Անցել է ավելի քան մեկ ամիս, և Հայաստանի կառավարության խոստումները պետական ապահովագրությամբ գերմատչելի առողջապահական ծառայությունների մասին մնում են սոսկ խոսքեր։ Անշուշտ, ուրախալի է լսելը, որ մի քանի տարեց հայ քաղաքացու շատ թանկարժեք սրտի վիրահատություններ են արել, ինչի մասին կառավարության պաշտոնյաներն մշտապես փողհարում են։ Սակայն դրանք եզակի դեպքեր են և չեն արտացոլում իրական պատկերը. հերթեր և ուշացումներ, ԱՐՄԵԴ համակարգի խափանումներ, և պետապահովագրության ներքո ծառայություններ մատուցելու մերժումներ։
Հատկապես դժվար է աշխատող մարդանց համար, քանի որ սովորական, ոչ անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու ընթացակարգը նման է անվերջանալի բրոունյան շարժման։
NEWS.am Medicine-ի խմբագրական թիմը հավաքել է քաղաքացիների և բժիշկների բողոքներն առողջության ապահովագրության այսօրվա վիճակի վերաբերյալ։
Հերթեր պոլիկլինիկաներում
Ամեն ինչ սկսվում է թերապևտին կամ ընտանեկան բժշկին այցելությունից։ Այցելության համար կարելի է նախախես գրանցվել ԱՐՄԵԴ հավելվածում, բայց պոլիկլինիկաները խնդրում են, որ գրանցվեն հեռախոսով, քանի որ նրանք կարող են բաց թողնել առցանց հայտերը։ Նույնիսկ երբ ինչ-որ կերպ հաջողվում է աշխատանքային ժամանակացույցը համաձայնեցնել բժշկի ժամանակացույցի հետ և ներկայանալ նշանակված ժամին, երաշխավորված չէ, որ անմիջապես կմտնես բժշկի մոտ։ Բժշկի դռան մոտ հերթ է կանգնած այն մարդկանցից, որոնք նախապես այց են գրանցել։ Որովհետև բժիշկը պարզապես հատկացված ժամանակում չի հասցնում լսել հիվանդին, զննել նրան, գրառումներ անել մատյանում, բժշկական քարտում, ԱՐՄԵԴ համակարգում, ուղեգրել նեղ մասնագետի մոտ, դեղատոմս գրել և այլն։
Նույն իրավիճակն է ստեղծվում նաև նեղ մասնագետների դռների մոտ։ «Արմեդ»-ն էլ մշտապես կախում է։ Մեզ հետ կապ հաստատած մի կին ասաց, որ պոլիկլինիկա է հասել 9:00-ին և հեռացել 14:00-ին՝ իր հինգժամյա այցելության 1,5 ժամն անցկացնելով էնդոկրինոլոգի մոտ, այլ հիվանդների հետ զրուցելով, քանի որ բժիշկն ամբողջ ընթացքում փորձում էր «կախած» «Արմեդ» համակարգում անալիզների և դեղորայքի ուղեգրեր դուրս գրել։ Նա նշեց, որ ամեն ինչ ներելի կլիներ, եթե միայն դրանով ավարտվեր։ Սակայն պարզվեց, որ պետպապահովագրության ցանկի շատ անալիզներ և դեղորայք պոլիկլինիկայի նեղ մասնագետները չեն կարող նշանակել, քանի որ, ըստ նրանց, պոլիկլինիկան համապատասխան կոդեր չունի։ Նրան ուղեգրել են միայն այն անալիզների համար, որոնք նախկինում էլ հասանելի էին պետպատվերով։ Մնացածի, մասնավորապես վահանաձև գեղձի ստուգման համար, նրան ասել են մի փոքր էլ սպասել։ Նա նաև հորմոնի դեղատոմս չի ստացել, քանի որ առանց անալիզի չեն կարող տրամադրել։
Առողջապահության նախարարությունում կոդերի հարցով խորհուրդ են տվել զանգահարել Ապահովագրական հիմնադրամ, բայց հիմնադրամի՝ զանգին պատասխանելը ևս մի դժվար լուծելի խնդիր է։ Առողջապահության ոլորտի փորձագետներից մեկը NEWS.am Medicine-ին պարզաբանել է, որ եթե պոլիկլինիկան չունի համապատասխան կոդեր, պետք է բաց ուղեգրեր տրամադրի՝ մարդկանց հնարավորություն տալով հետազոտվելու պետական ապահովագրական համակարգին միացած մասնավոր լաբորատորիաներում։ Սակայն հնարավոր է, որ պոլիկլինիկաներն իրենք են դիմել այդ լաբորատոր անալիզների համար և սպասում են պատասխանի։ Հետևաբար, նրանք առայժմ նման ուղեգրեր չտրամադրելու ներքին կարգադրություններ ունեն։ Իսկ մարդիկ ստիպված են լինում մի քանի անգամ պոլիկլինիկա գնալ։
Ի դեպ, առողջապահության նախարարությունն անընդհատ փողհարում է, որ մարդիկ կարող են ընտրել բժշկական կենտրոն ու բժշկին, որի մոտ ցանկանում են բուժվել։ Բայց իրականում այդպես չէ: Մարդիկ իրոք կարող են ընտրել առաջնային բուժօգնության բժշկական հաստատությունն ու թերապևտին: Իսկ հետո՝ ուր կուղեգրի թերապևտը: Եթե պոլիկլինիկան ունի նեղ պրոֆիլի մասնագետ, ձեզ կուղղորդեն նրա մոտ, անկախ նրանից, որ դուք երկար ժամանակ և արդյունավետ բուժում եք ստանում մեկ այլ մասնագետի մոտ և ցանկանում եք հատուկ նրա մոտ ուղեգիր ստանալ։ Այս հանգամանքի վրա ուշադրություն են դարձրել որոշ բժիշկներ՝ Facebook-ում քաղաքացիներին կոչ անելով ստանալ անհրաժեշտ ուղեգրերը, քանի որ դա կարգավորվում է օրենքով։ Բայց կա ևս մի «բայց»։ Ոչ բոլոր բժշկական կենտրոններն են գործում պետական ապահովագրության ներքո. նրանք ազատ են չմիանալու այս համակարգին, և սա նույնպես նախատեսված է օրենքով։ Ընդսմին, մեկ բժշկական կենտրոնը կարող է ծառայություններ չմատուցել բոլոր տեսակի բուժմների համար. յուրաքանչյուր հաստատության ծառայությունների ցանկը հաստատում է Առողջապահության նախարարությունը։ Այսինքն, եթե մարդուն բուժման համար անհրաժեշտ է մի քանի տեսակի անալիզ և միջամտություններ, կոնկրետ հիվանդանոցում դրանցից մի քանիսը նրան կարող են առաջարկել վճարովի հիմունքներով։ Կամ նա ստիպված կլինի վազվզել քաղաքի տարբեր բժշկական հաստատությունների միջև։ Այ այսպիսի գլխացավանք:
Պոլիկլինիկների լաբորատորիաներ
Պոլիկլինիկաների լաբորատորիաները բաց են 9:00-11:00-ն, բայց եթե գաք 10:00-ին, անհնար է անալիզ հանձնել, քանի որ լաբորատորիան կարող է ընդունել 30 մարդու։ Իսկ այդ ժամին հերթագրման բոլոր համարներն արդեն բաժանված են։ Մարդիկ սկսում են հերթ կանգնել 8:30-ից։ Ոմանք անալիզ են հանձնում միայն երկրորդ կամ երրորդ փորձից։ Եվ եթե մարդն աշխատում է, դժվար չէ պատկերացնել, թե դա որքան անհարմարություններ է առաջացնում։
Մեր զրուցակիցը պատմեց, որ այդ ամենից հետո դեռ պետք է միջոց գտնել նեղ մասնագետի մոտ ընկնելու համար, ինչը նշանակում է կրկին գործի տեղից թույլտվություն վերցնել, երկու հերթ կանգնել և պարզել, որ անալիզները հանձնելուց չորս օր անց որոշ պատասխաններ դեռ չեն եկել։ Այսինքն ստիպված պիտի նորից գաս, երբ մյուս անալիզների պատասխանները եկած կլինեն։ Արդյունքում, կինն արդեն մի ամիս փորձում է մի խնդրի ախտորոշումը ստանալ, մյուս խնդրի՝ ախտորոշման հաստատումն ու դեղորայքը։ Առայժմ անարդյունք։
Հերթ հետազոտությունների համար
Նրան ուղեգիր են տվել մի հետազոտության համար, որը, ըստ «Արմեդ»-ի ցուցակի, անցկացնում են Երևանի բազմաթիվ բժշկական կենտրոններ։ Սակայն դրանցից մի քանիսը նշել են, որ չեն աշխատում պետական ապահովագրությամբ, մինչդեռ մյուսները սպասման ցուցակ ունեին մինչև մարտի սկիզբը, և միայն մեկ բժշկական կենտրոն է կարողացել տեղ ապահովել փետրվարի կեսերի համար։ Նա ստիպված է եղել մի քանի օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել, քանի որ առաջին օրն իր ուղեգիրը չի գտնվել «Արմեդ» համակարգում, իսկ երկրորդ օրն «Արմեդ»-ը գործնականում ամբողջ օրը չի աշխատել։ Մի քանի օր անց նա փորձել է անձամբ օր վերցնել «Արմեդ» համակարգում, բայց բժշկական կենտրոնից ասել են, որ պետք է գնա այնտեղ՝ սպասման ցուցակում ընդգրկվելու համար։ Մինչդեռ Առողջապահության նախարարությունը և «Արմեդ»-ն անընդհատ խոսում են, թե Արմեդում որքան հեշտ է գտնել ճիշտ բժշկական կենտրոնը, գրանցվել ընդունելության և այլն, և այլն։
Հեշտ է, իհարկե, մի քանի օր շարունակ ժամերով զանգելով, կամ «Արմեդ»-ը փորփրելով։ Ու նորից ստիպված ես աշխատավայրից թույլտվություն վերցնել՝ հերթը ստանալու համար, որ մի ամիս անց ստիպված լինես ևս մի օր թույլտվություն խնդրել՝ հետազոտման համար: Մարդիկ եզրակացնում են, որ այս ապահովագրությունն աշխատող մարդկանց համար չէ, չնայած հենց իրենք են դրա համար վճարում իրենց աշխատավարձից: Ավելի հեշտ է լրացուցիչ մասնավոր ապահովագրություն ձեռք բերել, և գործընթացը շատ ավելի հեշտ ու արագ անցնել: Ի դեպ, մեր հարցման շատ մասնակիցներ հայտնեցին, որ պահպանել են իրենց մասնավոր ապահովագրությունը, քանի որ հենց սկզբից այնքան էլ չեն վստահել պետական ապահովագրությանը։
Իսկական քվեսթ կոպեկանոց դեղամիջոց ձեռք բերելու համար
Մեր զրուցակիցներից մեկին նշանակվել է բառացիորեն կոպեկանոց դեղամիջոցի՝ ֆոլաթթվի դեղատոմս: Նրա խոսքով՝ բժիշկը երկար ժամանակ փորձել է «Արմեդ» համակարգին «համոզել» ընդունել դեղատոմսը: Անհրաժեշտ էր ընտրել ճիշտ դեղաչափով և արտադրող երկրով դեղամիջոց, այլապես դեղատոմսը չէր ընդունվում: Երրորդ փորձից հաջողվել է, և նա շրջել է դեղատներով: Ի դեպ, «Արմեդ» համակարգում կարող եք տեսնել, թե որ դեղատներներից կարելի է կոնկրետ դեղամիջոցը վերցնել: Իհարկե, եթե կարողանաս գլուխ հանել, թե որ դեղատներն են ցուցակում նշված բազմաթիվ ՍՊԸ-ներն ու անհատ ձեռնարկատերերը։ Բայց ոչ ոք նրան չէր ասել դրա մասին։ Օրինակ, բժիշկը դրա մասին չգիտեր։ Չնայած Առողջապահության նախարարությունը պնդում է, որ անընդհատ թրեյնինգներ է անցկացնում։
Այսպիսով, կինն այցելել է յոթ դեղատուն։ Առաջինը չուներ պետական ապահովագրություն։ Երկրորդը նշել է, որ իրենց ցուցակում չի ներառված հայկական ֆոլաթթուն։ Այսինքն՝ դեղատները հենց այնպես չեն միանում պետական ապահովագրությանը. նրանցից յուրաքանչյուրը միանում է իր սեփական ցուցակով։ Երրորդ, չորրորդ և հինգերորդ դեղատներում՝ նույն բանը։ Վեցերորդում պարզվել է, որ դեղորայքն իրենց ցուցակում կա, բայց սպառվել է։ Յոթերորդում դեղորայքն էլ, ցանկն էլ կային, բայց «Արմեդում» «գինը որոշված չէր» և նրանք չէին կարող այն վաճառել։ «Արփիմեդ»-ի արտադրած 5 մգ-անոց ֆոլաթթվի մեկ տուփն արժե 270-ից 350 դրամ։ Ի վերջո, հասկանալով, որ իր ժամանակն ավելի արժեքավոր է, կինը պարզապես գնել է դեղորայքը։ Հակառակ դեպքում նրան խորհուրդ են տվել վերադառնալ պոլիկլինիկա և բժշկին խնդրել վերաշարադրել դեղատոմսը։
Դեղատներ անվերջ այցելությունների մասին գրում են նաև բժիշկներ, քանի որ հիվանդները դիմում են նրանց՝ բողոքելով, որ չեն կարողանում դեղատոմսով ստանալ անհրաժեշտ դեղորայքը: Մասնավորապես, բժիշկ Իդա Նավասարդյանը Ֆեյսբուքում այսպես է նկարագրել դեղատան իրավիճակը. «ինչ են անում դեղատները համընդհանուր ապահովագրված պացիենտների հետ
-էս դեղը չունենք, փոխարինողն է
-ծրագիրը կախում է, չի բացում
-ինտեռնետ չկա
-բժիշկը էս ինչ Ա գրել?! սխալ Ա
-զանգեք արմեդ
-արմեդը-զանգեք ՊԱԳ, դա մեր խնդիրը չի
արհեստական ստեղծած իրավիճակներ, որից պացիենտը զզված զանգում է բժշկին մուննաթով, կամ գումարը տալիս գնում է նշանակված դեղերը (լավագույն դեպքում)»:
Կրկնակի հարկում
Հենց սկզբում հայտարարվել էր, որ մի քանի տեղ աշխատող մարդիկ պարտավոր կլինեն վճարել ապահովագրական վճարներ իրենց բոլոր աշխատավարձերի համար, և որ ցանկացած ավելցուկային վճարում կվերադարձվի միայն որոշ ժամանակ անց՝ դիմումի հիման վրա: Սակայն նման աբսուրդային որոշման համար երբեք հստակ բացատրություն չի տրվել: Անհասկանալի է, թե ինչու այս դիմումները չէին կարող հավաքել անմիջապես՝ մինչև պահումների սկսվելը: Կամ անհասկանալի է, թե ինչու այս խնդիրները չէին կարող լուծվել հարկային մարմինների հետ համատեղ՝ առանց մարդկանց ավելորդ անհանգստացնելու:
Կրկնակի հարկման հարցը վերջերս բարձրացվել է խորհրդարանական տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Ի պատասխան այն պնդման, որ «պետությունը չպետք է մարդկանցից երկու անգամ գանձի նույն ծառայության համար», Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Համլետ Սահակյանը պարզապես նշել է, որ «համապատասխան որոշումներ կընդունվեն առաջիկա օրերին, և ներդրված է միջոցների վերադարձի համակարգ»:
Այս հարցն այժմ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկում է մի քանի օգտատեր, որոնք որոշել են միավորվել այս անարդարության դեմ պայքարելու համար:
Մասնավորապես, Facebook-ի օգտատեր Զառա (Զարմին) Զեյթունցյանը գրել է.
«ՀՀ առողջապահության նախարարություն,
Կարո՞ղ եք տրամաբանորեն բացատրել, թե ինչու եթե գործատու ունեմ և արդեն վճարում եմ 10 հազար պետք է ԱՁ-ի համար սկզբից վճարեմ, հետո դիմում գրեմ և ետ ստանամ։ Գործ բան չունե՞ք անելու։ Չի՞ կարող անհատը նախորոք իրազեկել, որ որպես անհատ արդեն վճարում է, և ավելորդ քաշքշուկի մեջ չընկնել։ Ինքներդ ձեր ձեռքը կրակն եք ընկել, մեզ էլ գցել եք անիմաստ ժամանակի վատնման մեջ։ Անհարմար է։ Ուղեղի տրամաբանական լարերը աշխատացրեք, և արդյունավետ աշխատեք։
Կրկնում եմ, Կաֆկայի "Դատավարությունը" կարդացեք ամբողջ նախարարությամբ, որ հասկանաք, թե ինչ աբսուրդի մեջ եք»։
Դիմելլով Առողջապահության նախարարությանը՝ նա գրել է, որ ինքը հիմա երեք մարդ է՝ եռագլուխ Զարմին Զեյթունցյանը։ Կարո՞ղ է արդյոք այդ դեպքում ակնկալել երեք վիրահատություն, օրինակ՝ կույր աղիքի երեք անգամ հեռացում, քանի որ ունի երեք ապահովագրություն։
Օգտատեր Արմինե Առաքյանը գրել է, որ հունվարին վճարել է իր անհատ ձեռնարկատիրոջ ապահովագրավճարը՝ 129,600 դրամ, բայց իր ապահովագրությունը դեռևս չի ակտիվացվել։ «Երկու օր է՝ Quest եմ անցնում՝ Հարկային, Արմեդ, Հիմնադրամ, ապարդյուն փորձելով զանգել /երբեք չի ստացվելու, կարելի է չփորձել անգամ/, նամակ գրել՝ հասկանալու, թե ինչի՞ համար եմ վճարել 129 հազար 600 դրամ և փաստացի չեմ ապահովագրվել)))))))»,- գրել է նա։
Բժիշկների վարձատրություն
Փորձագետ Անուշ Պողոսյանը սոցցանցում հրապարակել է աղյուսակ՝ պետական ապահովագրության շրջանակում առողջապահության ոլորտի աշխատողներին վճարումների նախագծի հաշվարկից, ըստ որի՝ բուժանձնակազմին հասնում է արժեքի 5-ից 30 տոկոսը՝ կախված բուժման տեսակից։
Առողջության ապահովագրության շրջանակում բժիշկների վճարումների հարցը բարձրացվել է նաև ՀՀ Ազգային ժողովում: Ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հաշվարկել է, որ բժիշկը կարող է մի քանի հարյուր դրամ ստանալ խորհրդատվության վճարից: Նախարար Անահիտ Ավանեսյանը փորձել է հերքել պատգամավորի պնդումն այն մասին, որ բժիշկներին պարզապես շահագործում են այս համակարգում։ Բայց բավական է կարդալ բժիշկների սեփական ֆեյսբուքյան գրառումները՝ տեսնելու համար, որ այս պնդումը հեռու չէ ճշմարտությունից:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում ականավոր վիրաբույժներից մեկը հարց է առաջ քաշում, թե ինչու պետք է իր մակարդակի վիրաբույժը ստանա նույն աշխատավարձը, ինչ նոր-նոր համալսարանն ավարտած մասնագետը: Ակնհայտ եզրակացությունն այն է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետի մոտ վիրահատվելու համար դուք պետք է լրացուցիչ վճարեք ձեր գրպանից: Ինչպես դա արվում էր նախկինում պետպատվերի ժամանակ՝ շրջանցելով հիվանդանոցի դրամարկղը կամ, գործատուի համաձայնությամբ, վճարելով հիվանդանոցի դրամարկղ: Հակառակ դեպքում այս բժիշկները պարզապես կհրաժարվեն աշխատել պետապահովագրությամբ:
NEWS.am Medicine-ի խմբագրական թիմը կշարունակի հետևել պետական ապահովագրության շուրջ զարգացումներին և լուսաբանել ծագած խնդիրները:






