Վարդենիսի, Մեղրիի և էլի մի քանի բնակավայրերի համար, որտեղ որ մոտ դիահերձարանը տվյալ համայնքում չի, պետությունը փոխհատուցում է այդ տեղափոխման և մնացած ծախսերը։ Այս մասին այսօր, մարտի 5–ին, ԱԺ–ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի հարցին։
Պատգամավորը նշել էր, որ Վարդենիս այցելության ժամանակ բնակիչներ բարձրաձայնել են Վարդենիսի դիահերձարանի հարցը, որը վերջերս փակվել է։
«Այս խնդիրը էական նշանակություն ունի համայնքի բնակչության բուժծառայությունների հասանելիության նվազման տեսանկյունից։ Առաջացնում է էական դժվարություններ և լրացուցիչ ծախսեր այդ ծառայությունից օգտվելու համար։ Վերաբերում է համայնքի շուրջ 40 հազար բնակիչներին, որոնց մեծ մասը բնակվում են նույնիսկ Վարդենիս քաղաքից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա։ Համայնքում կան բնակավայրեր, որտեղից մինչև մոտակա գործող դիահերձարան հեռավորությունը 70 կմ է։ Բնակիչներին հետաքրքրում է հետևյալ հարցերը. Ի՞նչ հիմնավորմամբ է իրենց համայնքի դիահերձարանը փակվել, կա՞ն արդյոք իրատեսական նպատակադրումներ և հստակ ժամանակացույց դիահերձարանի վերագործարկման համար», – ասել է նա։
Նախարար Անահիտ Ավանեսյանը նախ նշեց, որ նախարարությունը որոշում է կայացրել վերանորոգել Վարդենիսի բժշկական կենտրոնը, չսպասելով նոր կենտրոնի շինարարության ավարտին։ «Մենք այս որոշումը կայացրել ենք հենց ընդառաջ գնալով բնակչության այսօր ծառացած խնդիրների լուծման մասով, մինչև որ մեր կապիտալ ծախսերով նախատեսված Վարդենիսի բժշկական կենտրոնի կառուցումը կիրականացվի։ Նախագծման առումով մենք այս տարի արդեն ունենք հատկացված բյուջեի միջոցներ, Վարդենիսի բժշկական նոր կենտրոնի կառուցման համար, և այնուհետև շինարարական գործընթացները դրան կհաջորդեն։ Այսինքն, մենք մի կողմից լուծում ենք այսօր Վարդենիսի բժշկական կենտրոնում ունենալու բավարար պայմաններ, և վերանորոգման աշխատանքներից հետո մենք նաև գույքագրել ենք այն սարքավորումները, որոնք այսօր բացակայում են և անհրաժեշտ է լրացնել և ընթացիկ հարցը լուծում ենք, և մեր բնակչությանը ապահովում ենք հենց այսօր որակյալ բուժօգնությամբ, մինչև որ կապիտալ ծախսերով կկառուցենք ամբողջովին նոր բժշկական կենտրոն», – ասաց նախարարը։
Նա նշեց, որ ընդհանուր բարեկարգման արդյունքում որոշ ծառայություններ կարող են լինել բնակավայրից որոշակի հեռավարության վրա։ «Մենք նաև պիտի հասկանանք, որ բժշկական օգնությունն ու սպասարկումը իրենից ենթադրում է որոշակի ծավալ, այսինքն այդ աստիճանակարգը, թե որ օգնությունը կարելի է տրամադրել հենց համայնքում, որը ավելի մարզային կենտրոնում կամ Երևան քաղաքում, մենք քարտեզագրում ենք և ըստ դրան իրականացնում ենք մեր կապիտալ ներդրումները», – ասաց Անահիտ Ավանեսյանը։
Արման Ղազարյանը արձագանքեց, որ ընդամենը 20 միլիոն դրամաշնորհի մասին է խոսքը, որը որ ընդամենը կոսմետիկ վերանորոգման խնդիր է լուծվում Վարդենիսի հիվանդանոցում։
«Ո՞նց եք պատկերացնում 70 կիլոմետր մարդը մահացածի մարմինը պետք է տեղափոխի այլ համայնք հերձելու, դա միայն ֆինանսական խնդիր չէ, և դուք ձեր պատասխանի մեջ իրարամերժ բաներ ասեցիք, այսինքն 40000 բնակչության թիվը, դա մեծ թիվ չէ՞, որ դիահերձարան ունենա, ես չեմ հասկանում։ Ձեր ասածը լղոզված պատասխան էր, ժամկետներ նշեք, կոնկրետ Վարդենիսի խոշորացված համայնքը, որի մեջ ընդգրկված է թվով 36 կամ 37 բնակավայրեր, ե՞րբ է ունենալու դիահերձարան», – հարցրեց պատգամավորը։
Անահիտ Ավանեսյանը կրկին նշեց, որ այդ հարցը լուծվում է բնակիչներին հավելյալ ծախսերից ազատագրելով, և որևէ սանիտարական կամ այլ խնդիր չկա դիահերձումը այլ բնակավայրում կազմակերպելիս։





