Հայաստանում հազիվ թե որեւէ մեկը, նախքան աբորտի մեկնելը, հոգեբանի օգնությանը դիմի, սակայն, հոգեբան Սոնա Հարությունյանի խոսքով, շատերը մասնագետին արդեն աբորտից հետո են դիմում:

Իսկ որքանո՞վ է աբորտից հետո հոգեբանի օգնության կարիքը զգացվում:

Պարզվում է՝ աբորտը հազվագյուտ մարդկանց պարագայում է անհետ անցնում: Խոսքն այստեղ միայն ֆիզիկական մակարդակի մասին չէ. կանանց մեծ մասի մոտ, հոգեբանի հավաստմամբ, աբորտից հետո մի շարք հոգեբանական խնդիրներ կարող են ի հայտ գալ, որոնց թվում նաեւ մեղավորության եւ սեփական անօգնականության զգացումն է: Շատ հաճախ կանանց մոտ նաեւ դեպրեսիա է առաջանում, երբեմն՝ բավականին ծանր ընթացքով: 

Քիչ չէ այն գիտնականների թիվը, որոնք փորձել են աբորտի՝ կնոջ հոգեկան աշխարհի նկատմամբ ազդեցությունն ուսումնասիրել: Բոլոր հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ հղիության ընդհատման ազդեցությունը՝ հոգեկան աշխարհի վրա, մոտավորապես վնասվածքային սթրեսին է համարժեք, ի հետեւանք որի բազմաթիվ կանանց մոտ դեպրեսիա, նեւրոզ, մեղավորության եւ միայնության զգացում, ինչպես նաեւ շփոթվածություն կարող է առաջանալ: Մասնավորապես, ինչպես մի շարք հետազոտություններով է պարզվել, կանանց 68,5 տոկոսը աբորտից հետո մեղավորության՝ երբեմն չափազանց դժվար հաղթահարելի զգացում են ունենում, իսկ  53,3 տոկոսն էլ ներքին անհանգստությամբ եւ մշտական գրգռվածությամբ են աչքի ընկնում: 

1965թ.-ին Լեհաստանում իրականացված հետազոտությունները նաեւ աբորտի եւ կնոջ սեռական վարքագծի խանգարման միջեւ կապի բացահայտմանն են հանգեցրել:  Մեկ այլ՝ 1985թ.-ին Մինեսոտայի համալսարանում իրականացված հետազոտությամբ էլ վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ աբորտից հետո  կանանց 92 տոկոսի մոտ՝ մեղավորության զգացում, 85 տոկոսի մոտ՝ երկարատեւ խիստ բացասական էմոցիաներ, 81 տոկոսի մոտ՝ դավաճանված լինելու զգացում եւ 65 տոկոսի մոտ՝ ինքնասպանության մասին մտքեր կարող են ի հայտ գալ, իսկ 23 տոկոսն էլ նույնիսկ կարող է ինքնասպանության փորձ կատարել: Ավելին՝ բոլոր կանանց մոտ, գրեթե առանց բացառության, աբորտից հետո վշտի եւ կորստի զգացումներ են ծնվում:

Ներկայումս աբորտը բավականին լայն տարածում ունի Հայաստանում՝ չնայած այն բոլոր ֆիզիկական եւ հոգեբանական խնդիրներին, որոնք դրա հրահրմամբ կարող են ի հայտ գալ: Հղիության արհեստական ընդհատումը, ցավոք սրտի, շարունակում է երկրում ընտանիքի պլանավորման ամենատարածված մեթոդը մնալ, իսկ վիճակագրորեն յուրաքանչյուր կնոջը բաժին հասնող աբորտների քանակն էլ 0,8 է կազմում (2010թ.-ի տվյալներով):