Դեռահաս տարիքում ծխելը կարող է ազդել ծխողի ապագա երեխաների ծերացման արագության վրա։ Նման եզրակացության են եկել Նորվեգիայի Բերգենի համալսարանի գիտնականները։ Այս մասին հայտնում է European Respiratory Society-ը (ERS)։
Աշխատության հեղինակները պարզել են, որ այն մարդկանց մոտ, որոնց հայրերը սկսել են ծխել 15 տարեկանում կամ ավելի վաղ, կենսաբանական ծերացման նշաններն ավելի ուժեղ են արտահայտված, քան նրանց հասակակիցների մոտ։ Միջին հաշվով, հետազոտության այդ մասնակիցները «ավելի ծեր» էին թվում իրենց անձնագրային տարիքից՝ 9–12 ամսով։
Գնահատման համար օգտագործել են այսպես կոչված «էպիգենետիկ ժամացույցը»՝ մոլեկուլային մարկերներ, որոնք արտացոլում են ԴՆԹ-ի փոփոխությունները, կապված ծերացման և հիվանդությունների բարձր ռիսկի հետ, ինչպիսիք են քաղցկեղը, արթրիտը և դեմենցիան։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ այն տղաները, ովքեր սկսում են ծխել սեռական հասունացման շրջանում, կարող են անգիտակցաբար վնասել իրենց ապագա երեխաներին։ Մենք կարծում ենք, որ այս շրջանում ծխախոտը կարող է փոխել սերմնաբջիջների էպիգենետիկ նյութը և այդ փոփոխությունները փոխանցվում են հաջորդ սերնդին», - նշել է հետազոտության ղեկավար Խուան Պաբլո Լոպես-Սերվանտեսը։
Փորձագետների խոսքով՝ ստացված տվյալները ընդգծում են դեռահասների ծխելը և նիկոտինային կախվածությունը կանխելու ավելի խիստ միջոցառումների անհրաժեշտությունը։
«Ծխելու վնասը կարող է փոխանցվել սերունդների միջոցով։ Եվ թեև դեռահասների շրջանում ծխողների թիվը նվազում է, ավելի հաճախ նրանք օգտագործում են վեյփեր, որոնց հետևանքները դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն», — հավելել է Ծխախոտի վերահսկման գծով ERS փորձագիտական խմբի ղեկավար Ստամատոուլա Ցիկրիկան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day