Ինքնասպանությունը հոգեկան խնդիր է: Որքան հոգեբուժական մակարդակը երկրում ցածր է, այնքան շատ են ինքնասպանությունները: Այս կարծիքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտահայտել է հոգեբույժ, բժշկապատմաբան Հարություն Մինասյանը:

Գրեթե բոլոր ինքնասպանությունները, նրա կարծիքով, տարատեսակ հոգեկան հիվանդությունների հետեւանք են, քանի որ հոգեպես առողջ մարդը հազիվ թե գնա այդ քայլին եւ ինքնասպանություն գործի:

Հարություն Մինասյանի խոսքով՝ Հայատանում օրեկան առնվազն մեկ ինքնասպանության դեպք է լինում, սակայն երբեմն դրանք ներկայացվում են որպես դժբախտ պատահարներ: Հավանաբար ինքնասպանությունների եւ դրանց փորձերի այս մեծ թիվն իրոք փաստում է այն մասին, որ հոգեբուժությունը երկրում դեռ որոշակի զարգացման կարիք ունի:

Ինչպե՞ս է կարելի պայքարել ինքնասպանությունների դեմ: Հոգեբույժի կարծիքով, բարձր կամուրջների մոտ հսկողություն սահմանելը ոչինչ չի փոխի, քանի որ մարդը, ով ցանկանում է ինքնասպանություն գործել, կգտնի այլ ճանապարհ: Հոգեկան հիվանդություններ ունեցող մարդիկ երբեմն ինքնասպանություն գործելիս աներեւակայելի հնարամիտ բաներ են անում: Օրինակ, դեպքեր են եղել, երբ հոգեկան հիվանդներն իրենց մահճակալների մեջ ինքնասպան են եղել՝ սավանի օգնությամբ:

Այսպիսով, ինքնասպանությունները կանխելու համար գուցե իրոք պետք է բարձրացնել երկրում հոգեբուժության մակարդակը եւ լավացնել մարդկանց հոգեկան առողջությունը:

Հարություն Մինասյանը նշել է նաեւ, որ ինքնասպանությունները նաեւ ունեն սեզոնայնություն. ամռանն ու գարնանը դրանք ավելի քիչ են, իսկ աշնանն ու ձմռանը՝ ավելի շատ: Բացի այդ, հյուսիսային երկրներում ավելի հաճախ են ինքնասպանություններ լինում, քան հարավային երկրներում:

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 7-ին, Երեւանում 20-ամյա մի երիտասարդ նետվել էր Կիեւյան կամրջից՝ հավանաբար, սիրած աղջկանից մերժում ստանալու պատճառով: