Ընդհանրապես առողջ կենսակերպ գոյություն չունի, կա ավելի առողջ կյանք այսօր, քան երեկ, եւ պետք է ձգտել հասնել դրան։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց BIL Armenia հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Օգանեսյանը՝ մեկնաբանելով Երեւանում ընթացող «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» խորագրով համաժողովը։
Նա նշեց, որ համաժողովը նվիրված է ոչ վարակիչ հիվանդությունների խնդրին, որոնցում «չի կարելի մեղադրել որեւէ մեկին, բացի գենետիկայից եւ վնասակար սովորություններից»։ Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը կանխարգելումն է։ Իհարկե, անհնար է ամբողջությամբ արմատախիլ անել վնասակար սովորությունները, սակայն որոշ բաներ կարելի է նվազագույնի հասցնել, հավելեց նա։
Բժշկական ռիսկերի մոդիֆիկացման հարցով ռուսական ասոցիացիայի տնօրեն Ալեքսանդր Ռոզանովը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ հեշտ է խոսել վնասակար սովորությունների մասին, սակայն պետք է հիշել, որ միայն արգելքներով ոչինչ չի ստացվի, բժշկի խորհուրդները պետք է լինեն իրականանալի։
«Եթե ուզում ես երկար եւ մաքսիմալ առողջ ապրել, ապա պետք է ինչ-որ բան ինքդ քեզ արգելես։ Սակայն ես հստակ գիտեմ, որ եթե իմ պացիենտին, որը վաղուց չարաշահում է տարբեր վատ բաներ, ասեմ, սա պետք է փոխես, սա էլ պետք է փոխես, սա էլ արգելված է, ապա նա կփոխի ոչ թե կենսակերպը, այլ բժշկին։ Ուստի պացիենտի հետ պետք է ընկերական հարաբերություններ հաստատել եւ համատեղ գնալ նպատակին։ Այդ դեպքում ես կունենամ շանս, որ նա ճիշտ կսնվի, ֆիզիկական վարժություններ կանի , կսահմանափակի ծխելը։ Եթե դա նրան չհաջողվի, ապա կառաջարկեմ այլընտրանքային մեթոդներ»,-ասաց բժիշկը։
Վրաստանի Առողջապահության նախկին նախարար, առողջապահության քաղաքականության հարցերով փորձագետ Անդրեյ Ուրուշաձեն էլ նշեց, որ առողջապահական համակարգերը պետք է այնպես կառուցվեն, որպեսզի հիվանդության կանխարգելումը կարեւորվի հիվանդությունը բուժելուց։ Եվ հենց դրա հիման վրա պետք է կառուցել դպրոցներում կրթական ծրագրերը, բժիշկների վերապատրաստումը, առողջապահության ոլորտում պետական քաղաքականությունը։
«Առողջապահության ընդհանուր բյուջեից գումարի մեծ մասը, որոշ երկրներում՝ 90 տոկոսը, ծախսվում է հիվանդանոցային դեպքերի վրա։ Իսկ եթե մեծ մասը ծախսեինք նրա վրա, որպեսզի մարդիկ չհիվանդանային եւ չհայտնվեին հիվանդանոցում, ապա տնտեսապես դա ավելի արդյունավետ կլիներ։ Մենք պետք է շեշտը դնենք հիվանդության կանխարգելման վրա»,-ասաց նա։
«Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» խորագրով համաժողովը կազմակերպել է BIL Armenia հասարակական կազմակերպությունը Հայկական բժշկական ասոցիացիայի հետ համատեղ։ Համաժողովին հրավիրված են խոսնակներ Ռուսաստանից, Վրաստանից, Լեհաստանից, Ղազախստանից եւ Ուկրաինայից։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day