Դեղերի պակասի մասին զգուշացրել ենք դեռեւս անցած տարվա սկզբից, երբ իշխանությունը երկարաձգեց Հայաստանում չգրանցված դեղերի ներմուծման արգելքը, որոնց պահանջարկը կար։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Վագա Ֆարմ» դեղագործական ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը։

Շուկայում առկա դեֆիցիտը նա կապեց իշխանության կողմից Հայաստանում չգրանցված, բայց Եվրամիությունում գրանցված կեսնական նշանակության դեղերի ներկրման արգելքի հետ, ընդ որում՝ ոչ ադեկվատ հիմնավորմամբ։

Խոսքն, ըստ նրա, պրիմիտիվ հովանավորչության մասին է։ «Սպասարկվում են մի քանի իրավատերերի շահերը։ Քանի որ այդ  դեղերի պահանջարկը կա, դրանք ներմուծվում են ստվերային,  զարտուղի ճանապարհներով։ Այսինքն՝ այն, ինչ նախկինում ներկրում էինք օրինական ճանապարհով, հիմա  ներմուծվում է ստվերային, մաքսանենգ ճանապարհով», –  նշեց Վարսանյանը։

Ըստ նրա, առողջապահության նախարարությունում այս իրավիճակը կապում են ամբողջ աշխարհում դեղերի դեֆիցիտի հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Իրականում Հայաստանում ունենք դեֆիցիտ, քանի որ շատ դեղերի գրանցման ժամկետներն ավարտվում են, դրանք չեն վերագրանցվում օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով»,-նշեց նա։ 

Վահե Վարսանյանը պարզաբանեց, որ այս պայմաններում իրավատերերին մրցակցության բացակայության պատճառով հաջողվում է դեղերը վաճառել բարձր գնով, քանի որ դա թույլ է տալիս օրենքը։ Գործարարը կարծում է, որ առողջապահության նախարարությունն իր քաղաքացիների շահերի մասին մտածելու փոխարեն սպասարկում է այդ մի քանի իրավատերերի՝ արտասահմանյան ընկերությունների շահերը։ «Ու գրեթե բոլորին ձեռնտու է, որպեսզի զուգահեռ ներկրումներ, մրցակցային ներկրումներ չլինեն։ Նրանց դեղերը շատ այլ շուկաներում՝ թե՛ Եվրոպայում, թե՛ հարևան Վրաստանում անհամեմատ ցածր գին ունեն, և երբ մրցակցությունը կար, նրանցից շատերը գները իջեցրեցին», – ասաց նա։ 

Վարսանյանը հիշեցրեց, որ չգրանցված դեղերի ներմուծման արգելքը վերացվում է միայն արտակարգ իրավիճակներում, պատերազմի ժամանակ եւ այլն։ Երկու տարվա ընթացքում (համավարակի եւ պատերազմի ժամանակ-խմբ.) թույլատրվեց նման դեղերի ներմուծումը, հենց այդ ժամանակ նվազեց «ստվերը», պահանջարկը բավարարվեց, գները նվազեցին։

Այսօր, նրա գնահատմամբ, առաջացել է շատ կարեւոր դեղամիջոցների պակաս, ինչպիսիք են ամոքսիկլավը եւ ամոքսացիլինը: «Իրավատերերին չի հաջողվում բավարարել երկրում պահանջարկը, իսկ մյուսներին արգելվում է ներկրել այլ շուկաներից։ Առողջապահության նախարարությունը չի ցանկանում հետ կանգնել իր որոշումից եւ միայն լուրջ ճնշումների արդյունքում, այդ թվում՝ հիվանդների կողմից, իշխանությունը թույլ է տվել որոշ հոգեներգործուն և ուռուցքային դեղերի ներկրում, բայց դեղերի 98 տոկոսի ներմուծումը, որոնց պահանջարկը կա, արգելված է»,-նշեց ընկերության ղեկավարը։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում անվանական գրանցված է ընդամենը 3500 անուն դեղամիջոց՝ թեպետ անհրաժեշտ է առնվազն 10 հազար անուն դեղամիջոց։ Նույն Վրաստանում գրանցված է 7000 անուն դեղամիջոց, մնացած պահանջարկը բավարարվում է զուգահեռ ներմուծման շնորհիվ։

Ըստ նրա, Առողջապահության նախարարության պատասխանները ցինիկ էին, թե շուկայում գները նրանց չեն հետաքրքրում։ Իսկ հիմա աղմուկից հետո մի քանի պոպուլիստական որոշումներ են կայացրել։ Նրանց համար կարեւոր են միայն եկամուտները, բայց դրանից տուժում է բնակչությունը։ Շտապ անհրաժեշտ է մոտ 40 խմբի կարեւոր դեղերի ներմուծում։ Ոլորտը, ընդհանուր առմամբ, շատ մրցակցային է, եւ գների բարձրացումը սովորաբար կապված է մատակարարման խնդիրների հետ: Հենց մատակարարումների մատչելիության բարձրացմամբ էլ, ըստ ընկերության ղեկավարի, պետք է զբաղվի պետությունը։

«Բայց նույնիսկ եթե Փաշինյանը հեռացնի նախարարին, նրա փոխարեն կգա մեկ այլ ոչ կոմպետենտ մարդ։ Այնպիսի տպավորություն է, որ նա պաշտոնի է նշանակում այնպիսի մարդկանց, որոնք իրենից վատ են հասկանում ոլորտից։ Պետական ապարատը կաթվածահար է։ Ֆունդամենտալ խնդիր ունենք կառավարության ամբողջ կազմը փոխելու»,-ասաց Վարսանյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին գնալ նախարարի մոտ եւ պահանջել, որ իշխանություններն իրենց դեղորայքով ապահովեն։ «Ճնշումը լուծմանը հասնելու եւ դեղերի մատակարարումների հասանելիությունն ապահովելու միակ միջոցն է»,-եզրափակեց գործարարը։