2023-ին պետպատվերի հայտ ներկայացրած կազմակերպությունները ավտոմատ կերպով դառնում են օֆերտայի պայմանագրի կողմեր: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, մեկնաբանելով օֆերտայի սկզբունքով ամբողջական պետպատվերը տրամադրելու 6–ամսյա պիլոտային ծրագրի վերաբերյալ կառավարության որոշումը։
«Այս 6 ամիսների ընթացքում մենք կիրականացնենք նաեւ օֆերտայի պայմանագրի վերանայում, եւ պիլոտային ծրագրի ավարտին կներդնենք եւս մեկ անգամ թարմացված օֆերտայի պայմանագիր: 6 ամիս հետո այն կազմակերպությունները, որոնք առաջին անգամ պետք է դիմեն օֆերտայի պայմանագիր կնքելու համար, արդեն այս թարմացված պայմանագրով կդիմեն։
Սա նոր բան չէ, մինչեւ այս փոփոխությունը մեր ծառայությունենրի 53 տոկոսն իրականացվում էին օֆերտայի շրջանակներում, հիմա դարձել է արդեն 100 տոկոս», – ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա պարզաբանեց, որ պետպատվերը տրամադրվում էր հետևյալ տրամաբանությամբ. յուրաքանչյուր առողջապահական ծրագիր ուներ որոշակի գումար, որը բժշկական կենտրոնների կարողությունների և փաստական կատարողականի հիման վրա բաժանվում էր այդ բժշկական կենտրոններին։
«Հիմա մենք կարծես այս շրջանակը այլևս չունենք՝ կոնկրետ բժշկական կենտրոնի համար սահմանաչափերը չունենք, բայց ունենք ծրագրի շրջանակներում սահմանաչափեր։ Մեր մոնիտորինգի արդյունքում մենք ամեն ամսվա տվյալները պետք է ամփոփենք, և հասկանանք, թե ծրագրի շրջանակներում ինչպիսի կատարողական ունենք։ Արդյոք այս կատարողականը համահո՞ւնչ է մեր բյուջետային միջոցներին, թե՞ ավել է։ Եթե ավել է, ինչո՞ւ է ավել, և ինչքանո՞վ է ավել, և համապատասխան դրան արդեն հերթագրումները կիրականացվեն ընդհանուր ծրագրի շրջանակում։ Մեխանիզմը ձևավորված է, և բժշկական կենտրոններն էլ տեղեկացված են, հաջորդիվ էլ հանդիպումներ լինելու են, որպեսզի ավելի լավ իմանան, ինչպես են աշխատելու», – ասաց նախարարը։






