Օդի ջերմաստիճանի բարձրացումն ու տաքության հաճախակի դարձող ալիքները կապված են երեխաների և երիտասարդների հոգեկան առողջության վատթարացման հետ։ Նման եզրահանգման են եկել ավստրալացի գիտնականների ղեկավարությամբ իրականացված նոր հետազոտության հեղինակները։
International Journal of Epidemiology ամսագրում հրապարակված աշխատանքը ցույց է տվել, որ միջին օրական ջերմաստիճանի յուրաքանչյուր 1°C բարձրացման հետ երեխաների համար հոգեկան առողջության բացասական հետևանքների ռիսկն ավելանում է գրեթե 1%-ով։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Ավստրալիայի Ֆլինդերս համալսարանը (Flinders University)։
Հետազոտողները վերլուծել են օդի ջերմաստիճանի, տաքության ալիքների և հոգեկան առողջության փոխկապակցվածությանը նվիրված 23 միջազգային հետազոտությունների տվյալներ։ Վերլուծությունը ցույց է տվել, որ ամենախոցելի խումբը 5-ից 18 տարեկան երեխաներն ու դեռահասներն են. տաքության ալիքների ընթացքում հոգեկան խանգարումների առաջացման ռիսկն աճում է 25%-ով, իսկ ջերմաստիճանի բարձրացման դեպքում՝ 1,5%-ով։
Հետազոտության համահեղինակ, համաճարակաբան, դոցենտ Ժակլին Սթիվենսի խոսքով՝ կլիմայական փոփոխություններն ինչպես Ավստրալիայում, այնպես էլ ողջ աշխարհում հանգեցնում են էքստրեմալ շոգի ավելի հաճախակի ու ինտենսիվ ալիքների։ Սա լրջագույն սպառնալիք է դառնում հանրային առողջապահության, մասնավորապես՝ երեխաների և դեռահասների համար։
Նրա խոսքով՝ երեխաները հատկապես զգայուն են բարձր ջերմաստիճանների նկատմամբ, քանի որ շոգը խաթարում է քունը, խանգարում ուսմանը, հանգստին և բացօթյա զբաղմունքներին։ Բացի այդ, սաստիկ շոգի ժամանակ ծնողների և ընտանիքների կրած սթրեսը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ երեխաների էմոցիոնալ բարօրության վրա։
Պրոֆեսոր Քորի Բրեդշոուն, ով նույնպես մասնակցել է հետազոտությանը, հայտնել է, որ մոդելավորումը կապ է բացահայտել բարձր ջերմաստիճանների ու տաքության ալիքների և երիտասարդների շրջանում շտապօգնության բաժանմունքներ դիմելիության, տագնապային խանգարումների, դեպրեսիայի և ինքնասպանության փորձերի թվի ավելացման միջև։ Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքներն ընդգծում են կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումներ մշակելիս հոգեկան առողջության հարցերը հաշվի առնելու և երեխաների ու դեռահասների պաշտպանության հատուկ ծրագրեր ստեղծելու անհրաժեշտությունը։
Որպես գործնական քայլեր՝ հետազոտողներն առաջարկում են դպրոցներն ապահովել ավելի զով դասասենյակներով, բարելավել շենքերի օդափոխությունը և բաց տարածքներում ստեղծել ստվերոտ գոտիներ, որպեսզի նվազեցվի էքստրեմալ շոգի բացասական ազդեցությունը երիտասարդության հոգեկան առողջության վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day