Հետազոտությամբ պարզվել է, որ սրտի կաթվածով ախտոորոշված կանանց մոտ, տղամարդկանց համեմատությամբ, հիվանդանոցում մահացության նշանակալիորեն բարձր ռիսկ է գործում: Բացի այդ էլ, մահից խուսափելու դեպքում, ապաքինման ժամկետը իգական սեռի մոտ կարող է ավելի երկար տեւել: Լավ նորությունն այն է, որ վերջին տարիներին, այնուամենայնիվ, մահացության ցուցանիշի զգալի կրճատում է նկատվում:
Յեյլի համալսարանականների (ԱՄՆ) նախաձեռնությամբ իրականացված հետազոտության շրջանակում հսկայածավալ տվյաներ են հավաքագրվել՝ 30-54 տարեկան հազարավոր հիվանդների առողջության, սրտի կաթվածի արդյունքում հոսպիտալացման եւ հիվանդանոցում մահացության դեպքերի հաճախականության վերաբերյալ: Դրանց վերլուծության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ.
• 2001-2010թթ-ին Միացյալ Նահանգների երիտասարդ բնակիչների շրջանում սրտի կաթվածի հետեւանքով հոսպիտալացման ցուցանիշի փոփոխություն չի գրանցվել:
• Տարեց մարդկանց պարագայում նույն ժամանակահատվածում ցուցանիշի՝ 20 տոկոսի չափով կրճատում է նկատվել:
• Երիտասարդ, հատկապես աֆրոամերիկացի կանանց շրջանում կաթվածի պահին առավել հաճախ լուրջ հիվանդություններ՝ արյան բարձր ճնշում, շաքարախտ կամ սրտի անբավարարություն է նկատվում:
• Սրտի կաթվածի ենթարկված չափահաս՝ առավելագույնը 55 տարեկան հիվանդների շրջանում խոլեստերինի բարձր մակարդակ ունենալու առավել մեծ հավանականությունը տղամարդկանց է բաժին հասնում:
Սրտաբան Ռիչարդ Կրասուսկին, որպես կողմնակի անձ, հատկանշական է համարել այն հանգամանքը, որ, համաձայն հետազոտության արդյունքների, վերջին մեկ տասնամյակի ընթացքում սրտի կաթվածի ենթարկված կանանց թվի փոփոխություն չի նկատվել:
«Մի փոքր հիասթափվում ենք՝ տեսնելով, որ մահացության ցուցանիշը տարբեր է՝ տղամարդկանց եւ կանանց համար», - նշել է նա:
Հետազոտության հեղինակները գտնում են, որ սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների՝ արյան բարձր ճնշման, խոլեստերինի բարձր մակարդակի, ճարպակալման, ծխելու սովորության եւ շաքարախտի նկատմամբ ագրեսիվ վերահսկողությունը առավելապես երիտասարդ կանանց շրջանում է օգտակար:
«Բազմաթիվ վկայություններ կան առ այն, որ ներկայումս ամերիկացիներն ավելի մեծ դժվարությամբ են սրտանոթային հիվանդությունների կանխարգելումն իրականություն դարձնում: Մարդիկ ավելի հաճախ են ճարպակալման, խոլեստերինի եւ արյան ճնշման հետ կապված խնդիրներ ձեռք բերում: Սրանք բաներ են, որոնք կենսակերպի փոփոխությունների շնորհիվ հեշտությամբ կանխարգելման են ենթակա», - մեկնաբանել է դոկտոր Կրասուսկին:
Գիտնականների համոզմամբ, հոսպիտալացման ցուցանիշների անփոփոխ մնալու պատճառը երիտասարդների շրջանում տեղեկացվածության պակասն ու ռիսկի գործոնները վերահսկելու անկարողությունն է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day