնդրին ոչ մի լուծում չի առաջարկել:
Հարություն Մինասյանի կարծիքով՝ քաղաքում շատ են լավ շենքերը, որոնք արդեն իրենց դարն ապրել են եւ պետք է թանգարանների վերածվեն: Պոտենցիալ թանգարան է, նրա կարծիքով, օրինակ, ԱՕԿՍ-ի շենքը, որը կառուցվել է 1914 թվականին եւ եղել է անվանի բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-հիվանդանոցը: 1923 թվականին բոլշեւիկները ազգայնացրել են նրա տունը եւ վերածել տրոպիկական հիվանդությունների ինստիտուտի, իսկ 1946 թվականին շենքը տրվել է ԱՕԿՍ-ին:
«Դա եղել է բժշկի շենք՝ բժշկի անձնական միջոցներով կառուցված: Այսօր այն պետք է նորից վերադարձվի բժշկությանը եւ հենց Հովհաննես Հովհաննիսյանի անվամբ կոչվի», - նշել է Հարություն Մինասյանը:
Նրա կարծիքով՝ կան եւ շատ այլ շենքեր, որտեղ տրամաբանական կլիներ բացել հայկական բժշկությանը նվիրված թանգարան: Բոլոր նմուշները ցուցադրելու համար, Հարություն Մինասյանի խոսքով, անհրաժեշտ է 500-1000 ք.մ. տարածք՝ ցանկալի է, կենտրոնական որեւէ փողոցում գտնվող շենքի առաջին հարկում, որպեսզի մարդկանց հարմար լինի այցելել այն:
Քանի որ Երեւանում հողը եւ տները, մանավանդ կենտրոնում, բավական թանկ արժեն, նա ի վիճակի չէ ինքնուրույն տարածք գնել թանգարանի համար եւ այդ պատճառով պլանավորում է բաց նամակ ուղղել ողջ աշխարհի հայ բժիշկներին, հույս ունենալով, որ նրանց մեջ կարող են գտնվել բարերարներ, ոքվեր կօգնեն տարածք գտնել թանգարանի համար:
Նման թանգարանը, Հարություն Մինասյանի կարծիքով, օգտակար եւ հետաքրքիր կլինի ոչ միայն հայերի, այլեւ օտարերկրացիների համար: Բժիշկը հիշեցրեց, որ վերջին տարիներին Հայաստանում բավական զարգացել է բժշկական տուրիզմը, այնպես որ օտարերկրացիներին միանշանակ նույնպես հետաքրքիր կլինի իմանալ, որ այն երկիրը, որտեղ նրանք եկել են բուժվելու, բժկության հարուստ պատմություն ունի:






