• Latest news

Բիսֆենոլ Ա-ն կարող է ասթմայի առաջացմա՞ն հանգեցնել

9 հոկտեմբերի, 2014  11:43

Վերջին 3 տասնամյակների ընթացքում մանկական տարիքում ասթմայով ախտորոշման դեպքերի թվի նշանակալի աճ է գրանցվել, եւ, ինչպես հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնը ներկայացնող փորձագետներն են վկայում, տենդենցը դեռեւս շարունակվելու միտում ունի: Որպես հիվանդության առաջացմանը նպաստող գործոններ, գլխավորապես սիգարետի ծուխն ու շրջակա միջավայրի աղտոտվածությունն են նշվում, սակայն, ինչպես բոլորովին վերջերս դոկտոր Ադամ Սպանիերի գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի անդամներն են պարզել, պահածոյացված եւ պլաստիկե տարաների մեջ պահպանվող սննդատեսակների մեջ առկա բիսֆենոլ Ա քիմիական միացությունը եւս պետք է մեղավորների շարքին դասվի, հաղորդում է Medical Daily-ն:

Միացության եւ մանկական տարիքում ի հայտ եկող շնչառական խնդիրների միջեւ կապի առկայությունը պարզելու նպատակով գիտնականները 398 կանանց եւ մանկահասակ երեխաների օգնությանն են դիմել: Ուսումնասիրության շրջանակում նախաձեռողական խմբի անդամները բոլոր մասնակիցների մեզի լաբորատոր հետազոտություն են իրականացրել, ինչպես նաեւ երեխաների թոքերի «ուժը» չափել՝ պարզելու համար, թե արդյոք բիսֆենոլ Ա-ի ենթադրյալ ազդեցությունը որեւէ վնաս է պատճառել նրանց շնչառական օրգանին: Դոկտոր Սպանիերի մեկնաբանմամբ, տվյալների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ասթմայով ախտորոշված երեխա ունեցող կանանց մոտ հղիության ընթացքում պահածոյացված սննդամթերքից, պլաստիկե իրերից եւ նույնիսկ դրամարկղային չեկերից բիսֆենոլ Ա-ի նորմայից բարձր ազդեցությանը ենթարկված լինելու նշանակալի հավանականություն է գործում:

Ընդ որում, շնչառական խանգարումները քիմիական միացության հրահրմամբ ի հայտ եկող միակ խնդիրը չեն: Նախընթաց բազմաթիվ հետազոտությունների արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ բիսֆենոլ Ա-ն կարող է միգրենի, ուղեղի բնածին թերզարգացածության, ձվաբջջի թերհասության, շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման, ինչպես նաեւ վիժման սպառնալիքի ավելացման հանգեցնել: Որոշ հիվանդությունների պարագայում էլ պատճառահետեւանքային կապը դեռեւս ապացուցման է ենթակա: Այդուհանդերձ, սննդամթերքի եւ դեղամիջոցների նկատմամբ սանիտարական վերահսկողություն իրականացնող ամերիկյան վարչությունը հաստատակամորեն հրաժարվում է արգելանք դնել բիսֆենոլ Ա-ի կիրառության վրա, քանի որ, եթե անկեղծ խոսելու լինենք, կյանքը կարող է նաեւ բավականաչափ բարդություններ ձեռք բերել՝ առանց այդ միացության: 

Բիսֆենոլ Ա-ն դեռեւս 1940-ական թվականներից է կիրառվում. այն ներկայումս արտադրվող գրեթե բոլոր պլաստիկե իրերի բաղադրության մեջ կարելի է գտնել: Վարչության դիտարկմամբ, քանի դեռ որեւէ փոխարինող միացություն չի հայտնաբերվել, իսկ հետազոտության արդյունքներն էլ բացարձակ ներկայացուցչական չեն՝ մարդու նկատմամբ ազդեցության տեսանկյունից, դժվար է միացության կիրառությունն արգելանքի տակ դնելու մասին խոսել:

Այդուհանդերձ, դոկտոր Սպանիերի գլխավորությամբ գործող գիտահետազոտական խմբի անդամները մտադիր են հավելյալ ուսումնասիրություններ նախաձեռնել՝ Բիսֆենոլ Ա-ի եւ շնչառական խնդիրների միջեւ կապի մեխանիզմները պարզելու նպատակով: Մինչ այդ, գիտնականները հղի կանանց խորհուրդ են տալիս առավելագույնը անել՝ միացության ազդեցությունից խուսափելու համար:

«Դժբախտաբար, ժամանակակից աշխարհում նմանատիպ ազդեցության ծավալների վերահսկման մեխանիզմները սահմանափակ են: Բայց գոնե կարելի է պահածոյացված սննդամթերքից եւ պլաստիկե տարաների կիրառությունից հրաժարվել: Վերջին դեպքում ապակե տարաներն անհամեմատ առավել անվտանգ են», - մեկնաբանել է գիտնականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել