• Latest news

Տղամարդկանց առողջությունը՝ ազգի անվտանգության և հաջող զարգացման գրավական. Կամալով

6 մայիսի, 2026  19:09

Տղամարդկանց առողջությունը ազգի անվտանգության և հաջող զարգացման գրավականն է։ Խոսքը ոչ միայն ժամանակին բուժվելու, այլև ռիսկի գործոնների գրագետ կառավարման մասին է։ Ծխելը, ոգելից խմիչքների չարաշահումը, ցածր ֆիզիկական ակտիվությունը և վնասակար վարքագծային այլ սովորությունները հիմք են ծառայում սիրտ-անոթային, ուռուցքաբանական և վերարտադրական հիվանդությունների զարգացման համար։

Դրա մասին Սոչիում անցկացված «Տղամարդկանց առողջություն» միջազգային XXII համագումարի ժամանակ պատմել են փորձագետները։

Ռիսկերի մոդիֆիկացիա

«Տղամարդկանց և կանանց կյանքի տևողության միջև առկա դրամատիկ տարբերությունը նախևառաջ կապված է նրա հետ, որ տղամարդկանց համար ավելի բնորոշ են ծխելը, ալկոհոլի չարաշահումը և ընդհանուր առմամբ ռիսկային վարքագիծը,- նշել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի «Համալսարանական կլինիկա» ԲԿ տնօրեն, Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետի ուրոլոգիայի և անդրոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմաիս Կամալովը։ -Այսօր մենք հստակ տեսնում ենք, որ հենց կենսակերպը, և ոչ միայն գենետիկան է կանխորոշում ուժեղ սեռի առողջությունը Ռուսաստանում»։

Ռիսկի ամենաագրեսիվ, բայց կառավարելի գործոններից մեկը մնում է ծխելը։

«Այդ վնասակար սովորությունը ամենակայունն է և հանգեցնում է մի շարք խրոնիկական ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը,-նշում է Կամալովը:- Ծխելուց հրաժարվելը մնում է բացարձակ առաջնահերթություն բժշկի և բուժառուի հաղորդակցության մեջ, սակայն գործնականում նման արդյունքի միշտ չէ, որ հնարավոր է հասնել»։

Այն բուժառուների հետ աշխատանքի փորձը, ովքեր պատրաստ չեն հրաժարվել ծխելուց, ցույց է տալիս ավելի պրագմատիկ լուծումների անհրաժեշտությունը։ Մասնավորապես, կարելի է դիտարկել սովորական ծխախոտից անցումը դեպի առանց ծուխ տաքացվող արտադրանքին՝ որպես միջանկյալ փուլ լիակատար հրաժարման ճանապարհին, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել ռիսկերը։

«Ծխելիս օրգանիզմին հասցվող հիմնական վնասը պատճառում են ծխախոտի այրման նյութերը՝ ծուխը և խեժերը, ուստի անցումն առանց ծուխ արտադրանքին ողջամիտ փոխզիջում է,- ընդգծել է ակադեմիկոսը:- Ռիսկերի մոդիֆիկացման հայեցակարգը հենց այն պակասող օղակն է ժամանակակից առողջապահության մեջ, որն անհրաժեշտ է լրացնել մոտակա ժամանակներում»։

Սիրտը հարվածի տակ

Ծխելու և սիրտ-անոթային հիվանդությունների միջև կապը մնում է ամենաապացուցվածներից մեկը:

«Արդեն քառորդ դար հայտնի է, որ ծխելը սրտամկանի ինֆարկտի զարգացման հիմնական ռիսկի գործոնն է,- նշել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հիմնարար բժշկության ֆակուլտետի բազմապրոֆիլ կլինիկական պատրաստության ամբիոնի պրոֆեսոր, Բժշկական գիտակրթական կենտրոնի տարիքային հիվանդությունների բաժնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Յանա Օռլովան:- Օրական ընդամենը երեք-չորս ծխված ծխախոտը մոտ մեկ ու կես անգամ մեծացնում է ինֆարկտի ռիսկը, ուստի ծխելուց հրաժարվելը կամ այդ ռիսկի հնարավորինս շուտ մոդիֆիկացումը կարևոր է»:

Ըստ նրա՝ ծխելը վնասում է անոթները էնդոթելային դիսֆունկցիայի միջոցով: «Ծխախոտի ծուխը բացասաբար է անդրադառնում էնդոթելի գործառույթի վրա, նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը և բարձրացնում համակարգային բորբոքման մակարդակը,- կարծում է փորձագետը:- Եվ այդ մեխանիզմները շոշափում են ոչ միայն սիրտ-անոթային համակարգը, այլև կանանց ու տղամարդկանց վերարտադրողական և միզասեռական առողջությունը»:

Փորձագետը նշել է նաև, որ այսօր շատերը թերագնահատում են ծխելու տարբեր ձևերի վնասը:

«Թվում է՝ նարգիլեի մեկ «անմեղ» սեանսը 40–50 րոպեի ընթացքում՝ ներշնչվող ծխի հսկայական ծավալ է, որը համադրելի է հարյուր ծխված ծխախոտի հետ,- ասում է նա:- Առանց ծխախոտի այրման համակարգերը ցույց են տալիս ռիսկի նվազ վնասակար պրոֆիլ՝ սովորական ծխախոտների համեմատ: Միևնույն ժամանակ կարևոր է հասկանալ, որ նիկոտինի բացարձակ անվտանգ օգտագործում գոյություն չունի»:

Ամենաանբարենպաստ տարբերակը մնում է այսպես կոչված «կրկնակի օգտագործումը»՝ ավանդական և էլեկտրոնային ծխախոտների կամ վեյպերի համակցումը: «Նման նիկոտին պարունակող արտադրանքի վկայագրման բացակայությունը, դրանց բաղադրության նկատմամբ վերահսկողության բացակայությունը կարող է մեծացնել հիվանդությունների ռիսկերը»,- ընդգծում է Օռլովան:

Քաղցկեղի ռիսկերը 

Ծխելը ուռուցքաբանական հիվանդությունների, մասնավորապես՝ միզապարկի քաղցկեղի զարգացման զգալի գործոն է:

«Այդ հիվանդության դեպքերի ավելի քան կեսը կապված է ծխելու հետ»,- հայտնել է Բլոխինի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի նորարարական գործունեության գծով փոխտնօրեն, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր Վսևոլոդ Մատվեևը:- Ռուսաստանում տարեկան հայտնաբերվում է այդ հիվանդության շուրջ 15 հազար դեպք, իսկ կանխատեսումները մատնանշում են հիվանդացության և մահացության աճ արդեն մոտակա ապագայում»։

Նույնիսկ ծխելը թողնելուց հետո ռիսկերը նվազում են աստիճանաբար. կրկնության հավանականությունը նվազում է 44%-ով, իսկ մահացության ռիսկը՝ 42%-ով, սակայն դրա համար ժամանակ է պահանջվում:

«Սակայն նույնիսկ քաղցկեղի սաստկացման վախից՝ բուժառուների մինչև 80%-ը ախտորոշումից հետո ծխելուց չի հրաժարվում: Բժիշկների պրակտիկայում անհրաժեշտ է լինել առավելագույն անկեղծ և բուժառուին ասել, որ ծխելը շարունակելը կարող է ի չիք դարձնել բուժման գործընթացը,- նշել է Մատվեևը:- Նման անմիջական զրույցը մեծացնում է հրաժարվելու հավանականությունը, թեև ոչ բոլոր դեպքերում»։

Նոր մոտեցումների ժամանակը

Ծխելը պետք է դիտարկել ոչ թե սոսկ որպես վնասակար սովորություն, այլ որպես կախվածություն, ուստի կոշտ արգելքները հաճախ դիմադրություն են առաջացնում, նշել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Համալսարանական կլինիկայի նորարարական գործունեության գծով փոխտնօրեն, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր Սիմոն Մացկեպլիշվիլին:

«Ծխելը բարձրացնում է այնպիսի վիճակի զարգացման ռիսկը, ինչպիսին է էրեկտիլ դիսֆունկցիան, ընդ որում՝ էրեկցիայի խանգարման վախը կարող է տղամարդուն ավելի ուժեղ դրդել կենսակերպի փոփոխության, քան ինֆարկտը,- ասում է Մացկեպլիշվիլին:- Սակայն ծանր դեպքերում բավարար չէ մարդուն ասել «թող ծխելը», երբ նիկոտինային կախվածությունը ձևավորված է ֆիզիոլոգիական մակարդակում: Նման մարդկանց կարևոր է օգնել, մոտիվացնել և ամեն կերպ աջակցել, այդ թվում՝ առաջարկելով «խելացի» լուծումներ և առանց ծուխ տեխնոլոգիաներ՝ ծխախոտի օգտագործման վնասը նվազեցնելու համար»։

Փորձագետն ընդգծել է նաև էլեկտրոնային ծխախոտները և ծխախոտի տաքացման համակարգերը տարբերակելու անհրաժեշտությունը։

«Ի տարբերություն ծխախոտի տաքացման համակարգերի, վեյպերի շրջանում շատ են չվկայագրված, կեղծված արտադրանքները»,- ասում է Մացկեպլիշվիլին:- Սակայն ցանկացած արգելք պետք է վերաբերի բացառապես չվկայագրված արտադրանքին: Միևնույն ժամանակ, չափազանց կարևոր է զրոյական հանդուրժողականություն դրսևորել անչափահասների կողմից ցանկացած ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի սպառման նկատմամբ»։

Համագումարի մասնակիցները հանգել են այն եզրակացության, որ միայն արգելող միջոցներն արդեն բավարար չեն։

«Ժամանակն է առողջապահության մեջ ներդնել պրագմատիկ, ռիսկերի վրա հիմնված մոտեցումներ,- փաստում է Սիմոն Մացկեպլիշվիլին:- Կախվածություն ունեցող մարդը միշտ կգտնի այն բավարարելու միջոց. հենց դրա համար է այդքան կարևոր առաջարկել վնասի նվազեցման իրատեսական ռազմավարություններ: Միայն ծխելու և ռիսկի այլ գործոնների նկատմամբ նման «խելացի» մոտեցումը հնարավորություն կտա պահպանել և ամրապնդել տղամարդկանց առողջությունը, որը մեր երկրի առանցքային պահուստային ուժն է»։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll