• Latest news

Քարվաճառցի աղջնակի իմպլանտը տեղադրվել է. առջեւում երկար ճանապարհ է

4 հոկտեմբերի, 2014  00:01

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կոխլեար իմպլանտացիայի եւս մեկ վիրահատություն հաջողությամբ է պսակվել. իմպլանտը տեղադրվել է 14–ամյա քարվաճառցի Կարինե Մինասյանին, ով լսողությունը սկսել է կորցնել 8 տարեկանում։

Վիրահատությունից առաջ NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում Կ. Մինասյանը հայտնել է, որ բացարձակապես չի վախենում, հավատում է, որ իր լսողությունը կվերականգնվի, եւ որ ապագայում, վիրաբույժ դառնալով, նա ինքը կկարողանա օգնել այլ մարդկանց։

ԼՕՌ–բժիշկ Արմինե Մարտիրոսյանը նշել է, որ աղջիկը, ով այժմ չորրորդ աստիճանի ձեռքբերովի ծանրալսությամբ է տառապում, ունի լսողությունը վերականգնելու բոլոր շանսերը, սակայն դրա համար երկարատեւ աշխատանք կպահանջվի։ Պրոցեսորը իմպլանտին կմիացվի մեկ ամիս անց, իսկ հետո կշարունակվեն պարապմունքները սուրդոմանկավարժի հետ։ Սուրդոմանկավարժ Լիլիթ Հարությունյանը, ով արդեն երկու ամիս է պարապում է Կարինեի հետ, եւս վստահ է, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, քանի որ իր սանը աշխատասեր եւ ուշիմ աղջիկ է։  

«Էրեբունի» ԲԿ ԼՕՌ բաժանմունքի վարիչ Արթուր Շուքուրյանը վիրահատությունը ավարտելուց հետո հայտնել է, որ այն հաջող է անցել, իմպլանտը փորձարկվել է, եւ այն նորմալ աշխատում է։ Նրա հետ միասին վիրահատությունը կատարել է Աուդիլոգիայի եւ ձայնապրոթեզավորման ռուսաստանյան գիտահետազոտական կենտրոնի կոխլեար իմպլանտացիայի բաժնի ղեկավար Վիգեն Բախշինյանը։

Վիրահատությունն ամբողջությամբ բարեգործական հիմունքներով է իրականացվել. իմպլանտը կոխլեար իմպլանտների արտադրությամբ զբաղվող առաջատար Cochlear ավստրալական ընկերությունն է տրամարդել, իսկ մնացած բոլոր ծախսերը «Էրեբունի» բժշկական կենտրոնն է իր վրա վերցրել: Ինչպես Վիգեն Բախշինյանն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել, Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի գալիք շաբաթ լրացող տասնամյակի կապակցությամբ հիշյալ ընկերությունից որպես նվիրատվություն ստացված՝ 18 հազար եվրո արժողությամբ իմպլանտը վերջին՝ CI Nucleus Profile Implant մոդելի է եւ խոսքի նորագույն՝ Nucleus 6 մակնիշի պրոցեսոր է պարունակում:

Հիշեցնենք, որ NEWS.am գործակալությունը, բարեգործական ակցիայի շրջանակում, Քարվաճառում բնակվող Կարինե Մինասյանի ընտանիքին էր այցելել: Աղջիկը լրագրողներին պատմել էր, որ երազում է վերականգնել լսողությունն ու վիրավույժ դառնալ: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն, Լեռնային Ղարաբաղի հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշքյանն անմիջապես արձագանքել էր Կարինե Մինասյանի մասին տեղեկատվությանը եւ իրեն պատկանող կլինիկայում նրա բուժումն անվճար կազմակերպելու մասին հանձնարարական իջեցրել:

Ամռան կեսին NEWS.am-ը Կարինեի ընտանիքի՝ Քարվաճառից Երեւան ճամփորդությունն էր կազմակերպել եւ «Էրեբունի» ԲԿ-ում իրականացված բոլոր հետազոտություններին հետեւել: Կ. Մինասյանը իմպլանտի սպասող երեխաների ցանկում էր ներգրավվել եւ մինչ վիրահատությունը սուրդոմանկաբույժի հետ նախապատրաստական դասընթաց անցել:

Հիշեցնենք նաեւ, որ աղջկա մոր՝ Անահիտ Մինասյանի անունով հաշիվ է բացվել Կոնվերս Բանկում: Չնայած բոլոր բժշկական ծառայությունները «Էրեբունի» բժշկական կենտրոնում անվճար են տրամադրվում Կարինեին, եւ մեկ ամիս անց խոսակցական պրոցեսորը եւս անվճար է միացվելու, ընտանիքը հետվիրահատական վերականգնման ողջ ընթացքում ստիպված է Երեւանում մնալ եւ ընթացիկ ծախսերը հոգալու կարիք ունի:

Converse bank

AMD 1930051111510100

USD 1930051111510101

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել