• Latest news

Գիրությունը կարող է սկսվել դեռևս ծնվելուց առաջ. գիտնականները հայտնաբերել են մոր քաշի ազդեցությունը երեխայի վրա

24 հունիսի, 2026  22:29

Երեխայի մոտ ավելորդ քաշի զարգացման ռիսկը կարող է ձևավորվել դեռևս ներարգանդային զարգացման շրջանում։ Նման եզրակացության են հանգել George Mason University-ի Հանրային առողջապահության քոլեջի հետազոտողները՝ խոշոր, երկարատև կոհորտային հետազոտության շրջանակում վերլուծելով գրեթե 3000 «մայր-երեխա» զույգ։ Աշխատանքը հրապարակվել է International Journal of Obesity հանդեսում։

Գիտնականները հայտնաբերել են, որ այն երեխաները, որոնց մայրերը հղիությունն սկսել են գիրությամբ, ունեցել են մինչև երեք տարեկանը չափից ավելի քաշ հավաքելու կամ գիրությամբ տառապելու մոտ 64%-ով ավելի բարձր ռիսկ։ Բացի դրանից, հղիության ընթացքում քաշի չափից ավելի ավելացումը պայմանավորված է եղել այդ ռիսկի 39% աճով։

Հեղինակները նշում են, որ տարբեր գործոնների ազդեցությունն ի հայտ է եկել վաղ զարգացման տարբեր փուլերում. հղիության ընթացքում քաշի ավելորդ աճն ավելի ուժեղ ասոցացվել է երեխայի քաշի հետ կրծքով կերակրման շրջանում, մինչդեռ մոր սկզբնական գիրությունն ավելի արտահայտված ազդեցություն է ունեցել քաշի ցուցանիշների վրա վաղ նախադպրոցական տարիքում։

Հետազոտությունը միաժամանակ ցույց է տվել, որ հղիության ընթացքում քաշի չափից ավելի ավելացումը հանդիպել է բավականին հաճախ՝ ընտրանքի մեջ ներառված տասը կանանցից մոտավորապես չորսի շրջանում։

Ինչպես հայտնել է աշխատանքի առաջատար հեղինակ, Առողջապահության կառավարման և քաղաքականության դեպարտամենտից Հուա Մինը, արդյունքները մատնանշում են, որ մանկական գիրության ռիսկը ձևավորվում է ոչ թե մեկ ակնթարթում, այլ աստիճանաբար, և դրանում զգալի դեր է խաղում մոր առողջությունը դեռևս հղիությունից առաջ և դրա ընթացքում։

Հետազոտությունը հիմնված է «Կյանքի առաջին հազար օրը» ծրագրի տվյալների վրա, որն ընդգրկված է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտների՝ National Institutes of Health-ի նախաձեռնության (ECHO Program) մե։ջ Վերլուծության մեջ ներառվել են այն ընտանիքները, որոնք 2012-2019 թվականներին հետազոտվել են Հյուսիսային Վիրջինիայում։

Հեղինակներն ընդգծում են, որ մանկական գիրությունը մնում է հանրային առողջապահության ամենալուրջ խնդիրներից մեկը։ Նրանց տվյալներով՝ երեք տարեկան հասակում գիրություն ունեցող երեխաների շուրջ 90%-ը պահպանում է ավելորդ քաշը նաև հետագայում, ինչը մեծահասակ տարիքում զգալիորեն մեծացնում է դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների և այլ խրոնիկական վիճակների զարգացման ռիսկը։

Հետազոտողները կարծում են, որ ստացված արդյունքներն ուժեղացնում են հղիությանը նախապատրաստվելու և քաշի վերահսկման նշանակությունը ոչ միայն մոր առողջության, այլև երեխայի երկարատև առողջության համար։ Միաժամանակ, նրանք նշում են, որ ռիսկի մեխանիզմները կարող են տարբերվել բնակչության տարբեր խմբերի շրջանում և հետագա ուսումնասիրություն են պահանջում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll