• Latest news

Գիտնականները բացահայտել են ուղեղի զարգացման մեխանիզմը, որը փոխում է ծերացման մասին պատկերացումները. PoPS

21 սեպտեմբերի, 2026  18:44

ԱՄՆ Արիզոնայի համալսարանի գիտնականները «ադապտիվ ծերացման հիպոթեզ» են առաջարկել, որն ամբողջությամբ փոխում է ուղեղի տարիքային փոփոխությունների մասին ընկալումը: Perspectives on Psychological Science բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունն ապացուցում է, որ զառամյալ տարիքում նյարդային համակարգը չի մարում, այլ վերակառուցվում է՝ կուտակված փորձը փոխանցելու համար:

Երիտասարդ տարիքում նոր տեղեկատվության յուրացման համար պատասխանատու է հիպոկամպը՝ ուղեղի այն բաժինը, որն աշխատում է որպես սպունգ՝ ներծծելով փաստերը, համատեքստը և իրադարձությունների մանրամասները: Սակայն 60–70 տարեկանում ակտիվության կենտրոնը բնականոն կերպով տեղափոխվում է փորձի ընդհանրացման համար պատասխանատու ճակատային բլթեր: Նյարդակենսաբանների կարծիքով՝ սա ուղեղի կողմից հիշողության վատթարացումը փոխհատուցելու փորձ չէ, այլ զարգացման բացարձակապես բնական փուլ: Ուղեղին այլևս պետք չէ զրոյից հսկայական տվյալների բազա հավաքել, փոխարենն այն սկսում է հենվել արդեն կուտակված գիտելիքների պաշարի վրա՝ ցրված փաստերը վերածելով իմաստության:

Գիտնականները նշում են, որ այդ մեխանիզմն ունի խոր էվոլյուցիոն իմաստ և հանդիպում է ոչ միայն մարդկանց, այլև կենդանիների շրջանում: Առաջնահերթությունների նման տեղաշարժն օգնում է տարեց մարդկանց դառնալ իդեալական խորհրդատուներ, որոնք ունակ են պատմությունների և խորհուրդների միջոցով կյանքի փորձը փոխանցել երիտասարդ սերնդին:

«Եթե նորմալ ծերացումը դիտարկենք բացառապես որպես անկման պատմություն, մենք բաց ենք թողնում ամենակարևորը: Ավագ ուղեղը օպտիմիզացված է բոլորովին այլ խնդիրների համար՝ կուտակված գիտելիքների փոխանակում և սոցիալական կապերի հաստատում»,- նշել է հետազոտության համահեղինակ, ճանաչողական և նյարդային համակարգերի դոցենտ Ֆաբիան-Խոսե Ֆերնանդեսը:

Նոր հայեցակարգը նաև հնարավորություն է տալիս հստակորեն սահմանազատել առողջ ծերացումը և Ալցհայմերի հիվանդության զարգացումը: Երկար ժամանակ գիտական միջավայրում գերակշռում էր այն կարծիքը, ըստ որի դեմենցիան տարիքային փոփոխությունների պարզապես արագացված տարբերակն է: Սակայն գիտնականներն ապացուցել են, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում ախտաբանական սպիտակուցները, ինչպիսիք են ամիլոիդը և տաուն, կոպտորեն խախտում են ակտիվության բնական անցումը հիպոկամպից դեպի ճակատային բլթեր: Դեմենցիայից տառապող բուժառուների շրջանում հիպոկամպն, ընդհակառակը, դառնում է անբնականոն գերակտիվ, ինչը քայքայում է դրվագային հիշողությունը:

Աշխատության հեղինակները շեշտում են, որ հակաարդյունավետ է ստիպել ծերացող ուղեղին աշխատել երիտասարդ ռեժիմով՝ կենտրոնանալով փոքր մանրամասների վրա: Փոխարենը, տարեց մարդիկ պետք է հենվեն իրենց ուժեղ կողմերի վրա՝ կենտրոնանալով աշխարհի ընդհանուր պատկերի վրա: Հետազոտողները համոզված են, որ հասարակությունը պետք է խրախուսի միջսերնդային շփումը՝ օգնելով բացահայտել բոլոր տարիքի մարդկանց ներուժը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll